HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

Արդարադատություն հայկական ձևով

Հայաստանյան հանրությունը 2018թ հուլիսից պերմանենտ լարվածության մեջ է, հիմնականում կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկման և դատավարության հետ։ Այս հոդվածում ինքս ձեռնպահ կմնամ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին իրավական, առավել ևս քաղաքական գնահատական տալուց, այլ միայն կփորձեմ դիտարկել սույն քրեական գործի նկատմամբ հակադիր կողմերի դիրքորոշումները, հակասություններն ու անհետևողականությունը։

Այսպես, ինչ փաստարկներ են բերում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները և հակառակորդները։

1. Ռոբերտ Քոչարյանը Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է, Արցախի ազատամարտի առանցքային մասնակից, ուստի անընդունելի է նրա նկատմամբ քրեական գործ հարուցելն, առավել ևս ազատազրկելը։ Եվ ընդհանրապես պետության՝ թեկուզ նախկին ղեկավարներին ազատազրկելն ընդունված չէ։ Օրինակներ են բերվում, հիմնականում ԱՊՀ երկրների տարբեր ղեկավարների ճակատագրերից Մութալիբով, Էլչիբեյ, Գամսախուրդիա,Սահակաշվիլի, Ակաև, Բակիև, Յանուկովիչ։ Իսկապես, նրանցից ոչ-ոք դատարանի առջև չի կանգնել, հիմնականում, մեղմ ասած, հեռացել են, կամ նրանց փախցրել են: Սակայն, արդյոք միայն ԱՊՀ երկրների՞ն է բնորոշ նախկին ղեկավարներին չդատապարտելու պրակտիկան։ Ի վերջո չդատվեցին նաև կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ մեղադրվող ժողովրդավարական երկրների շատ ղեկավարներ նույնպես Նիքսոն, Քլինթոն, Շիրակ, Սարկոզի, և միայն Բեռլուսկոնին ենթարկվեց  ձևական դատապարտման, սակայն որն էլ այժմ վերադարձել է ակտիվ քաղաքականություն։ Այսինքն՝ նախկին ղեկավարներին դատապարտելու հարցը ոչ միայն իրավական հարթության մեջ է, նաև իրավական երկրներում, այլ նաև քաղաքական ավանդույթների։ Այսինքն՝ իրավական համարվող շատ քաղաքակիրթ երկրներում, երբեմն, բացառիկ դեպքերում քաղաքականությունը, գուցե՝ պետական շահը գերադասվում է արդարադատությունից։ Հավանաբար այս հարցում նշանակություն ունի նաև այսպես կոչված «քաղաքական ակումբների»՝ Եվրոպայի Խորհուրդ, Եվրոպական Միություն, ՆԱՏՕ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, չգրված ավանդույթները, չդատապարտել «ակումբի» թեկուզ նախկին անդամներին, չէ՞ որ նրանք ունեցել են փոխադարձ պաշտոնական, աշխատանքային, տարբեր համաժողովներում հանդիպումներ, ստորագրել համագործակցության պայմանագրեր, ստեղծվել են ինչպես գործընկերային, այնպես էլ երբեմն ջերմ, ընկերական հարաբերություններ։ Եւ հանկարծ պարզվում է․․․ իրենց երեկվա գործընկերը, որին ցուցաբերվել է պաշտոնական ջերմ ընդունելություն, հանցագործ է։ Եւ ի՞նչ երաշխիք, որ նույն պետության նոր ղեկավարը նույնպես ապագայում չի դատապարտվելու։ Ուստի, ինչպե՞ս նրան այսօր ընդունել և վերաբերվել։

Ռոբերտ Քոչարյանի հակառակորդ քաղաքական-հասարակական գործիչների հիմնական փաստարկներն են՝ Քոչարյանը հանցագործ է և պետք է դատվի, անկախ նրանից, թե ինչ պետական բարձր պաշտոններ է զբաղեցրել և ինչ ավանդ է ունեցել Արցախյան ազատամարտում։ Չէ՞ որ դատապարտվել է նաև Արցախի ազատամարտի այլ առանցքային գործիչներից Սամվել Բաբայանը նույնպես։ Եվ որպես օրինակ են բերում բազմաթիվ այլ երկրների օրինակներ Հարավային Կորեա, Իսրայել, Բրազիլիա, Պերու, Եգիպտոս և այլն։ Փաստարկներից է նաև առաջին հայացքից համոզիչ թվացող դրույթը որ հաջորդ ղեկավարների համար դաս լինի։ Սակայն նույն Բրազիլիայում, Եգիպտոսում որևէ ղեկավարի դատապարտումը դաս չեղավ հաջորդների համար, նրանցից ոմանք նույնպես դատապարտվեցին։ Էլի ավանդույթի հարց է։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների՝

2. Ռոբերտ Քոչարյանը 2008 թ․ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար մեղավոր չէ, այն հրահրել է ընդդիմությունը։ Նա կատարել է իր սահմանադրական լիազորությունները և զերծ է պահել երկիրը քաղաքացիական պատերազմից։

ըստ հակառակորդների՝

Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է։ Նա մեղսագործ է ինչպես 1998թ, ընտրությունների կեղծիքների, 1999թ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի, «Պոպլավոկում» Պողոս Պողոսյանի սպանության և ամենակարևորը՝ 2008թ մարտի 1-ին «խաղաղ» ցուցարարներին գնդակահարելու հրաման տալու, ապօրինի հարստանալու համար։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ հակառակորդները սույն գործի շրջանակներից դուրս չգային։ Ինչևէ․․․

Այս բոլոր մեղադրանքները հնչեցնողների մեծամասնությունը 1998թ ոչ միայն աջակցել է «Տրիումվիրատին» (Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան), պալատական հեղաշրջում իրականացնելուն, այլև ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել 1998թ արտահերթ նախագահական ընտրություններին ՝ աջակցելով նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին, լինելով նրա ընտրական շտաբի անդամներ, քարոզիչներ՝ աչք փակելով, կամ «արդարացնելով» ընտրակեղծիքները։ Հետո ելնելով ստեղծված քաղաքական իրավիճակից կամ չստանալով ակնկալվող պաշտոնը՝ հանկարծ «հիշում են» ընտրակեղծիքները և դառնում հակաքոչարյանական, իհարկե, «մոռանալով» նաև մինչ այդ 95-96թթ ընտրակեղծիքների մասին։ Նույնը վերաբերում է 1999թ հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական զարգացումներին։ Չունենալով որևէ փաստ Ռոբերտ Քոչարյանի մեղսակցության վերաբերյալ, ելնելով զուտ սեփական քաղաքական շահերից, դատավորի կեցվածք ընդունելով՝ Քոչարյանին «դատապարտեցին» հոկտեմբերի 27-ի համար։ Հիշու՞մ եք, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող գործիչները պաշտոն ստանալուց հետո, դարձան «պետականամետ», իսկ չստացողները․․․

Ինչ վերաբերում է «Պոպլավոկի» դեպքին, այն որևէ արդարացում չունի։ Բայց․․․ «Պոպլավոկի» դեպքի դեմ «պայքարողները», չգիտես ինչու, «մոռանում» են 90-ական թվականների պատվիրված սպանությունների մասին։ Եվ եթե «Պոպլավոկի» դեպքում, ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանն իր թիկնապահին հրահանգ է տվել (քիչ հավանական է թիկնապահի ինքնագործունեությունը) «կարգի հրավիրել», և ոչ թե սպանել Պողոս Պողոսյանին, որն էլ չափն անցել է, ապա 90-ականներին, ապացուցված է, որ հստակ հրահանգ է տրվել սպանել Ղանդիլյանին, Սուքիասյանին և մյուսներին։ Երկու դեպքում էլ գործել է 90-ականների՝ յուրայիններն անձեռնմխելի են սկզբունքը, որի հիմնական պատճառն էլ 1995թ պարտադրված ՀՀ Սահմանադրությունն է, որով թաղվեց դատական համակարգը՝ դառնալով նախագահին կից կառույց։ Բայց հայաստանյան «սկզբունքային» գործիչները սևեռվել են միայն «Պոպլավոկի» վրա։

Եվ վերջապես, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է կոնկրետ 2008թ մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետ կապված իրադարձություններին, և, կարծում եմ, քննարկումները պետք է ընթանան միմիայն այս մեղադրանքի շրջանակներում։

Քաղաքական գործիչների հնչեցրած «Քոչարյանն անմեղ է» կամ «Քոչարյանը հանցագործ է» կարգախոսները դնենք մի կողմ։ Նրանց մեծամասնությունը վաղն իսկ, ըստ սեփական, անձնական շահերի, սահուն կերպով հակառակ կարգախոսը կընդունի։ Կուզենայի անդրադառնալ հանրության ընկալումներին, առավել ևս քաղաքացիական ակտիվիստների դիրքորոշումներին։ Ի վերջո, ի տարբերություն հասարակության, որը, որպես կանոն, պարզունակ քարոզչության ազդեցության տակ է, քաղաքացիական գործիչները հանրության առավել առաջադեմ դեմքերը պետք է լինեն և հաճախ շարժվեն հոսանքին հակառակ։ Այս օրերին դատարանի առջև ընթանում են հակընդդեմ հավաքներ Ռ Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների կողմից։ Իհարկե, իրավական երկրներում անընդունելի է դատարանի վրա ոչ միայն գործադիր իշխանության, նաև հասարակության ճնշումները։ Սակայն Հայաստանում դատարանների նկատմամբ անվստահության պայմաններում, որպես հակակշիռ գործադիրի, միշտ էլ փորձեր են արվել ազդել դատական որոշումների վրա։ Դատարանի շուրջ հավաքված երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են «կազմակերպված», «ուղղորդված», «կաշառված» լինելու մեջ։ Մի կողմ դնենք Քոչարյանի կողմնակից ցուցարարներին, որոնց հավաքն, իհարկե, կազմակերպված է Քոչարյանի հարազատների և կողմնակիցների կողմից։ Բայց, արդյոք այլ ուժերի կողմից նույնպես կազմակերպվա՞ծ չեն հակընդդեմ հավաքները, որոնց մեջ հայտնվում են նաև «չեզոք», «անկախ» վերլուծաբան գործիչներ։ Եվ ինձ համար, մեղմ ասած, ամենաանընդունելին սույն գործիչների բառապաշարն ու պարզած կարգախոսներն են «Ռոբ մարդասպան, հոկտեմբերի 27, մարտի 1», «Ցմահ» և այլն։ Եվ ամենասարսափելին՝ այս ցուցանակները տալիս են երեխաների ձեռքը, թունավորելով մանուկ հոգիները։ Իսկ թե՛ հավաքների ելույթներում, թե՛ սոցիալական ցանցերում ինչպիսի հայհոյանքներով և լուտանքներով են «հերոսանում» սույն բարեկիրթ, վերլուծական խորը ձիրք ունեցող, անկախ գործիչները անհարմար է նույնիսկ մեջբերել։ Երեկ լսում էի երկու իրավապաշտպանների զրույցը։ Երկուսն էլ, հեգնական ժպիտները դեմքերին, Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էին աշխարհի բոլոր մեղքերի մեջ և պահանջում դատարանից նրան խստորեն դատապարտել։ Վերջերս զրուցում էի Հայաստանում ճանաչված ազատական քաղաքական-հասարակական գործիչի հետ։ Համարյա բառացի մեջբերեմ նրա խոսքերը

«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե Քոչարյանի նկատմամբ հարուցված մեղադրանքը հիմնավոր է, թե՞ ոչ։ Նա հանցագործ է և պետք է նստի»։

Դժբախտաբար այս մտածողությունն է գերիշխում հայկական քաղաքացիական անձանցից շատերի ուղեղներում։ Համոզված եմ, որ սույն գործիչներից ոմանք ուղղակի քարոզչության ազդեցության տակ են, ոմանք, թերևս իրավիճակը գիտակցելով, տուրք են տալիս ամբոխային մտածողությանը՝ դառնալով նրա հերոսներից, և վերջապես, ոմանք ներքին հույս են փայփայում, որ աչքի ընկնելով՝ գուցե իրենց վերևներում նկատեն և մի պաշտոն առաջարկեն։ Եւ այս գործիչները տարբեր հարթակներում կուրծք են ծեծում ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու համար։ Չեմ հավատում։

Իսկ ի՞նչ պետք է պահանջեն, իրապես անկախ, գիտակից քաղաքացիական գործիչները

  • Եթե այսինչ անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, անկախ նրա նախկին կամ ներկա զբաղեցրած պաշտոնից, անկախ նրա՝ պետությանը մատուցած ծառայությունից, անկախ տարբեր պետությունների ղեկավարների, միջազգային «քաղաքական ակումբների» վերաբերմունքից, պահանջում ենք ոչ ընտրովի արդարադատություն, և միայն արդար դատավարություն։ Մենք հետևելու ենք դատական գործընթացին՝ ելնելով արդար դատավարության սկզբունքներից, վերլուծելու ենք կողմերի փաստարկներն ու ըստ այդմ՝ հետևություն անելու և իրավաքաղաքական գնահատական տալու դատավարությանը։

ՀԳ Վերափոխելով Անգլիայի վարչապետ Հենրի Թեմփլ Պալմերոնի (1855-1865թթ.) հայտնի խոսքերը՝ «Մենք չունենք հավերժական դաշնակիցներ և հավերժական թշնամիներ, հավերժական և հաստատուն են մեր պետական շահերը», հայկական իրականություն՝ կունենանք «Մենք չունենք հավերժական դաշնակիցներ և թշնամիներ, հավերժական և հաստատուն են միայն մեր անձնական շահերը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter