HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյան. «Կան մարդիկ, որոնց 15 անգամ պետք է ասես, որ մտնի, բայց չի մտնում»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին տևական ժամանակ ելույթ էր ունենում նրա պաշտպան Արամ Օրբելյանը: Վերջինս, անդրադառնալով Քոչարյանի սոցիալական դիրքը, կապերը հաշվի առնելով նրան կալանքի տակ պահելու հանգամանքին, նշեց, որ այս դատավարությունից հետո հայտնի են դառնալու շատ անձինք, այդ թվում՝ ինքը, գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը: Ըստ Օրբելյանի, ստացվում է, որ իրենցից յուրաքանչյուրը, ով կմեղադրվի ինչ-որ հանցանքի մեջ, պետք է կալանավորվի:

Դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդհատեց Օրբելյանին՝ նշելով, որ Հայկ Ալումյանն իր ելույթում երեկ անդրադարձել է այդ հանգամանքին:

«Հարգելի նախագահող, ստիպված ենք կրկնել, քանի որ տեսնում ենք. կան մարդիկ, որոնց 15 անգամ պետք է ասես, որ մտնի, բայց չի մտնում»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա պաշտպան Արամ Օրբելյանը դատարանին խնդրեց Քոչարյանին անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից:

«Ցանկացած փուլում, երբ պարոն Քոչարյանը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի, կփորձի խոչընդոտել գործի քննությանը, կարող են կալանքի հարցը դարձյալ բարձրացնել: Որևէ մեկը չի արգելում, որ դատաքննության ցանկացած փուլում Քոչարյանի կալանքի հարցը քննարկվի, եթե տեղի ունենա քննությունից խուսափելու կամ քննությանը խոչընդոտելու դեպք»,- ասաց պաշտպանն ու վկայակոչելով Եվոպական դատարանի դիրքորոշումը՝ հայտարարեց, որ կալանավորումը ոչ իրավաչափ և ապօրինի է, եթե անձին կալանավորեն նրա համար, որ, օրինակ, չշփվի ԶԼՄ-ների հետ։

Ըստ Օրբելյանի՝ նախաքննության ընթացքում Քոչարյանի գործով քննիչը դիրքորոշում է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը շփվում է լրագրողների հետ և պետք է կալանավորվի։ Պաշտպանի խոսքով՝ բոլոր հիմքերը, որ դատախազությունը ներկայացնում է Քոչարյանի դեմ, միջազգային պրակտիկայում կիրառում են մեղադրյալի օգտին:

Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, քննում է սահմանադրական կարգի տապալման և կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter