HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ես ուղղակի շատ կսիրեմ կյանքը». երկարակեցության գաղտնիքն է բացահայտում պատերազմ անցած 94-ամյա Եպրաքսյա Վոսկովսկայան

Գյումրեցի 17-ամյա աղջնակի համար 1941թ-ի ամռանը սկսված պատերազմը Հայաստանից հեռու ինչ-որ տեղ՝ հյուսիսում տեղի ունեցող մի իրադարձություն էր, որ հավանաբար երկար չէր տեւելու եւ որի ավարտը մոտեցնելու համար տանից գնացել էր նաեւ հայրը՝ թողնելով կնոջն ու 5 զավակներին: 94-ամյա Եպրաքսյա Վոսկովսկայա-Գաբրիելյանի համար հեռավոր 1941թ.-ն անհայր անցկացրած օրերն էին ու կռվող զինվորների համար ներքնաշորեր կարելու պատվերները: Եվ դա միայն սկիզբն էր:

«Հայրս գնաց պատերազմ, տան միակ աշխատողը մնաց մայրս, ես արդեն 17 տարեկան էի, քույրերս ու եղբայրներս փոքր էին, դրա համար էլ գնացի Լենինականի կարի գործարանում աշխատելու՝ զինվորների համար «չամաշուր» կկարեինք,- հիշում է տիկին Եպրաքսյան,- մեզի Կարմիր խաչի աշխատողները բուժքույրություն էլ կսորվցնեին, որ կարողանայինք վիրավորներին օգնություն ցույց տալ»:

1942թ-ի դեկտեմբերին 18-ամյա Եպրաքսյան զինկոմիսարիատից բանակ զորակոչվելու թուղթ է ստանում: «Մենք հեչ մեկս էլ կամավոր պատերազմ չենք գնացել,- ասում է տիկին Եպրաքսյան,- մի օր գործարան մարդիկ եկան զինկոմիսարիատից ու հարցրին, թե ովքեր են պատրաստ օգնելու վիրավորներին: Մենք ձեռք բարձրացրինք, բայց չգիտեինք, որ պիտի պատերազմ տանեին: Մի շաբաթ հետո ընձի թուղթ եկավ զինկոմից, որ տանում են ֆրոնտ»:

Հարցնում եմ՝ իսկ մա՞յրդ, մայրդ ո՞նց թողեց, որ գնաս: Տիկին Եպրաքսյան փորձում է շրջանցել հարցը: Տղան, որ ներկա է զրույցին, միջամտում է. «Այ մերս, ըսա օր խորթ մոր ձեռքի տակ ես մեծացել»: Եպրաքսյա տատը ձեռքը թափ է տալիս՝ կարծես ուզենալով սաստել տղային.

«Տունը 5 երեխա էինք, ես մեծն էի, շատ դժվար էր ապրելը, հորս պատերազմ էին տարել, ես էլ գործարան կաշխատեի, օր հացի փող ունենայինք: Ես ընդամենը 18 տարեկան էի»:

Սկզբում գնացքով գնացել են Բաթումի, այնտեղ մնացել են 6 ամիս՝ սովորել, որոշակի հմտություններ ձեռք բերել, որ պետք էր գալու ռազմի դաշտում: Հետո արդեն ձեւավորվել են ջոկատները: Եպրաքսյան հայտնվել է 3-րդ ուկրաինական ջոկատում: Ռազմաճակատ մեկնելուց առաջ ջոկատի հրամանատարն աղջիկներին զգուշացրել է, որ տարբերություն չեն դնելու՝ պատերազմը պատերազմ է ու աղջիկ-տղա չի հարցնում: Եպրաքսյա հայկական անունը փոխարինվում է Վալյայով (այլազգիների համար դժվար է եղել արտաբերել Եպրաքսյա անունը- հեղ.):

«Մենք գնացինք պաշտպանելու Կրասնոդարի, Սեւաստոպոլի երկրամասերը: Ուժեղ կռիվներ եղան Ուսլաբինսկի մոտ: Ես պլանշետիստ էի՝ օդանավերի կոորդինատները կգտնեի, կհայտնեի հրամանատարությանը»:

Տիկին Եպրաքսյան մեծ պատրաստակամությամբ է պատասխանում հարցերին՝ նշելով, որ հիշողությունից չի բողոքում, թեեւ կոնտուզիա է ստացել Ուսլաբինսկի մոտ մղվող մարտերում, սակայն հրաժարվում է մանրամասներ փոխանցել պատերազմի՝ իրեն բաժին հասած այդ 4 տարիներից:

«Ախր ինչ պատմեմ աղջիկ ջան,- մի փոքր նեղվում է զրուցակիցս,- դժվար օրերին էին, ամեն ինչ էլ տեսել ենք` սով էլ, ցուրտ էլ, դիակներ էլ»:

Պատմում է, որ հայրը զոհվել է Կերչում, 1943թ-ին: Մայրը հոր «սեւ» թղթի հետ իրենն էլ է ստացել, այնինչ ինքը ողջ է եղել: 1945թ. մայիսին, երբ ազդարարվել է պատերազմի ավարտը, իրենց գունդը Ռումինիայում է եղել:

«Տղամարդկանց էդ ժամանակ տարան Գերմանիա, իսկ աղջիկներիս՝ զորացրեցին: Մեր ջոկատում երեք հայ աղջիկ կար, մնացածը ռուս էին: Լենինական գնացքով եմ եկել: Զորացրվածներին զինկոմից եկած ավտոներով տուն տարան: Մերս խաբար չէր, որ եկել եմ, ինքը գործի էր, տունը մենակ քույրերս ու եղբայրս էին»:

Պատերազմից վերադարձած 22-ամյա աղջիկը հաջորդ օրն իսկ ընկերուհու՝ Վարդուշի հետ գնում է Լենինականի զինկոմիսարիատ: Կոչումով մայոր կին աշխատակիցն առաջարկում է աշխատանք Լենինականում տեղակայված զորամասերից մեկի խոհանոցում, որպես խոհարարի օգնական:

«Վարդուշը չհամաձայնվավ, ես ասի՝ կաշխատեմ, հերս չկա, տունը 4 անչափահաս երեխա, ո՞վ բդի իրանց պահեր: Մենք երեք քույր էինք, երկու եղբայր, մամաս մենակ չէր կարող մեզ պահել»,- ասում է տիկին Եպրաքսյան ու հոգոց հանում՝ ավելացնելով, որ քույրերն ու եղբայրներից ոչ մեկը չկան, 5-ից միայն ինքն է մնացել:

Աշխատանքի բերումով էլ ծանոթանում է ապագա ամուսնու՝ Վիկտորի հետ: Ասում է՝ սեր չի եղել, տղան զինվորական էր, իրեն տեսել-հավանել է, հետո լուրն ուղարկել են իրեն, ծանոթացել են, համակրել են, ամուսնացել 1948թ-ին, մեկ տարի անց ծնվել է առաջնեկը: Եպրաքսյա Վոսկովսկայան ունի երեք տղա, 6 թոռ եւ 11 ծոռ: Ամուսինը մահացել է 1989թ-ին: Ներկայում ապրում է կրտսեր տղայի՝ Ալիկի ընտանիքի եւ թոռնիկի՝ Ռոմանի ընտանիքի հետ:

Հարցնում եմ՝ բա շերեփը ե՞րբ ես զիջել: Մինչեւ մայրը կպատասխաներ, տղան կատակում է. «Չի զիջել, զոռով են առել ձեռքից»:

«Ես միշտ լավ-լավ ճաշեր եմ պատրաստել,- հպարտանում է 94-ամյա կինը,- դե առաջ ջահել էի, ամեն ինչն էլ անում էի՝ տունն էլ էի մաքրում, շուկա էլ էի գնում: Էս մի տարի է չեմ կարողանում շատ գործ անել, անցած տարի ինսուլտ տարա, հինգ ամիս պառկած եմ եղել աղջիկ ջան»:

Խնդրում եմ բացահայտել կենսունակության, մտքի պայծառության գաղտնիքը:

«Գաղտնի՞ք, գաղտնիք չկա, ես ուղղակի կյանքը շատ կսիրեմ, ուտելիքի նկատմամբ պահանջկոտ չեմ՝ ինչ էլ էղնի կուտեմ, բայց ժամը 18-ից հետո հաց չեմ ուտեմ, մեկ էլ օրվա մեջ մի բաժակ կոֆե կխմեմ պարտադիր, շատ կշարժվիմ, պարապ չեմ նստիմ,- Եպրաքսյա Վոսկովսկայան ժպտում է,- 90-ամյակս ռեստորանում նշեցին, օր ելա, պարեցի, սաղ զարմացած էին մնացել, ռեստորանի աշխատողները գիտեին, թե գըլըլած, ոտից ձեռից ընկած պառավ եմ»:

Տղան հիշեցնում է, որ Կուրսկում էլ վալս է պարել 2018թ-ի սեպտեմբերին, երբ մի քանի վետերանների հետ մեկնել էին հայ համայնքի հրավերով:

«Շորն էլ մինչեւ ծնկի գլխի չափով կարճացնել չտվեց՝ չհագավ,- ծիծաղելով հավելում է հարսը՝ Մարիետան,- այ էդպիսի կոկիկ սկեսուր ունեմ»:

Հրաժեշտից առաջ տիկին Եպրաքսյան հրավիրում է սեպտեմբերի 18-ին մասնակցելու իր 95-ամյակին: Խոստացանք նրան ներկա գտնվել նաեւ 100-րդ տարելիցին եւ բաժակ բարձրացնել հանուն խաղաղության:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter