HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խոշոր հարկատուների ուշագրավ փոփոխություններն առաջին եռամսյակում

Այս հրապարակումից օրեր անց ՊԵԿ-ը վերահրապարակել է խոշոր հարկատուների ցանկը։ Նոր ցանկի առաջին տասնյակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում տեղ գտած ընկերությունների մի մասը անկհայտ «թռիչք են կատարել»՝ ավելացնելով հարկերն ու բարձրանալով առաջատար հորիզոնականներ։ Մի մասն էլ՝ նվազեցրել են հարկերն ու իջել ավելի ցածր հորիզոնականներ կամ դուրս մնացել խոշորների ցանկից։ Հոդվածում առանձնացրել ենք 10 խոշորագույն հարկատուներին, ինչպես նաև՝ մի քանի ընկերությունների, որոնց գրանցած տեղաշարժերն ուշագրավ են։

Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության 1000 ամենախոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 212.2 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ խոշոր հարկատուների հարկերն աճել են 33.7 մլրդ դրամով կամ 18.9%-ով։

Հարկերի գերակշիռ մասը հավաքագրել են հարկային մարմինները՝ 169.7 մլրդ դրամ։ Իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերի ծավալը կազմել է 42.5 մլրդ դրամ։

Հանրապետության խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 13.67 լրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Գազպրոմ Արմենիա»-ի հարկերը նվազել են 326 մլն դրամով կամ 2.3%-ով։

Երկրորդ խոշորագույն հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն է՝ 12.8 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն աճել են մոտ 4.8 մլրդ դրամով կամ 59%-ով։ Հիշեցնենք, որ 2018 թվականի տարեկան տվյալներով (հունվար-դեկտեմբեր) «Գրանդ Տոբակոն» խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է առաջին տեղը։

Ցանկում նշված երկու ընկերություններին հաջորդող ընկերությունների վճարած հարկերի ծավալները զգալիորեն փոքր են։

Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության երրորդ խոշոր հարկատուն  «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ 4.6 մլրդ դրամի հարկերով։ Ընկերությունը հարկերն ավելացրել է 2 մլրդ դրամով կամ 77.4%-ով։

Չորրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»  ընկերությունն է։ Հարկերի ծավալը կազմել է 3.9 մլրդ դրամ՝ աճելով մոտ 1.9 մլրդ դրամով կամ 91.4%-ով։

Հնգյակը եզրափակում է բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 3.8 մլրդ դրամով։ Ընկերության հարկերի ծավալը նվազել է մոտ 10 մլն դրամով կամ 0.2%-ով։

Հաջորդում է բենզինի առևտրով զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ֆլեշը», որն այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 3.6 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացնելով 1.1 մլրդ դրամով կամ 44.8%-ով։

Յոթերերոդ տեղում է հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը։ Հարկերի ծավալը կազմել է մոտ 3.6 մլրդ դրամ։ Աճը՝ մոտ 1.1 մլրդ դրամ կամ 43.2%:

Հաջորդում է  «Հայկական ատոմային էլեկտրակայանը»՝ 2.9 մլրդ դրամով։ Ընկերության հարկերի ծավալն ավելացել է 1.2 մլրդ դրամով կամ 70.8%-ով։

Անկհայտ է իններորդ խոշորագույն հարկատուի   թռիչքն այս ցանկում։ Խոսքը «Մաքս պետրոլ» ընկերության մասին է, որն այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել մոտ 2.6 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընդամենը 292 մլն դրամի դիմաց։ Այդպիսով, «Մաքս պետրոլ»-ի հարկերն աճել են մոտ 9 անգամ։ Այս ընկերությունը ևս զբաղվում է բենզինի առևտրով՝ ներկրմամբ ու մեծածախ վաճառքով։

Եվ տասներորդ տեղում հանքարդյունաբերության ոլորտում գործող «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ընկերությունն է, որը ևս հարկերի զգալի աճ է գրանցել։ Այս տարվա առաջին եռամսյակում այն վճարել 2.3 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացնելով 2.7 անգամ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» դուրս է մնացել առաջատարների ցանկից

Այս անգամ խոշորագույն հարկատուների ցանկից դուրս է մնացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը նախորդ տարի առաջատար հորիզոնականներում էր։ Մասնավորապես, նախորդ տարվա առաջին եռամսյակում 4.1 մլրդ դրամի հարկերով դարձել էր հանրապետության երրորդ խոշոր հարկատուն։ Վերջին տարիներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» մշտապես եղել է խոշոր հարկատու։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» անունը չգտանք։ Մեզ առայժմ չի հաջողվել հարկերի վերաբերյալ մենաբանություն ստանալ ընկերությունից։

Նախորդ տարի առաջատարների ցանկում էր նաև նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս հոլդինգ» ընկերությունը, որն, ինչպես հայտնի է, զբաղվում էր տարատեսակ գործունեությամբ՝ սուպերմարկետների ցանցի կառավարմամբ, ամենատարբեր ապրանքների ներմուծմամբ, փաթեթավորմամբ ո, արտադրությամբ և այլն։ Նախորդ տարվա կեսերից այդ ընկերությունը «տրհովել է» մի քանի ընկերությունների։ Դրանց թվում են «Սիթի» և «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունները։ «Սիթին» 19-րդ հորիզոնականում է այս տարվա առաջին եռամսյակում՝ 1.3 մլրդ դրամի հարկերով։ Գրեթե նույնքան հարկ է վճարել նաև 20-րդ հորիզոնականը զբաղեցրած «Ալեքս էնդ հոլդինգը»։

Նախորդ տարվա առաջին եռամսյակի տասնյակում էր նաև «Յուքոմ» ընկերությունը։ Այս տարի այն 11-րդ տեղում է՝ մոտ 2 մլրդ դրամի հարկերով։

Ընդհանուր առմամբ, խոշոր հարկատուների ցանկում ուշագրավ փոփոխությունները բազմաթիվ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter