HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արենիի ավագանին արգելեց մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի վարչական տարածքում

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 2019թ․ մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետևյալը․

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի   42-րդ կետի պահանջով և հաշվի առնելով Արենի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

  1. Արենի համայնքը ճանաչել  էկո-տնտեսական տարածք,
  2. Այսուհետ  արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի  շահագործման աշխատանքները»:

Արենի խոշորացված համայնքի մեջ են մտնում Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղերը, որոնց բնակիչները մայիսի 3-ին կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Հանրագիրն ամրագրված էր շուրջ 2900 քաղաքացիների ստորագրություններով, որով նրանք խնդրում և պահանջում էին․

1 Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Արենի համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2 Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Արենի համայնքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հանրագրի ամբողջական բովանդակությունը` այստեղ։

ՀԲՃ-ն հիշեցնում է, որ մինչ այս մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի ևս երեք համայնք՝ 2018թ գարնանը Նոյեմբերյանը, 2018թ աշնանը՝ Ջերմուկը և 2019թապրիլին՝ Գլաձորը։ Այդ համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել էին իրենց ընտրած բնակիչների կամարտահայտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter