HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առողջապահության նախարարությունը հրապարակել է ծխելը հանրային տարածքներում արգելելու նախագիծը

Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել հանրային փակ տարածքներում ծխելն արգելող նախագիծը:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը հրապարակվել է E-draft.am կայքում:

Նախագծի շրջանակներում փոփոխություններ են նախատեսվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, ըստ որի՝ ընդլայնվում են համայնքի ղեկավարի լիազորությունները, և համայնքի ղեկավարը պետք է աջակցի նաև առողջ ապրելակերպի քարոզչության և ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման հարցում: Փոփոխություններ են առաջարկվում նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Գովազդի մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:

Եւ այսպես, օրենքի նախագծում «փակ տարածք» հասկացությունը սահմանվում է հետևյալ կերպ.

«Ցանկացած նյութից պատրաստված ծածկ կամ տանիք ունեցող, շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց, որն ամբողջովին փակ է, բացառությամբ պատուհանների և դռան համար նախատեսված բացվածքների:

Կիսափակ տարածք` ցանկացած նյութից պատրաստված,  երկու և ավելի անշարժ պատերով, տանիքի առկայությամբ ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց:

Հանրային տարածք` հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր, անկախ դրա սեփականության ձևից կամ դրան հասանելիությունից»:

Ըստ նախագծի՝ առաջարկվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, օգտագործումն արգելել հետևյալ փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում`

բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում և  դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա,

նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքների  մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա,

մանկապատանեկան մարզական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա,

համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակների տարածքներում,

պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ,

պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքներում,

այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,

հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),

աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,

առևտրային կենտրոններում:

Ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ`

ա. օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:

բ. հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների, որտեղ թույլատրվում է ունենալ   օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:

Զորամասերում և զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքների:

Տրանսպորտում՝

ա. հասարակական` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ  օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.

բ. մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ:

գ. հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ։

Ձերբակալվածների, կալանավորվածների, դատարապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված միջոցառումները իրականացվում են՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանված կարգին համապատասխան:

Զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:

Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասում նշված հաստատություններում, մարմիններում, վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է  տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:

Նշվում է նաև, որ ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների),ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձևերը արգելվում են:

Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կա դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացումը:

Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բոքսերի, բլոկների, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

Կառավարության լիազորություններն են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի առնվազն հնգամյա կտրվածքով ռազմավարության հաստատումը, որում սահմանվում են նաև ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման հնգամյա ռազմավարական նպատակները և պետական կառավարման համակարգի մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրականացվելիք միջոցառումների, այդ թվում միջգերատեսչական ձևաչափով իրականացվելիք միջոցառումների նկարագրերը, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատուները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Սույն օրենքով նախատեսված նորմերը խախտող  իրավաբանական և ֆիզիկական անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված մարմինների կողմից՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում: 

Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ծխելու դեմ պայքարում հաջողված փորձ ունեցող առաջադեմ երկրների, ինչպիսին են՝ Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ինպես նաև Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի, մեր հարևան երկրներից Վրաստանի փորձը:

Նշվում է նաև, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված ՈՎՀ-ի (ոչ վարակիչ հիվանդություն) զարգացումը պայմանավորված  է դրանց օգտագործմամբ:

Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում մահացության բուրգում ԱՇՀՀ (արյան շրջանառության համակարգի հիվանդությունները) զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են ՉՆ-երը (չարորակ նորագոյացություն)` 20.6%, ՇԴ-ը (շաքարային դիաբետ)` 4.8%, վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառները` 4.7%, ԹՔՕՀ-երը (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն)` 3.6%:

Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային հարթակն է, և վերը նշված նախագիծը դեռ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ուղարկվի խորհրդարան:

Մեկնաբանություններ (4)

Patel Narayan
I am very very Happy for yourself to join Armenia Gavarnment a ban on smoking Thanks very much
ani
Congratulations Mr. Min.H. A. Torosyan !! Armenia is going ahead , socially, in health care and educationaly. Good example for youth and children. And saving money in families, I hope.
Nina
The best news I have heard whilst here in Armenia this time . Congratulations to the minister And I hope the bill is passed
Yasha
The next step is to changing public image of smoking to developing a reading culture in Armenia ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter