HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինտեգրված կադաստր»-ը կստեղծվի՝ չնայած Քաղաքաշինության կոմիտեի առարկությանը

Կառավարության այսօրվա նիստին ընդունած որոշումով կստեղծվի տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների միասնական համակարգ։ Նման որոշման նախագիծ գործադիրի նիստին ներկայացրել էր Կադաստրի պետական կոմիտեն։

Կոմիտեի փոխանցամբ՝ հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի և բնական ռեսուրսների մասին։

Դրանում ներառված կլինեն նաև տեղեկություններ տվյալ տարածքի հողային, ջրային, անտառային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող տարածքների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտի, բնակչության տեղաբաշխման, անշարժ գույքի որակական, քանակական տվյալների, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի և ենթակառուցվածքների այլ տարրերի ու էկոլոգիական վիճակի մասին:

Կադաստրի փոխանցմամբ՝ չնայած կառավարման մարմինների համար սահմանված են իրենց ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրների վարման գործառույթներ, սակայն դրանք հիմնականում չեն իրականացվել կամ իրականացվել են թերի, գործում են միմյանցից անկախ, տվյալները կրկնվում են, երբեմն իրարամերժ են։ Սա էականորեն դժվարացնում է կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու գործընթացը։

Անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման նպատակով Կադաստրի կոմիտեն քարտեզագրել է Հայաստանի համայնքները, թվայանացրել դրանք, օդալուսանկարել Հայաստանի տարածքը, պարբերաբար իրականացնում են անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում սահմանվել է գոտիականություն` ըստ գույքի արժեքի և գտնվելու վայրի։

Քաղաքաշինության կոմիետի նախագահ Վահագն Վերմիշյանը դիտողություն և առարկություն ունեցավ այս նախագծի վերաբերյալ։ «Էս, ինչ որ մեր կոլեգան հիմա թվարկեց, էս ամեն ինչը Քաղաքաշինության կոմիտեի գործառույթներն են ամբողջությամբ։ Եվ մենք այդ գործառույթը չենք կարողանում իրականացնել մի պարզ պատճառով. մենք բավականին մեծ քանակի ինֆորմացիա ունենք կուտակված՝ այդ միկրոռեգիոնալ նախագծերն են, տարածքային զարգացման և շատ ուրիշ շերտեր»,- նշեց Վերմիշյանը։

Կոմիտեի ղեկավարի փոխանցմամբ՝ իրենք ունեն ամբողջ տեղեկատվությունը, սակայն չունեն ամենակարևորը՝ կադաստր, որի վրա կարող են «նստեցնել»։ «Հիմա փոխանակ մեր կոլեգան զբաղվի իրա անմիջական գործով, այսինքն՝ կադաստրի կազմակերպմամբ, մտնում է ուրիշ գերատեսչությունների դաշտ։ Պարոն Ավինյան, մենք այդ մասին մի քանի անգամ քննարկել ենք, բայց չգիտես ինչի, այսօր առավոտյան նորից այս հարցը հայտնվեց օրակարգում»,- նշեց Վերմիշյանը։

Վարչապետը Վերմիշյանի այս ելույթից հետո հորդորեց ավելի կոռեկտ արտահայտվել։ Փաշինյանն ընդգծեց, որ որոշումների կայացման ընթացակարգ կա։ Եթե հարցը քննարկվել, անցել է նախարարական կոմիտեում և դրա անդամներից որևէ մեկը դեմ չի եղել, նշանակում է՝ դա պետք է ի գիտություն ընդունվի, քանի որ շատ դեպքեր կան, երբ կառավարությունը որոշման նախագծերի շատ մանրամասներ չի դատարկում և նախարարական կոմիտեի որոշումները ընդունում է ի գիտություն՝ որոշումներ ընդունելով։ «Այսինքն՝ հիմա եթե եկել, հասել է կառավարության նիստ երկրորդ անգամ, նշանակում է՝ կոմիտեում քննարկվել է, ընդունվել է և կոմիտեն կառավարությանը ներկայացնում է հարցը ընդունելուն։ Հիմա այդ քննարկումներն աշխատանքային ռեժիմով պետք է լուծված լինեին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ չնայած Քաղաքաշինության կոմիտեն նախարարական կոմիտեի անդամ չէ, բայց եթե լիներ անդամ, մնացած անդամները միաձայն կողմ էին քվեարկելու որոշման նախագծին, և այն ընդունվելու էր։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ ինքը կողմ է նախաձեռնողական մոտեցմանը, որը արել է Կադաստրի կոմիտեն։ Ասաց՝ կոմիտեն նախաձեռնողական է եղել՝ ոչ միայն կադաստրի քարտեզի հետ կապված աշխատանքները կատարելու, այլև մնացյալ բոլոր ինտեգրված կադաստրների խնդիրը լուծելու հարցում։ «Թե որ սերվերների վրա ենք պահելու, պարոն Վերմիշյան, ինձ թվում է՝ դա չէ էականը։ Սա ընդամենը հայեցակարգ է, որի ընթացքում մենք դեռևս շատ հարցերի անդրադառնալու ենք։ Բայց այն, որ մեզ մեռյալ կետից պետք էր շարժվեր, և այս շարժումը հիմա տեղի է ունենում, և ես դրական եմ գնահատում այս շարժումը։ Որովհետև ամեն անգամ սենց իրար վրա գցելով պատասխանատվությունը՝ որևէ տեղ չենք հասնելու։ Համապարփակ լուծում է առաջարկվում»,- ասաց փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ինտեգրված կադաստրի համակարգ ստեղծելու նախագիծը քննարկման էր ներկայացրել ապրիլի 3-ին, իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter