Ռոբերտ Քոչարյանը խոսեց իրեն վերագրվող 3 մլն դոլար կաշառքի մասին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խափանման միջոցի գործով դատական նիստին խոսեց իրեն վերագրվող 3 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մասին: Նա նշեց, որ կաշառքի դրվագով իրեն մեղադրանք է առաջադրվել իր գույքը շարունակ կալանքի տակ պահելու համար:
Քոչարյանը հիշեցրեց, որ գույքը կալանքի տակ է դեռևս 2018 թվականի հուլիսից, երբ իրեն միայն սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված: Նա նշեց, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը որպես լրացուցիչ սանկցիա չի նախատեսում գույքի բռնագանձում՝ ի տարբերություն կաշառքի հոդվածի:
Քոչարյան շեշտեց նաև, որ քրեական գործում մեծ թվով վկաներ կան, ուստի դատավարությունը երկար կտևի, հետևաբար ստացվում է, որ այդ ընթացքում իր գույքը կմնա կալանքի տակ:
«Կալանքը հնարավորինս երկարաձգելու համար հորինեցին այս մեղադրանքը, ուրիշ բացատրություն չկա»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ընդգծեց, որ ըստ մեղադրանքի՝ Քոչարյանը կաշառք է վերցրել 2008թ-ի մայիս ամսին, երբ այլևս պաշտոնատար անձ չէր և հարցրեց, թե այդ դեպքում ինչ կաշառք ստանալու մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ դատարանը արդեն չորրորդ օրն է՝ քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:
Մեկնաբանել