HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարտոֆիլագործության մեջ Վարդենիսն անցել է Մարտունուն»,- ասում է Սոթքի ֆերմերը

Պավելը տրակտորին կցված փխրեցնող սարքին երկաթյա կտորն է զոդում, որ շարունակի իր գործը: Դաշտում կարտոֆիլի ցանքսն է ընթանում, իսկ տրակտորին կցված սարքը կոտրվել է: Բայց Պավելը զոդող չէ, ուղղակի վարպետացել է նման գործերում և հմտորեն կարողանում է կոտրված մասնիկը կպցնել մայր գործիքին:

Փոքր-ինչ հեռվում զուգահեռաբար աշխատում է կարտոֆիլը հողին «հանձնող» տրակտորը՝ ցանիչը, կամ տեղացիների ասած՝ «սաժալկա»-ն: Հոլանդական «Ֆաբուլա» տեսակի կարտոֆիլը «տեղավորվում» է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարելահողում: Այս օրերին Վարդենիսի շրջանի գյուղերում եռուզեռ է, արտերում կարտոֆիլ են ցանում:

«Տամարիս», «Ֆլորենսիա», «էստրելիա», «Ֆաբուլա», «Լյուսինդա», «Ջելի», «Լաուրա», «Օքսաննա», «Մարֆոնա», «Մոնա Լիզա», «Գրանուլա», հիմնականում կանացի անուններով անվանված կարտոֆիլի սերմերի ցանկն է հայտնի Վարդենիսի տարածաշրջանում, և սրանց մեծ մասը ցանում են Սոթք գյուղում:

35-ամյա Պավել Շահսուվարյանը գյուղատնտեսությամբ զբաղվող և հիմնականում կարտոֆիլ մշակող ընտանիքի ներկայացուցիչներից է Վարդենիսի տարածաշրջանում: Այս տարի Պավելը 70 հա կարտոֆիլ է ցանելու, սակայն չգիտի՝ ինչ է հանելու: Ամեն ինչ կախված է եղանակից: Եթե երաշտ չլինի, շահույթ կստանա, եթե երաշտ լինի կամ կարկուտ գա, կրկին «մինուսով» են տարին փակելու, ինչպես դա պատահել է նախորդ երկու տարիներին:

Պավելը ծնվել է Ադրբեջանի Զուռնաբադ գյուղում: 1989թ.-ին տեղափոխվել են Սոթք, բայց նախկինում քիչ քանակությամբ են կարտոֆիլ մշակել: 3000 մետրից հետզհետե կարտոֆիլի արտերը հասցրել են 70 հա-ի:

«Կարտոֆիլի մշակությունը եկամտաբեր է, բայց կարող ես լավ էլ հավեսով տակը տալ»,- ասում է Պավելը:- Մեր ռայոնում հիմնականում հողեր ունենք, բայց ջուր չունենք, ջրի պակասություն կա, հլը որ պետությունն էլ ոչ մի բանով չի կարողացել օգնել ջրի հարցով: Անցյալ տարի երաշտի պատճառով մինուսով ենք դուրս եկել, չենք կարողացել ջրել»,- ասում է Պավելը:

Պավելը պատմում է, որ կարտոֆիլի մշակության չարչարանքը շատ է, ցանելուց սկսում ես և խորը աշնանը, հողից հանելուց հետո էլ աշխատանքը չի ավարտվում, քանի որ պետք է տեսակավորել, հետո պահպանել և այնպես անել, որ խուսափի ցրտահարությունից կամ չծլի տաքից: 3-5 աստիճանը կարտոֆիլի պահպանման լավագույն ջերմաստիճանն է:

Եկամուտը կախված է նաև տվյալ տարում կարտոֆիլի գնից, դաշտում 70-150 դրամի սահմաններում է տատանվում, իսկ եթե 70-ից ցածր է վաճառվում, արդեն եկամուտ չի բերում: Անցյալ տարի 60 դրամով են վաճառել: Իսկ իրացնում են տեղում՝ վերավաճառողներին:

Բացի դրանից, եթե նոր և արտասահմանից բերված սերմեր են գնում, ապա ինքնարժեքն էլ ավելի է թանկանում, եկամուտը՝ նվազում:

Պավելը պատմում է, որ սերմերի արժեքը տատանվում է 150-550 դրամի սահմաններում: Եթե 550 դրամանոց սերմ ցանես ու տարին անբարենպաստ լինի, ապա անպայման վնասով դուրս կգաս: Իրենք սերմերը հոլանդական կամ գերմանական են գնում, որպեսզի բերքատվությունը բարձր լինի, բայց 2-3 տարի հետո կրկին պետք է փոխել, բերքատվությունը նվազում է մի քանի տարի անընդամեջ ցանելուց, ծախսերը չեն փակվում:

Պավելը տնտեսագետ է: Ասում է, որ իր մասնագիտությունը դեռևս չի օգնում իրեն: «Այ, որ էս 70 հա-ն 700 դառնա, արդեն պետք կգա երևի»,- ասում է նա: Բայց դրան հասնելու համար պետք է շատ փող աշխատել և ավելի շատ հողեր վարձակալել:

Սոթքում 70 հա ցանողները քիչ են, հիմնականում գյուղացիները 5-10 հա են ցանում: Պավելը լավատես է ապագայի նկատմամբ, բայց նկատում է, որ գյուղատնտեսությունը կախված է նաև կառավարությունից: «Սաղն էլ անում են, չարչարվում են, փորձում են ինչ-որ բաների հասնել, բայց շատ դանդաղ է գնում, մի քիչ էլ մեր բանկերի տոկոսներն են բոլ-բոլ»,- նկատում է Պավելը:

Կարտոֆիլի մշակման համար մի քանի բանկերից և վարկային կազմակերպություններից վարկ են վերցրել, որովհետև երաշտի տարիներին վնաս են կրել: «Մեր բիզնեսի համեմատ անհամեմատ շատ-շատ վարկ ունենք: Մի քանի տարի մինուս ենք գնացել, վարկերը շատացել են: Բայց դե էս պայմաններում դժվար է աշխատել, դրա համար էլ մեր ֆերմերների ահագին մասը գնացել են, Ռուսաստան են աշխատում, նույն կարտոշկեն են ցանում, մենք էլ ենք առաջարկ ստացել, բայց չենք գնացել: Էնտեղ գյուղացուն ավելի լավ են նայում, ավելի էժան վարկեր են տալիս, հողերն ավելի շատ ու որակով են, մարդիկ ավելի շատ եկամուտ են ստանում: Մեր մոտ պիտի շատ չարչարվես, քիչ ստանաս»,- ասում է  Պավելը: Նա խուսափում է իր վարկերի հստակ թիվն ասել: Բայց նշում է, որ 10-ից մինչև 25 տոկոս տոկոսադրույքով վարկեր ունեն, ինչը գյուղատնտեսության համար շատ բարձր է:

Չնայած Մարտունու կարտոֆիլն է ավելի հայտնի, բայց Պավելն ասում է, որ հիմա Վարդենիսն անցել է Մարտունուց, քանի որ այնտեղ հողերը քիչ են, իսկ Վարդենիսի շրջակայքում ավելի շատ են, և կարտոֆիլագործության մեջ առաջատարն այժմ Վարդենիսն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter