HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է ներմուծվող ցեմենտի դրույքաչափը սահմանել 14 հազար դրամ՝ նախկիննում առաջարկած 22 հազարի փոխարեն

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել։ Առաջին ընթերցմամբ առաջարկվում էր յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք, սակայն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի շրջանակում ձևավորված աշխատանքային խումբը մի շարք ուսումնասիրություններ է կատարել մինչ երկրորդ ընթերցումը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց աշխատանքային խմբի կատարած աշխատանքը։

«Ի սկզբանե որոշված էր, որ ներկրվող ցեմենտի և ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա պետք է դրվի պետական տուրք 22 հազար դրամի չափով, սակայն հանձնաժողովի նիստում մենք առաջարկեցինք կլինկերի նկատմամբ պետական տուրք չկիրառել, քանի որ փոքր արտադրողներըի շահերը հաշվի չէին առնվել։ Նաև որոշվեց ցեմենտի վրա կիրառվող պետական տուրքի վրա դնել գործողության ժամկետ՝ մեկ տարի, որպեսզի մեկ տարվա ընթացքում հասկանանք շուկան ինչպես է փոխվում, բայց քանի որ հարցը ուսումնասիրությունների կարիք ուներ, ստեղծեցինք աշխատանքային խումբ, որոշ շրջանակների հետ հանդիպում ունեցանք՝ թե՛ ցեմենտ արտադրողների, թե՛ հարակից ոլորտների ներկայացուցիչների հետ, բավականին բուռն քննարկումներ ունեցանք, զուգահեռ՝ փակ հանդիպումներ, վերլուծական բնույթի աշխատանքներ»,- ասաց Թունյանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները։

«Այս փոփոխությունների նպատակն է պահպանել այն աշխատատեղերը, որոնք առկա են տեղական արտադրությունում, որովհետև արտաքին շոկերը, որ առաջացրել են հարևան շուկայում, սպառնում են կտրուկ փոփոխությունների ուժով վտանգել տեղական արտադրողի մրցունակությունը, ուստի որոշել ենք ժամանակավոր պաշտպանական միջոց կիրառեն, և էդ ընթացքում հնարավորություն կունենանք հետևել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին»,- ասաց նախարարը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ շուկայում պետք է պահպանել մրցակցային պայմաններ այնպես, որ տեղական արտադրության մեծածավալ մաս կազմող արտադրանքը, որը նաև անցյալում եղել է գին որոշողը, իր արտադրանքը կարողանա վաճառել նույն կերպ, ինչպես և ներմուծողները։

«Մենք առաջարկում ենք, որ ցեմենտի տուրքի ներկրման համար սահմանվի 14 հազար դրամ, սա տարբեր է նախկին 22 հազար դրամից, որովհետև երբ մենք սկսել էինք քննարկումներ, և կառավարությունը ներկայացրեց հաշվարկը, այն կառուցված էր այն հիմնական թվերի վրա, որոնք վերաբերում էին խոշոր արտադրողի՝ նախորդ տարվա ընթացքում ունեցած արտադրական ինքնարժեքի թվերին։ Այն ժամանակ ունեինք 37 հազար դրամ՝ մեկ տոննայի չափով: Հետագայում, երբ լրացուցիչ թվեր ստացանք, նաև ՊԵԿ-ից տեղեկություններ ստացվեց, որ արտադրական և իրացման ծախսերը ներառյալ՝ մոտ է 31  հազար դրամին»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարը ներկայացրեց նաև ներկրվող ցեմենտի գնագոյացման մոտավոր մեխանիզմը.

«9 հազար դրամով մեկ տոննա է ձեռք բերվում, մաքստուրքեր են վճարվում 800 դրամի չափով, բարձման հետ կապված՝ 700 դրամի չափով, տոննայի տեղափոխման համար՝ 12000 դրամ, պետական տուրքը՝ 14 հազար դրամի չափով, իրացման ծախսեր՝ 500 դրամ  և հանրագումարային ծախսեր՝ 37 հազար դրամի չափով։ Սա մոտավորապես 500 «մարկայի» ցեմենտի ծախսերն է Երևանում արդեն, և եթե հինգ տոկոս շահութաբերության միջին միջակայք ընդունենք, ապա 14000 դրամով պետական տուրք վճարելով և Երևան հասցնելով՝ մեկ տոննան ներկրողը կարող է վաճառել 47 հազար դրամով»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունել էր ապրիլի 19-ին՝ 78 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Փաթեթին կողմ էր քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը։ «Լուսավոր Հայաստանը» շահերի բախման մասին էր բարձրաձայնել, քանի որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում խոսել էր «Արարատցեմենտի» գործունեության մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter