HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Փոխնախարարը հավաստիացնում է՝ առաջին դասարանցիների գրանցման համակարգում առաջացած խնդիրները առանձին կուսումնասիրվեն

Կառավարության այսօրվա նիստին Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրեց առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգի ներդրման աշխատանքի ընթացքը: Փոխնախարարը նշեց, որ այսօր՝ ժամը 10:45 դրությամբ, 9321 երեխա հայտագրվել է:

Երեկ Երևանում մեկնարկել է առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգի աշխատանքը, որը փորձնական է: Նախարարի տեղակալը նշեց, որ այս տարի Երևանում 13 հազար առաջին դասարանցի է դպրոց ընդունվելու, իսկ դպրոցներում տեղերը սահմանված են 14 հազար աշակերտի համար:

Ըստ Անափիոսյանի՝ տեխնիկական խնդիրներ կան 100 երեխայի վերաբերյալ, որոնք առաջացել են համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով: «Երեկ՝ ժամը 9:00-ից մինչև 9:15 ժամանակահատվածում, 217 հազար կլիկ (click-հեղ.) անընդատ միաժամանակ եղել է, և տվյալները չեն գրանցվել: Ծանրաբեռնվածության պատճառով եղել է նաև խնդիր, որ մեկ դպրոցում մեկ մարդը 124 տեղ է զբաղեցրել՝ անընդհատ կլիկ անելով»,- նշեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ երեկ առաջին դասարանցիների ծնողների մի մասը բողոքում էին, որ չեն կարողանում երեխային գրանցել իրենց նախընտրած դպրոցում:

Ըստ նախարարի տեղակալի՝ մինչև ժամը 10-ը կրկնվող գրանցումները վերացվել են: «Որոշ այփիներից (IP-հեղ.) հնարավոր չի եղել գրանցվել, որովհետև մեկ երեխայի համար 30 տարբեր այփիներից փորձել են գրանցվել, և առաջին գրանցված այփիից բացի, մյուս գրանցումները բլոկավորվել են»:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ առաջացած խնդիրները առանձին կուսումնասիրվեն, և յուրաքանչյուրին լուծում կտրվի:

«Եթե նայում ենք տոկոսային հարաբերությամբ, 0.7 % է որ խնդիր է ունեցել, կանխատեսվող առաջին դասարանցիներից 80 %-ն արդեն գրանցվել է»,- հայտնեց Անափիոսյանը՝ հավելելով, որ համակարգը վերջ կդնի խնամի-ծանոթ-բարեկամով առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու կարգին. «Ներդրվեց թափանցիկ և հաշվետու մի համակարգ, որը, կարծում ենք, կփոխի մշակույթ, որով բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար կլինեն: Այսուհետև համակարգը կգործի անխափան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter