
«Չեմ կարծում, որ դատավորը պետք է պատուհանով ներս մտնի». Դավիթ Սանասարյանը Նոր Նորքի դատարանի դիմաց է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիները դատարանի ծառայողական և ընդհանուր մուտքերը փակել են մեքենաներով:
Դատարանի դիմաց են Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Բարձրախոսը քաղաքացիական ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի ձեռքին է, որը, հիշեցնենք, աչքի է ընկել Վերաքննիչ քրեական դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ: Աբրահամյամը հայտարարում է, որ դատարանների մուտքերը փակելու իրենց բողոքի գործողություններով հիմք են դնում նոր դատական համակարգի ձևավորմանը:
Մեզ հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քաղաքացին եկել է իշխանության, բայց իշխանության կարևոր ճյուղերից մեկը՝ դատական իշխանությունը, շարունակում է մնալ հին համակարգի տրամաբանության մեջ:
«Հեղափոխության նոր ալիքի միջոցով է, որ պետք է փոփոխության ենթարկվի դատական համակարգը»,- ասաց Սանասարյանը:
Մեր հարցին՝ Սանասարյանը նորմա՞լ է համարում, որ երկրի վարչապետը ժողովրդի միջոցով փորձում է ճնշել իշխանության ճյուղերից մեկին, նա պատասխանեց, որ այս իշխանությունը չի ձևավորվել նոր Հայաստանում:
Այսօր առավոտյան Շենգավիթի դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները քաշքշել են դատավոր Դավիթ Բալայանին, վերջինս սայթաքել ու ընկել է գետնին: Նա երեկ անթույլատրելի էր գնահատել դատարանների մուտքերը փակելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի կոչը, եւ այսօր փորձել է դատարան մուտք գործել պատուհանից: Դրանից հետո քաղաքացիները նրան քաշքշել են ու թույլ չեն տվել:
Մեր հարցին՝ ինչպե՞ս է Դավիթ Սանասարյանը գնահատում քաղաքացիների նման պահվածքը, վերջինս պատասխանեց. «Չեմ կարծում, որ դատավորը պետք է պատուհանով ներս մտնի»: Ապա հավելեց, որ ակցիայի խաղաղ բնույթը պետք է պահպանվի:
Մեզ հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ ինքը դատարանի դիմաց է՝ հնարավոր սադրանքներից քաղաքացիներին զերծ պահելու համար: ԱԺ պատգամավորը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մեջ դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու փորձ չի տեսնում:
Մեկնաբանել