HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վիճակախաղերի սահմանափակման վիճելի նախագիծը՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած «Վիճակախաղերի մասին» նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը։ Նախորդ ամիս ևս այս նախագիծը քննարկվել էր հանձնաժողովում, սակայն հետաձգվել էր նախագծում փոփոխություններ կատարելու համար։

Նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ այն մեկ անգամ ևս քննարկվել է, սակայն կիսատ է մնացել, որից հետո մի շարք աշխատանքային քննարկումներ են եղել։ ԱԺ փոխխոսնակը հույս հայտնեց, որ այսօրվա քննարկման արդյունքում հանձնաժողովը կոնսենսուսի կգա, որից հետո նախագիծը կներառվի լիագումար նիստի օրակարգում։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց փոփոխությունների առաջարկները։

«Առաջարկ կար հանել 500 մլն դրամի ֆինանսական երաշխիքի պահանջը, և այդ հարցում բոլորս համակարծիք էինք: Ինչ վերաբերում է տարբեր կայքերի արգելափակմանը, դա տեխնիկական դժվարություններ էր առաջացնում, այդ դրույթը, համաձայնության գալով, հանել ենք։ Գազի լցակայաններում դրված խաղադրույքների հարցը, որ պետք է դուրս գան շրջանառությունից, այդ հարցում ևս լիակատար կոնսենսուս կա։ Առաջարկն է, որ խաղադրույքներ ընդունելու կետերը սկզբնական շրջանում յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն Երևանի ամեն վարչական շրջանում մեկական կետ լինի, և հետո քննարկվեց ամեն ընտրատարածքում մեկական կենտրոն լինի, ինչպես նաև մարզկենտրոններում, և աստիճանաբար դրանք փակվեն»,- ասաց Թունյանը։

Թունյանի խոսքով՝ ընդունվող խաղադրույքների մոտ 83 տոկոսը կատարվում է օնլայն տիրույթում, 16-17 տոկոսը՝ բեթշոփերի (betshop) միջոցով։

«Օնլայն տիրույթը գնալով աճում է, բեթշոփերը՝ նվազում, երբ մենք հանդիպել ենք բուքմեյքերական ընկերությունների հետ, իրենք ասում էին, որ մեկուկես տարի ժամանակ է պետք, որ կարողանան փոփոխությանն ադապտացվեն և օնլայն տիրույթում իրենց դիրքերն ամրապնդեն։ Հայկ Սարգսյանը առաջարկում էր, որ բեթշոփերի մասով կիրառումը ուժի մեջ լինի 2021 թվականի հունվարի մեկից, որ փաստացի մեկուկես տարի թողնենք աշխատեն, և շուկայում մոնոպոլացված վիճակ չստեղծվի»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ այս պահին խնդիր կա տարածքային բաժանման առումով, թե որտեղ քանի նման ընկերության գործունեություն շարունակվի:

«Մի իրավիճակ ունենք, երբ Նուբարաշենը, Դավթաշենը, Մարաշը փոքր տարածքներ են, և բնակչությունը փոքր է՝ ի տարբերություն Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, առաջարկում եմ, որ ոչ թե ըստ վարչական շրջանի լինի, այլ ըստ ընտրատարածքների տրամաբանության»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ քննարկման ժամանակ, երբ ասում էր, որ եթե մոլախաղերի դեմ պայքարելու նպատակ է դրված, ապա պետք է պայքարել օնլայն տիրութի դեմ, սակայն վիճակագրություն չուներ: Այժմ պատկան մարմիններին հարցումներ է արել և ունի որոշ վիճակագրություն։

«2010-ին օնլայն տիրույթի խաղադրույքների բոլորի շրջանառությունը 14 միլիարդ դրամ է, շարունակական աճել է և 2018-ին դարձել է 306 միլիարդ դրամ, այսինքն՝ ութ տարվա ընթացքում 23 անգամ աճել է թիվը։ Նաև ասեմ, որ այս թվից պետական բյուջե է մուտքագրվել 4 միլիարդ դրամ, այսինքն՝ ընդհանուր շրջանառության 1,4 %-ը, և եթե այս 306 միլիարդի դեմը կարողանանք առնել, և այն ուղղվի այլ ճյուղեր, կունենանք 20 միլիարդ դրամ պետական տուրք»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ այս նախագծով պայքար է գնալու միայն  16,7 տոկոսի դեմ, և չպետք է մոռանալ 83 տոկոսի մասին։

«Եթե պրոգրեսը շարունակվի առանց մեր միջամտության, բոլոր գրասենյակները փակվելու են, ավելի եկամտաբեր է գործել օնլայն տիրույթում, քան ունենալ գրասենյակներ։ Էդ 16,7 տոկոսում 1600 աշխատող կա, էդ ընկերությունները վարձակալած գրասենյակներ ունեն։ Մենք, սրա դեմ պայքարելով, մոլախաղերի դեմ մեծ հաշվով չենք պայքարելու, ուղղակի ուենալու ենք աշխատեղերի կրճատում և պետությանը պատճառված վնաս»,-ասաց Սարգսյանը։

Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ գործընկերն անդադար խոսում է օնլայն տիրույթի մասին, սակայն մինչ այժմ զրո առաջարկ է հնչել այդ ոլորտի կարգավորման վերաբերյալ։

«Օնլայնի հետ կապված հնարավոր չէ փակել, օնլայնը եղել է, կա ու մնալու է, եթե դա սահմանափակենք, փողն ուղարկվելու է Անգլիա, Թուրքիա և այլն»,-ասաց Սիմոնյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը հնչեցրեց առաջարկ օնլայն տիրույթում խաղադրույքների սահմանափակման վերաբերյալ, նա առաջարկեց բանկային քարտերի տվյալներն արգելափակել, սակայն Սիմոնյանը նկատեց, որ այդ կերպ էլ հնարավոր չէ պայքարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter