HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բացօթյա առևտուր՝ մարզային նշանակության ճանապարհին

Արմավիրի մարզի Ծիածան-Հովտամեջ մարզային նշանակության ճանապարհը տարվա 12 ամիսներին բացօթյա շուկա է: Ձմռանը տեղում անասուն են մորթում և վաճառում, իսկ գյուղատնտեսական տարին սկսելուն պես այն վերածվում է գյուղմթերքների շուկայի:

«Հետք»-ը նախկինում անդրադարձել է այս խնդրին, սակայն տարիներ շարունակ այն այդպես էլ լուծում չի ստացել: Նշված ճանապարհը սպասարկում է 10 գյուղերի հասարակական տրանսպորտը, ամբողջ շարժը հենց այդ ճանապարհով է լինում, սակայն այս ամիսներին այն երկու կողմից արգելափակվում է ելակ, կարտոֆիլ և կանաչեղեն վառառողների ավտոմեքենաներով: Իսկ օրվա վերջում այդ ճանապարհահատվածը պարզապես աղբանոցի է վերածվում:

Ավտոմեքենաները փակում են նույնիսկ Ծիածան գյուղի կանգառը, և մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել: Դժվարություններ են ունենում նաև շտապօգնության ավտոմեքենաները: Հարևան գյուղերի վարորդները նախընտրում են ճանապարհը 2-3 կմ երկարացնել և երթևեկել այլ ճանապարհներով, քան 300 մետր ճանապարհն անցնել 10 րոպեում՝ վտանգելով դիմացինի և իրենց կյանքն ու առողջությունը:

Այս ճանապարհահատվածում հաճախ են լինում նաև ավտովթարներ, բայց քանի որ առևտրականների ավտոմեքենաները հիմնականում առանց պետհամարանիշերի են, փորձում են տեղում՝ իրար հետ պայմանավորվելով ծախսերի հարցը լուծել:

Նշենք, որ հարևանությամբ է գտնվում Ծիածանի միջնակարգ դպրոցը, և այս ամիսներին վտանգված է նաև երեխաների կյանքն ու առողջությունը: Հաճախ ճանապարհի մեջտեղում կանգնած առևտրականի ավտոմեքենան շրջանցելու համար վարորդները դուրս են գալիս մայթ, որտեղով երեխաներն առավոտվա ժամերին դպրոց են գնում:

Մեր ներկայությամբ քաղաքացիներից մեկը ևս դժբախտ պատահարի զոհ կարող էր դառնալու: Արկղերը ձեռքին՝ քայլում էր փողոցի մեջտեղով, և քիչ էր մնում՝ հետևից եկող ավտոմեքենան հարվածեր նրան:

Նշված ճանապարհահատվածի բացօթյա առևտրի վերաբերյալ մեր բազմաթիվ հեռախոսազանգերին Ծիածանի համայնքապետ Վաչիկ Գրիգորյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Չենք կարողանում վերահսկել»: Իսկ մարզային իշխանություններն այս հարցում մատնված են անգործության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter