Քոչարյանի գործով նիստին հատվածներ հրապարակվեցին Սերժ Սարգսյանի և Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքներից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում հրապարակվեցին հատվածներ Սերժ Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքներից:
Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, 2008-ին Հայաստանի վարչապետն էր, իսկ Արշակ Կարապետյանը Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ ստեղծված զինվորական վարչակազմի հատուկ հանձնարարականների գծով պետի տեղակալը:
Երբ պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին միջնորդեց հրապարակել Արշակ Կարապետյանի ցուցմունքը, գործով դատախազներն առարկեցին՝ պատճառաբանելով, որ այս փուլում ցուցմունքների հրապարակումը նպատակահարմար չէ, որ քրեական գործով վկաները պետք է հարցաքննվեն անջատ, սակայն դատարանն առարկությունը չընդունեց, ինչից հետո գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց նիստի այդ հատվածը հրապարակել դռնփակ: Այս միջնորդությունը ևս մերժվեց, և նիստը շարունակվեց դռնբաց:
Ըստ Քոչարյանի պաշտապանների՝ նրան առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է Արշակ Կարապետյանի ցուցմունքը։
«Իմ հիշելով՝ 2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի և ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների, ուժային կառույցների վարչության առանձին բաժինների պետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Եթե չեմ սխալվում, մինչև ՊՆ ստորաբաժանումների դահլիճ մտնելը, նախագահն առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարության հետ: Ուժային նշված անձնակազմի դուրս գալուց հետո մեր՝ ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը, որքան հիշում եմ, մասնակցում էին այդ ուժային կառույցների միայն ղեկավարները: Քոչարյանի հետ խորհրդակցության սենյակում էր նաև վարչապետ, հաղթող թեկնածու Սերժ Սարգսյանը: Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում. մանրամասնորեն դժվար կարողանամ մտաբերել խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները, սակայն ընդհանուր գծերով կներկայացնեմ»,- Կարապետյանի ցուցմունքից հատված էր մեջբերում Հայկ Ալումյանը, երբ մեղադրող Պետրոսյանն առարկեց ամբողջական ցուցմունքը հրապարակելու դեմ:
Դատարանը ևս պաշտպանին առաջարկեց ամբողջական չհրապարակել ցուցմունքը, ինչին ի պատասխան՝ Ալումյանը նշեց, որ ինքն ամբողջական չի հրապարակում, միայն մեջբերումներ է անում ցուցմունքից:
Շարունակելով խոսքը՝ Ալումյանը հիշեցրեց, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ 2008-ին պաշտպանության փոխնախարար եղած Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ ադամները միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին:
Արշակ Կարապետյանն, ըստ Ալումյանի, պատմել է, որ քննարկումների ժամանակ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ հարց են ուղղել Միքայել Հարությունյանին, թե որտեղ է Մանվել Գրիգորյանը:
«Միքայել Հարությունյանը զինվորականին վայել վարքագծով ոտքի կանգնեց, պատասխանեց, որ տեղյակ չէ: Նրանք նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում»,- Կարապետյանի ցուցմունքից մեկ այլ հատված մեջբերեց Հայկ Ալումյանը:
Դրանից հետո, Քոչարյանն, ըստ Աշոտ Կարապետյանի ցուցմունքի, հայտնել է, թե այդ օրը, ժամը 00:00 հայտարարում է արտակարգ դրություն:
«Դրան, որքանով հիշում եմ, անմիջապես հաջորդեց Սերժ Սարգսյանի առաջարկը, որպեսզի ստեղծվի առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երևան քաղաքի կայազորի պետ: Խորհրդակցության ավարտից հետո սպաների մի հատվածի շրջանում դժգոհություն առաջացավ, թե ինչո՞ւ պետք է ընդգրկվեն Երևանում տեղի ունեցած իրադարձություններին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը՝ չնայած նրան, որ, ինչպես նշեցի, զինված ուժերին արտակարգ դրություն հայտարարել էր 2008 թվականի փետրվարի 23-ին, այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կատարել է»,- գրել է Արշակ Կարապետյանը:
Հայկ Ալումյանի խոսքով՝ Արշակ Կարապետյանի ցուցմունքը հերքվում է Սերժ Սարգսյանի ցուցմունքով:
Վերջինս իր ցուցմունքում նշել է, որ փետրվարի 23-ի խորհրդակցությունից մանրամասներ չի հիշում, քանի որ երկար ժամանակ է անցել:
«Խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը: Ընդհանուր նպատակն է եղել ԶՈՒ ղեկավար կազմին նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարներն այս պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին:
«Այսինքն՝ խորհրդակցության նպատակն է եղել զգուշացնել, որ զինված ուժերի սպաները չներգրավվեն պրոցեսների մեջ»,- ասաց Ալումյանը:
Երեւան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը նորից բարձրաձայնեց այն մասին, որ այն տրամաբանությամբ, որով պաշտպանն է հրապարակում ցուցմունքները, կարելի է հրապարակել գործով շուրջ 800-ից ավելի վկաների ցուցմունքները:
«Մենք մասնակցում ենք մի դատավարության, որտեղ կողմերը և դատարանն ինձ փորձում են ասել, թե ես իմ խոսքը ոնց կառուցեմ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը եւս մեկ անգամ հորդորեց ցուցմունքներից պարզապես մեջբերումներ անել, այլ ոչ թե հրապարակել ամբողջական ցուցմունքները՝ նշելով, որ ինչպես ինքը, այնպես էլ դատավարության մասնակիցները դրանց բովանդակությանը ծանոթ են:
«Այ, եթե դուք իրոք ծանոթ լինեիք վկաների ցուցմունքներին, կիմանայիք, որ ամբողջական ցուցմունքը չեմ հրապարակում, այլ պարզապես մեջբերում եմ անում»,- պատասխանեց Հայկ Ալումյանը:
Ռոբերտ Քոչարյանն էլ հավելեց, որ այդ նյութերը ժամանակին և քննչական մարմինը, և դատախազությունը չեն ներկայացրել, և իրենք ստիպված են այդ բացը լրացնել հիմա:
Ալումյանը կարծիք հայտնեց, որ այն, ինչ ինքը հիմա ասում է, շատ կարևոր է, և դա է պատճառը, որ դատախազությունը չի ցանկանում այս ցուցմունքները հրապարակել:
«Հարմար է, նախաքննության ընթացքում այս ամենը քողարկել նախաքննական գաղտնիքով, դատավարության ընթացքում փորձել դռնփակ անցկացնել այս հատվածը ու նորից քողարկել, իսկ հիմա, երբ արդեն որոշեցիք դռնբաց քննել հարցը, հիմա էլ թույլ չտալ, որ դրանք հրապարակեմ»,- նշեց Ալումյանը:
Պաշտպանը կարևորեց Սարգսյանի ցուցմունքի այն դրվագը, որում նա ասում է, թե խորհրդակցության նպատակն է եղել՝ զգուշացնել ԶՈւ սպայական կազմին՝ չներգրավվել քաղաքական գործընթացների մեջ։
Ըստ Ալումյանի՝ ցուցարարների պարագլուխներն ամեն ինչ արել են, որ բանակի սպաներին ներքաշեն պրոցեսների մեջ ու անցկացնեն իրենց կողմը, և դա պետք էր կանխել:
«Դա առիթ հանդիսացավ, որ Հայաստանի նախագահն իրավացիորեն հանձնարարական տվեց. կա՛մ դիմում են գրում ու դուրս են գալիս զինված ուժերի համակարգից ու շարունակում մնալ ԵԿՄ-ում, կա՛մ դիմում են գրում, դուրս գալիս ԵԿՄ-ից ու շարունակում ծառայել զինված ուժերում»,- իր ցուցմունքում ասել է Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում ասել է նաև, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ:
«Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի. հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, այդ ժամանակ դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»,- Սերժ Սարգսյանի ցուցմունքից հատված մեջբերեց Ալումյանը:
Մեկնաբանել