HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

2009-ի փոփոխություններից առաջ Ռոբերտ Քոչարյանին կառաջադրվեր նույն հոդվածով մեղադրանք, ինչ Ալիկ Արզումանյանին. Արթուր Դավթյան

«Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեր մինչև 2009 թվականի օրենսդրական փոփոխությունները, ապա կառաջադրվեր այն նույն հոդվածով, որով Ալիկ Արզումանյանին և «Յոթի գործով» մյուս անձանց: Այս մասին այսօր Քոչարյանի գործով դատական նիստից հետո մեր հարցին ի պատասխան՝ ասաց Դավթյանը` մասնավորեցնելով, որ խոսքը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդված մասին է:

«Եթե առաջադրվեր մինչև 2009 թվականի փոփոխությունները ուրեմն ՀՀ ՔՕ 300 հոդվածով՝ իշխանության յուրացում, որը օբյեկտիվ կողմի հատկանիշ ուներ՝ սահմանադրական կարգը տապալելը»,- ասաց Արթուր Դավթյանը:

Նշենք, որ 2008-ի Մարտի 1-ի իրադարձություններից հետո Ալիկ Արզումանյանին, Շանթ Հարությունյանին ու ևս 5 անձանց 2008-ին գործող  Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով մեղադրանք էր առաջադրվել, սակայն 2009-ին օրենքում փոփոխություն է կատարվել, և մեղադրող դատախազները հրաժարվել են Ալիկ Արզումանյանի և մյուսների` այդ հոդվածով մեղադրանքից:

Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները բազմիցս բարձրացրել են այս հարցն ու նշել, որ նույն տրամաբանությամբ մեղադրանք չէր կարող առաջադրվել նաև Ռոբերտ Քոչարյանին:

Ճշտող հարցին՝ այդ դեպքում ի՞նչ էր լինելու ելքը, Դավթյանը պատասխանեց. «Բացարձակ ոչ մի փոփոխություն չէր լինելու, որովհետև այդ ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը սահմանել էր սահմանադրական կարգը տապալելը, հետո նոր ընդունված օրենքն արդեն նոր հանցակազմի ձևով սահմանեց սահմանադրական կարգը տապալելը»:

Երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Քոչարյանը բարձրաձայնել էր այն մասին, որ իր մեղադրանքում առկա է ձևակերպում, իբր իր և Սերժ Սարգսյանի մտերիմ անձինք մասնակցել են 2008-ին հավաքները ճնշելու գործընթացին:

Հարցին՝ ովքե՞ր են այդ մտերիմ մարդիկ, Դավթյանը միայն մեկ անուն տվեց. «Ձեր նկարագրած դրվագին առնչվում է, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը»:

Խոսքը նշենք, Աժ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանի մասին է, ով այժմ գտնվում է հետախուզման մեջ այլ քրեական գործի շրջանակներում:

Դավթյանը նշեց, որ Լևոն Սարգսյանի արարքին դեռեւս իրավական գնահատական չի տրվել, որովհետեւ նրա արարքին համապատասխան գնահատական տալու համար գործողություներ պիտի արվեն:

«Մեր այս մեղադրանքը շարքային դասական պարզ նկարագրությամբ մեղադրանք չէ: Դա վերաբերում է շուրջ մեկ ամսվա իրադարձություններին: Այդ մեկ ամսվա իրադարձություններին տարբեր անձինք տարբեր մասնակցություն են ունեցել, նաև՝ էպիզոդիկ»,- ասաց գլխավոր դատախազը

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter