HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բակո Սահակյանը «Իմ քայլը» խմբակցության հետ դռնփակ հանդիպման է

Խորհրդարանում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ դռնփակ հանդիպման է։

«Ընդունել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի առաջարկությունը՝ հանդիպել խմբակցության հետ, և այսքանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը։

Հարցին, թե օրակարգում ինչ հարցեր կան, Բակո Սահակյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս Արցախում, երբ ՀՀ ԱԺ պատգամավորներն այնտեղ էին գտնվում։

«Ստեփանակերտի մեր հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ պարտավոր ենք խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք մեր կողմից որակվում են որպես առաջնահերթ, նման կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշելու հաջորդ առաջադրանքները, և գտնում եմ այս ձևաչափը օգտակար է բոլոր առումներով»,- ասաց Արցախի նախագահը։

Հարցին, թե այս հանդիպման միջոցով հնարավո՞ր է գոյություն ունեցող լարվածությունը թոթափել, Սահակյանն արձագանքեց. «Ես այդ լարվածության և այդ մեկնաբանությունների մեջ արհեստական մաս եմ տեսնում, բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն, իսկ եթե առաջանում են նման երևույթներ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անելու և շրջանցելու դրանք»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է անձնական երաշխավորության միջնորդություն ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի համար, Բակո Սահակյանը պատասխանեց. «Մեր միջնորդության մեջ նշված է, որ դա քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի առնելուն»։

Հարցին, թե արդյոք 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Արցախից Երևան զորք է բերվել, Բակո Սահակյանը պատասխանեց.

«Այդ մասին մենք բազմաթիվ հայտարարություններ ենք ունեցել: Այս պահին ՀՀ քննչական ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում»:

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կան ուժեր, որոնք փորձում են հողեր հանձնել, պատերազմ հրահրել և ամբողջ պատասխանատվությունը գցել Հայաստանի գործող իշխանության վրա, Բակո Սահակյանն ասաց. «Եթե կան այդպիսի գործիչներ, մենք պարտավոր ենք բացահայտել նրանց, և եթե կան նման նպատակներ, ես էլ եմ դա որակում դավաճանություն: Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր, որոնք պատրաստվում են դավաճանական գործողություն իրականացնել»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter