Խաղամոլության դեմ պայքարի նախագծից կարող է օգտվել խոշոր բուքմեյքերը
Խորհրդարանում շրջանառվող՝ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը բարենպաստ պայմաններ է ստեղծում «Վիվառո» ընկերության համար: Խոսքը բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելուն ուղղված օրենքի նախագծի մասին է:
Վերջին երկու տարվա ընթացքում խորհրդարանում շրջանառվել են օրենսդրական մի քանի նախագծեր, որոնց հիմնական նպատակը խաղամոլության նկատմամբ հակումը նվազեցնելն է: Մի նախագիծ հեղինակել էր նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, մեկը` գործող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, իսկ մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Ֆարմանյանն իր նախագիծը քվեարկությունից առաջ հանեց օրակարգից, քանի որ որևէ քաղաքական ուժ չաջակցեց իրեն: Հրաչյա Հակոբյանի և Ալեն Սիմոնյանի նախագծերը այս պահին շրջանառության մեջ են: Հակոբյանն առաջարկում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գովազդը, որի վերաբերյալ կառավարությունը դեռ եզրակացություն չի տվել: Մենք այժմ կանդրադառնանք ԱԺ փոխխոսնակի նախագծին, քանի որ դրանով փորձ է արվում խնդրին համալիր լուծում տալ:
«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու Ալեն Սիմոնյանի նախագծին միացել են պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սիփան Փաշինյանը: Նախագիծն այն տեսքով, որով դրված է շրջանառության մեջ, ընդունվելու դեպքում կունենանք հետևյալ պատկերը՝
- Բուքմեյքերական գրասենյակներ Հայաստանի տարածքում կգործեն միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում:
- Նշված տարածքներում տեղակայվելիք գրասենյակներ մուտք գործելիս քաղաքացիների ինքնությունը կստուգվի:
- Խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները (որոնք հաճախ հանդիպում ենք գազալցակայաններում) Հայաստանի տարածքում չեն լինի:
- Բուքմեյքերական ընկերությունները պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ գումար պետք է ունենան:
- Մոլախաղերով հրապուրված և իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեն բուքմեյքերական ընկերությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունից:
- Կարգելվի «am» և «hay» դոմեյններով օտարերկրյա բուքմեյքերականների գովազդը:
Մինչև այս նախագծի տնտեսական էֆեկտին անդրադառնալը, հասկանանք, թե շուկայում ինչ դիրք են զբաղեցնում բուքմեյքերական ընկերությունները: Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունները 5-ն են՝ «Վիվառո»-ն, «Տոտո»-ն, «Աջարաբեթ»-ը, «Գուդվին-Բետ»-ը և «Եվրոֆուտբոլ»-ը: Վերջինս լիցենզիա չունի, սակայն անխոչընդոտ գործունեություն է ծավալում առցանց տիրույթում: «Վիվառոն»-ն շահագործում են «Վիվառո բեթինգ» և «Վիվառո գրուպ» ընկերությունները, «Տոտո»-ն՝ «Դիջիթեյն» և «Դիջիգեյմ» ընկերությունները, «Աջարաբեթ»-ը՝ «Սաբարկո» և իրեն փոխկապակցված «Կաբարկո» ընկերությունները, ««Գուդվին-Բետ»-ը ու «Եվրոֆուտբոլ»-ը` նույնանուն ընկերությունները:
Համադրելով 2018 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նրանց վճարած հարկերի մասին տվյալները՝ պարզ է դառնում, թե յուրաքանչյուրը շուկայում ինչ տեղ է զբաղեցնում:
Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծի հիմնավորման մեջ վիճակագրություն չկա
«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որին կառավարությունը դրական եզրակացություն է տվել, վիճակագրություն չի պարունակում: Այսինքն՝ նախագծի հիմնավորման մեջ տեղեկություն չկա, թե բուքմեյքերական ընկերություններում որքան մարդ է խաղադրույք կատարում, նախագծի ընդունման արդյունքում ինչ չափելի արդյունք կունենանք և այլն:
Մինչդեռ նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը որոշակի վիճակագրության տիրապետում է: «Իմ ունեցած տեղեկություններով, որը որ տրամադրել են բուքմեյքերները, ՀՀ-ում խաղում է մոտ 63 հազար մարդ, որից 3 հազարը մոլի խաղացողներ են: Մնացածը մոլի խաղացող չեն համարվում»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ թիվն աճելու միտում ունի:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ եթե ինչ-որ խնդրի պետք է լուծում տրվի, ապա դրա տակ պետք է լինի նաև հիմնավորում, թե դրա արդյունքում այդ խնդիրը որքանով է լուծվում:
«Եթե մենք ուզում ենք Հայաստանում խաղամոլությունը կրճատենք, ապա մենք պետք է իմանանք ոչ միայն, թե խաղամոլության ծավալները որքան են, այլ նաև օրենքի ընդունման հետևանքով ինչքան են դառնալու, ինչպես նաև՝ թե այդ օրենքի ընդունումը ինչ ազդեցություն է ունենալու բյուջեի վրա, զբաղվածության վրա, և այդ ամենը հավասարակշռելու արդյունքում հասկանալ՝ արժե՞ գնալ դրան, թե ոչ»,- նշում է Բաբկեն Թունյանը:
Բացի այդ, նախագծի հիմնավորման մեջ տեղեկություններ չկան, թե ընդհանրապես միջազգային փորձն այս ոլորտի կարգավորման հարցում ինչպիսին է: Զարգացած տնտեսություն ունեցող երկրներն ի՞նչ լուծումներ են գտել խաղամոլության դեմ պայքարի և տնտեսական գործունեության մրցակցային դաշտի ապահովման առումով:
Բուքմեյքերական ընկերություններից մեկը բարենպաստ դիրքում է հայտնվում
Ինչպես արդեն ներկայացրինք ինֆոգրաֆիկայում, Հայաստանում այսօր և՛ առցանց, և՛ բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ընկերություններից ամենախոշորը «Վիվառո»-ն է: Եթե բուքմեյքերական գրասենյակներն ուղղորդվում են Երևանից հեռու գտնվող 4 քաղաք, խաղադրույք կատարող սարքավորումները վերանում են և մնում է միայն առցանց խաղադրույք կատարելու գործառույթը, ապա ակնհայտ է, որ այդ շուկայում խոշոր խաղացողի դիրքներն է´լ ավելի են ամրապնդվում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը զերծ մնաց այս փուլում գնահատականներ տալուց:
«Չնայած կառավարությունը դրական եզրակացություն է տվել, սակայն քննարկելու շատ բաներ կան: Մենք հարցումներ ենք ուղարկել պատկան գերատեսչություններ, որպեսզի շուկայի վիճակը հասկանանք, հասկանանք նաև այս օրենսդրական փոփոխության տնտեսական հետևանքները»,- տեղեկացրեց Բաբկեն Թունյանը:
Բուքմեյքերական գործունեություն ծավալող ընկերություները նույնպես ցանկություն են հայտնել մասնակցել տնտեսական հանձնաժողովում նախատեսվող քննարկումներին: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը նույն խնդրի վերաբերյալ մեր հարցադրմանն ի պատասխան՝ նկատում է, որ «Վիվառո»-ն մեծ դիրք է զբաղեցնում առցանց շուկայում և գրասենյակներում, և եթե մեկ ուրիշ կազմակերպություն կորցնում է, օրինակ, 5 գրասենյակ, «Վիվառո»-ն կորցնում է 50 գրասենյակ:
«Մենք չենք կարող կազմակերպությանը մեղադրենք, որ ինքը շատ ավելի ճիշտ է իր գործունեությունը ծավալել և այն պարագայում, երբ մենք խնդիր ենք տեսնում, սա կարգավորում ենք, ինքը շահեկան դիրքում է հայտնվում: Ինքը մեղավո՞ր է, որ ի սկզբանե իր գործը ճիշտ է կազմակերպել և ավելի շատ համացանցի վրա է իր շեշտադրումը կատարել»,- հակադարձեց ԱԺ փոխխոսնակը:
Ալեն Սիմոնյանը ճանաչում է և՛ «Վիվառո»-ի, և՛ «Տոտո»-ի սեփականատերերին: Դիտարկմանը՝ մարդիկ «Վիվառո»-ի ականջներն են տեսնում այս նախագծի հետևում, Սիմոնյանն արձագանքեց. «Թող տեսնեն: Երբ ես պայքարում էի Բաղրամյան փողոցում կարկանդակի խանութի դեմ, այն ժամանակ էլ ասում էին, որ ես այնտեղ տարածք ունեմ, հիմա անընդհատ մի բան պետք է ասեն»:
Ստվերային շուկայի ձևավորման ռիսկը և տնտեսական հետևանքը
Հայտնի իրողություն է, որ եթե մի բան արգելվում է, ապա դրա նկատմամբ հակում ունեցող մարդիկ զարտուղի ճանապարհներով փորձում են հասնել դրան՝ ճանապարհին կատարելով նաև հանրորեն վտանգավոր արարքներ: Ստվերային շուկան քրեածին դրսևորումներ է ունենում:
Նախագծի հեղինակին հարցրինք՝ բացառո՞ւմ է, որ իր նախաձեռնությունը կյանքի կոչվելու արդյունքում խաղամոլության հակում ունեցող մարդիկ բանավոր խաղադրույքներ չեն կատարի և այլն: Ալեն Սիմոնյանն այդ հեռանկարն անտրամաբանական է համարում: Կարծում է, որ բջջային հեռախոսով շատ հեշտ կկարողանան խաղադրույք կատարել և անհրաժեշտություն էլ չի լինի բանավոր մոլախաղի մասնակցել:
Բուքմեյքերական գրասենյակների տեղափոխումը զբոսաշրջային քաղաքներ միանշանակ դրական չի կարելի գնահատել, քանի որ այդ տարածքներում նույնպես ՀՀ քաղաքացիներ են ապրում: Ինչո՞ւ պետք է երևանաբնակ քաղաքացուց հեռացնել բուքմեյքերական կետը և մոտեցնել, օրինակ, Ջերմուկում բնակվող քաղաքացուն: Բացի դա, հեռու չեն այն ժամանակները, երբ խաղատները Երևանից նախ հանվեցին և տեղափոխվեցին երևանամերձ համայնքներ, ապա՝ զբոսաշրջային քաղաքներ: Արդյունքում մեկ ընկերություն կարողացավ նույնքան մեծ գումարներ վճարել և Երևանին մոտ՝ Առինջ գյուղի տարածքում, խաղատուն բացել:
«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը պետք է նախ քննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո սահմանված կարգով ընդգրկվի լիագումար նիստի օրակարգում, այնուհետև պարզ կդառնա՝ այն կընդունվի այսօրվա տեսքով, փոփոխությունների կենթարկվի, թե՞ ընդհանրապես չի ընդունվի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել