HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբան Հրանտ Անանյանը Դավիթ Բալայանին պատահած միջադեպից հետո հանցագործության մասին հաղորդում է տվել որպես ֆիզիկական անձ

Փաստաբան Հրանտ Անանյանն այսօր առավոտյան դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Անանյանը, սակայն, հաղորդումը չի ներկայացրել Դավիթ Բալայանի խնդրանքով՝ որպես նրա փաստաբան, այլ դատախազին դիմել է որպես ֆիզիկական անձ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները դատավոր Դավիթ Բալայանին թույլ չեն տվել մուտք գործել դատարանի շենք: Դատավորը դեռ երեկ դատապարտել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դատարանի ելքերն ու մուտքերը արգելափակելու վերաբերյալ ու հայտնել, որ գնալու է աշխատանքի և ամեն գնով փորձելու է մուտք գործել շենք:

Տեսնելով, որ դատարանի մուտքերով շենք մտնել հնարավոր չէ, Բալայանը փորձել է ներս մտնել շենքի պատուհաններից մեկով, սակայն քաղաքացիները դա թույլ չեն տվել, նրան քաշելով իջեցրել են ներքև, ապա Բալայանի ոտքը սայթաքել է, ու վերջինս ընկել է:

Մեզ հետ զրույցում Հրանտ Անանյանը նշեց, որ Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած դեպքն առերևույթ պարունակում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմ: Այս հոդվածը սահմանում է «իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ», պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հաղորդման մեջ Անանյանը հիշատակել է նաև Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասը, որը սահմանում է «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով», պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

Նշենք, որ քիչ առաջ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ գլխավոր դատախազը հանձնարարել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով հաղորդումը ևս կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն:

 

Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Բալայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter