HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի քաղաքապետարանը լուծել է պայմանագիրը և դադարեցրել ասֆալտապատման աշխատանքները

Էջմիածին քաղաքի փողոցների և շենքերի բակերի ճանապարհային ծածկույթի ասֆալտապատման, փոսային նորոգման աշխատանքները դադարեցվել են, և վարորդները ստիպված են լինելու շրջանցել օրեցօր մեծացող փոսերը:

Ճանապարհաշինական աշխատանքների կատարման նպատակով Էջմիածնի համայնքնապետարանում այս տարվա ապրիլի սկզբին կազմակերպվել է գնման 2 գործընթաց: Մասնակիցների կողմից ներկայացված հայտերի գնահատմամբ, երկու գործընթացով էլ հաղթող մասնակից է ճանաչվել «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ն: Քաղաքապետարանն ապրիլի 12-ին կնքել է քաղաքի փողոցների և շենքերի բակերի ճանապարհային ծածկույթի ասֆալտապատման, փոսային նորոգման կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիր: Կողմերի համաձայնությամբ աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել ապրիլի 15-ից մինչև մայիսի 7-ը:

Երեք օր անց՝ ապրիլի 15-ին կնքվել է նմանատիպ աշխատանքների կատարման համար հաջորդ պայմանագիրը, այս անգամ՝ ապրիլի 17-ից մինչև մայիսի 10-ը ժամկետով:

Ինչպես տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից, առաջին պայմանագրի շրջանակներում քաղաքապետարանն արձանագրել է «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից պայմանագրային պարտավորությունների՝ պայմանագրով նախատեսված ժամկետում աշխատանքների կատարման էական խախտում: Ժամկետի ավարտի դրությամբ չափումները ցույց են տվել, որ կապալային աշխատանքները կատարվել են մասնակի:

Երկրորդ պայմանագրով քաղաքապետարանը նույնպես արձանագրել է, որ ՍՊԸ-ն չի կատարել պայմանագրային պարտավորությունները, ինչի հիմքով Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միակողմանիորեն լուծվել են կնքված երկու պայմանագրերը:

«Ստեղծված պայմաններում, հաղթող ընկերության կողմից աշխատանքներն անբարեխիղճ կատարելու հետևանքով Էջմիածնի քաղաքապետարանը դադարեցրել է վերը նշված պայմանագրերը և նախատեսել է նոր մրցույթի անցկացում՝ նախատեսված աշխատանքների ավարտն ապահովելու նպատակով: Այս ամենի արդյունքում ասֆալտապատման փոսային նորոգման աշխատանքների ձգձգման համար քաղաքապետարանը հայցում է Էջմիածին քաղաքի բնակիչների ներողամտությունը»,-պարզաբանում է քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը դեռևս ամիսներ առաջ է անդրադարձել Էջմիածնի անանցանելի դարձած ճանապարհների հարցին: Այն ժամանակ քաղաքային իշխանությունները պարզաբանեցին, որ քաղաքապետարանի մարտավարությունն է աշխատանքներն անել հետզհետե, քայլ առ քայլ, բայց կապիտալ և որակով, ինչը կծառայի երկար և չի պահանջի նոր ներդրումներ:

Այս ընթացքում փոսալցման որոշ աշխատանքներ կատարվեցին, սակայն հարցը փակված չէ: Վարորդներն ամեն օր ստիպված են շրջանցել որոշ փողոցներով երթևեկելը՝ հսկայական փոսերի մեջ չհայտնվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter