HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՊՆ-ն պետական հողը վաճառել է իրականից 50 մլն դրամով էժան

2015 թվականին ՊՆ-ն Երեւանի Մոլդովական փողոցում իրեն պատկանող նախկին զորամասի կես հեկտար տարածքն օտարել է 38 մլն դրամով, այնինչ դա կարող էր անել մոտ 90 մլն-ով: Սա հարուցված քրեական գործով նշանակված փորձաքննության եզրակացությունն է: Ստացվում է, որ պետությանը պատճառված հավանական վնասը կազմում է ավելի քան 50 մլն դրամ:

«Հետքն» անդրադարձել է ՊՆ-ի եւ հիգիենիկ ու տնտեսական ապրանքների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «ԷսԴիԷմ» ՍՊԸ-ի սեփականատեր Սայադ Սահակյանի միջեւ կնքված գործարքին: 0,5 հեկտար տարածքով հողը, որին տրվել էր խառը կառուցապատման գործառնական նշանակություն, ՊՆ-ն վաճառել էր ընդամենը 38 մլն դրամով կամ 80 հազ. դոլարով, այսինքն՝ 1 քմ-ն արժեցել է 8144 դրամ, ինչն ուղղակի ծիծաղելի գին է Երեւանում նման տիպի հողի համար: Նախարարությունը նաեւ Հողային օրենսգրքով նախատեսված աճուրդ չէր հայտարարել, փոխարենը հողն օտարել էր ուղղակի վաճառքով: Այսօր մասնավորեցված հողամասում գործունեություն է ծավալում «ԷսԴիԷմ» ընկերությունը:

IMG_5573.jpg (126 KB)

«Հետքի» հրապարակումից հետո հարուցվել էր քրեական գործ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով): Նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը:  

Հիշեցնենք, որ հողամասը նախկինում եղել է զորամասի ավտոպարկ, իսկ 2005-ի հուլիսին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն այն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հանձնել է ՊՆ-ին, որը տարածքի փաստացի տնօրինողն էր: Վերջինիս դիմումով կադաստրը 2014-ի հունիսին գրանցել է նախարարության սեփականության իրավունքը հողամասի հանդեպ, որը նաեւ ստացել էր հասցե՝ Մոլդովական 47/7: 2015-ի սեպտեմբերին էլ կրկին ՊՆ-ի դիմումի հիման վրա Երեւանի ավագանին նախ փոխել է հողի նպատակային նշանակությունը՝ հատուկ նշանակություն ունեցողից դարձնելով բնակավայրերի հող, իսկ օրեր անց քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործառնական նշանակությունը սահմանել է խառը կառուցապատման: 2015-ի հոկտեմբերին ՊՆ-ն ուղղակի վաճառքով հողն օտարել է երեւանցի Սայադ Սահակյանին:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ քրգործով նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական եւ դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մոլդովական 47/7-ի հողամասի գործառնական եւ նպատակային նշանակությունների փոփոխությունը (այլ կերպ ասած՝ քաղաքապետի եւ ավագանու գործողությունները- հեղ.), ինչպես նաեւ նշված հողատարածքի օտարման գործընթացը (ՊՆ-ի գործողությունը- հեղ.) իրականացվել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Քրեական գործի առանցքում, ինչպես նշել ենք նախկինում, օտարված հողամասի ցածր գինն է: ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը «Հետքին» հայտնել էր, թե 0,5 հա հողամասը նախարարությունն օտարել է «դրա հետագա օգտագործման անհրաժեշտության բացակության պատճառով»: Նա նաեւ նշել էր, որ օտարումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձեւով, սակայն ոչ թե կադաստրային գնով, այլ շուկայական գնահատման արժեքով:

Ճիշտ է՝ Մոլդովական 47/7-ի կես հա հողամասի կադաստրային արժեքը 2014-2016 թթ. գնահատվել է 1,6 մլն դրամ, ինչը Ս. Սահակյանի կողմից վճարված 38 մլն-ից բազմապատիկ ցածր գին է, բայց հարցն այն է, որ նախ՝ առանց այդ էլ շուկայում ոչ մեկ անշարժ գույք չի վաճառում կադաստրային արժեքով, երկրորդ՝ տարակուսանք է առաջացնում այն, որ հողամասի կադաստրային արժեքը ոչ մի փոփոխության չի ենթարկվել այն բանից հետո, երբ հատուկ նշանակության կատեգորիայից փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա ու գործառնական նշանակությամբ դարձել խառը կառուցապատման հող: Տրամաբանական է, որ կադաստրային արժեքն այս դեպքում պետք է բարձրանար:     

landprice.jpg (85 KB)

Մոլդովական 47/7-ի հողի կադաստրային արժեքի գնահատումը 2014-2016 թթ.
(* իրականում նախկինում հողն ունեցել է ոչ թե հատուկ պահպանվող տարածքների, այլ հատուկ նշանակության հողերի կատեգորիա)

«Վերոնշյալ փորձաքննության եզրակացության համաձայն՝ անշարժ գույքի գործակալության կողմից տրամադրված անշարժ գույքի շուկայական գնահատման հաշվետվությամբ ստացված շուկայական արժեքը չի համապատասխանում տվյալ տարածքում եւ ժամանակահատվածում փաստացի վաճառված եւ վաճառահանված բնակավայրերի նշանակության հողամասերի միջին շուկայական արժեքներին, եւ նշված հասցեի բնակավայրերի նշանակության հողամասի հավանական շուկայական արժեքը վաճառքի օրվա դրությամբ կարող էր կազմել շուրջ 89.500.000 դրամ: Այսինքն՝ պետությանը պատճառված հավանական վնասը կազմում է 51.500.000 դրամ»,- հայտնել են ՔԿ-ից:

Ստացվում է, որ Գառնիկ Հայրապետյանի հիշատակած եւ ՊՆ-ի պատվիրած շուկայական գնահատումը, որի հիմքով էլ վաճառվել է պետական հողը, ՔԿ-ի հավաստմամբ, իրական պատկերը ցույց չի տվել, ինչն էլ վնաս է պատճառել պետությանը:   

Ըստ մեր տեղեկությունների՝ շուկայական գնահատումն արվել է այն ժամանակ, երբ հողի նպատակային եւ գործառնական նշանակությունը դեռ չէր փոխվել, այսինքն՝ այն հատուկ նշանակության հող էր, ինչը, բնականաբար, ավելի էժան է, քան բնակավայրերի հողը: Այնինչ օտարվող անշարժ գույքը պետք է գնահատվեր այն ժամանակ, երբ դարձել էր խառը կառուցապատման հող: «Հետքի» տեղեկություններով՝ ՊՆ-ն գնահատումը պատվիրել է Սուրեն Մելքոնյանի անշարժ գույքի գործակալությանը. Մելքոնյանը նախկին նախարար Սեյրան Օհանյանի փեսայի՝ Ռշտունի Սիմոնյանի մորաքրոջ որդին է:

«ԷսԴիԷմ» ՍՊԸ-ի սեփականատեր Սայադ Սահակյանի նախկին բիզնես գործընկեր Գագիկ Ավետիսյանը, ով քրեական գործում ներգրավված է որպես վկա, ասում է, որ եթե Ս. Մելքոնյանն ու Ռ. Սիմոնյանը բարեկամներ են, ապա վերջինս ու հողը գնած Ս. Սահակյանը հարեւաններ ու գործընկերներ են:

Ավետիսյանը մինչեւ վկայի կարգավիճակը ստանալը ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանին հայտնել է. «Սայադ Սահակյանը չէր կարող ՀՀ ՊՆ ավտոպարկի տարածքը շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով եւ ուղղակի վաճառքով ձեռք բերել: Դա կարող էր լինել միայն այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փեսա Ռշտունի Սիմոնյանի շնորհիվ: Կարելի է ասել, որ ուղղակի վաճառքով եւ նման ցածր արժեքով ՊՆ-ն երբեւէ չի օտարել նման տարածք, այն նույնիսկ ենթակա չէր օտարման: Դա կարող էր լինել միայն համատեղ բիզնես գործունեություն իրականացնելու դեպքում, քանի որ այլ իրավիճակում տարածքը չէր ձեւակերպվի Սայադ Սահակյանի անվամբ: Տարածքի եւ բիզնես գործունեության մեջ չէր կարող նշվել Ռ. Սիմոնյանի բաժինը (համաձայն պետռեգիստրի՝ «ԷսԴիԷմ» ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Սայադ Սահակյանն է- հեղ.), քանի որ բոլորը կհասկանային, որ տարածքը նախարար Ս. Օհանյանի կողմից տրվել է քրոջ ընտանիքին. այն կդիտարկվեր որպես փոխկապակցված անձին տրված: Ռ. Սիմոնյանը պարբերաբար այցելել է տարածք, մշտապես որպես Ս. Սահակյանի գործընկեր նրա հետ եղել է կապի մեջ, թեեւ նրանք ամեն կերպ փորձել եւ փորձում են ցույց տալ, որ Ռշտունի Սիմոնյանը կապ չունի բիզնես գործունեության հետ, իբրեւ թե միայն մտերիմներ են»:   

ՔԿ-ն հայտնում է, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter