
Դատարանը բավարարեց Վաչագան Ղազարյանի հայցը նրա և կնոջ հայտարարագրերը ոչնչացնելու վերաբերյալ
Վարչական դատարանը բավարարեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ Այսպիսով, ըստ դատարանի վճռի, Ղազարյանի և կնոջ 2017 թվականի տարեկան և 2018-ի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրերը կոչնչացվեն: Դատարանը վճռեց նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հօգուտ Վաչագան Ղազարյանի բռնագանձել 4000 դրամ գումար՝ որպես դատական ծախս:
Ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ մեղադրվող Ղազարյանը, հիշեցնենք, վարչական դատարան էր դիմել 2018-ի սեպտեմբերին, պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու և դրանք հրապարակելու հանձնաժողովի գործողությունները, «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել:
Ղազարյանը վարչական հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար նրան մեղադրանք է առաջադրվել:
Մեկնաբանել