
Դատարանը մերժեց 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, քիչ առաջ մերժեց 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը:
Այս մասին որոշման հրապարակումից հետո ասաց Թավադյանի պաշտպան Նարեկ Ալոյանը:
Հիշեցնենք, որ Թավադյանը մեղադրվում է խուլիգանության մեջ՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով մայիսի 13-ի դատական նիստի ընթացքում Թավադյանը շշով հարվածել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց: Նրա մոտ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառներ էին: Նրա հետ վիճաբանության մեջ մտած անձինք վերցրել էին նաև նրա պաստառը, քաշքշել նրան:
Մեկնաբանել