
Ուրանի հանքերի ռուսական «հետաքրքիր» հեռանկարները
Բնապահպանական ՀԿ-ների շրջանում բողոքի նոր ալիք է բարձրացրել Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործման հեռանկարը, որի մասին Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել էր ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
Լրագրողների հետ հանդիպմանը Ս. Կիրիենկոն խոսել էր ՀՀ-ում ուրանի և այլ հազվագյուտ մետաղների որոնման աշխատանքների և հանքօգտագործման «հետաքրքիր» հեռանկարների մասին:
Հիշեցնենք, որ ուրանի որոնողահետախուզական աշխատանքներն իրականացնում է 2008թ. ստեղծված Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը:
Չնայած Կիրիենկոն իր խոսքում նշել էր, որ ոչ բոլոր հայտնաբերված հանքերն են ծառայելու արդյունաբերական նպատակին, և հաշվի է առնվելու հանրության, հատկապես՝ տեղի բնակչության կարծիքը, նրա ելույթը մտահոգեց հասարակության տարբեր շերտերին:
Ուրանի հանքերի դեմ պայքարին միացած կազմակերպությունների և հանրության անունից մամուլում հաղորդագրություն է տարածել «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը, որում մասնավորապես ասված է.
«Եթե պարոն Կիրիենկոն կարծիք է հայտնում, որ անպայման հաշվի կառնվի հայկական կողմի դիրքորոշումը ուրանի հանքերի հնարավոր շահագործման վերաբերյալ, մենք 2010թ-ին ստորագրահավաքի միջոցով հայտնել ենք հայկական կողմի դիրքորոշումը, մնում է ՀՀ իշխանությունները մարտահրավեր չնետեն հանրությանը և ՀԿ-ներին: Հակաուրանյան շարժումը նախաձեռնողները կազմակերպել են ստորագրահավաք, որին մասնակցել է 13.850 քաղաքացի, որոնց դիրքորոշումը հստակ պատկերացնելու նպատակով հնարավորություն էր տրվել նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել «կողմ», «դեմ», «ձեռնպահ» պատասխաններով: Ստորագրահավաքին մասնակիցների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը:Անիմաստ են նաև այն խոսակցությունները, որ ստորագրահավաքը կազմակերպվել է միայն բացասական դիրքորոշում ունեցող քաղաքացիների շրջանում, քանի որ ստորագրահավաքին աջակցել է մոտ 200 կամավոր, և կամավորները նախապես չէին կարող իմանալ քաղաքացիների դիրքորոշումը:
Ես համաձայն չեմ պարոն Կիրիենկոյի այն կարծիքին, որ ՀՀ իշխանությունները պատշաճ երկխոսություն են վարում տարածաշրջանի բնակչության հետ, և այս արտահայտությամբ նա փորձում է մեղմել իշխանությունների և հանրության միջև ծագած հակասությունը խնդրի վերաբերյալ, այնինչ` հանրության դիրքորոշումը հստակ է և անփոփոխ:
Պարոն Կիրիենկոն փորձում է առանց ՀՀ իշխանությունների վստահության կորստի, քաղաքակիրթ ձևով ակնարկել, որ, իհարկե, կան հանրության և իշխանության միջև տարաձայնություններ, բայց դա լուծելի է, որը ավելի շատ ՀՀ իշխանությունների ներքին խնդիրն է:
Առիթից օգտվելով` ևս մեկ անգամ հիմնավորենք մեր դիրքորոշումը: Մենք դեմ ենք ուրանի որոնողական աշխատանքներին, քանի որ չենք վստահում, որ այն կլինի անվտանգ շրջակա միջավարի և մարդու առողջության վրա: Ասեմ ավելին` ՀՀ իշխանությունները չեն կարող դիմակայել ազդեցիկ պետությունների էներգետիկ ոլորտի զարգացման հավակնություններին և մերժել ուրանի հանքերի շահագործման առաջարկները:
Մենք չենք կարծում, որ ՌԴ-ն մտադիր է հետ կանգնել պետական շահերից հանուն Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության խնդիրների և բնակչության առողջության, ուստի պարոն Կիրիենկոյի արձագանքը մեր մտահոգություններին ձևական բնույթ է կրում»:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել