
ԱԱԾ տնօրենի համոզմամբ՝ վեթինգի պետք է ենթարկվի ամբողջ պետական համակարգը
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, եթե վեթինգի օրենքն ընդունվի, և ԱԱԾ-ն իր անելիքներն ունենա այդ հարցում, անպայման կիրականացնի: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
«Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ օրենք է լինելու, թե որոշում, և ինչ ընթացակարգով պետք է լինի: Երբ կլինեն, հստակ կլինի, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինը, և ոնց ենք պատկերացնում այն, և եթե ԱԱԾ-ն ունենա իր անելիքներն այդ գործընթացում, միանշանակ կիրականացվի»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք միայն դատավորնե՞րն են վեթինգի ենթարկվելու, թե՞ նաև նախկին ու ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Վանեցյանն արձագանքեց.
«Անհրաժեշտություն տեսնում եմ ողջ պետական համակարգում. հասարակության շրջանում չպետք է կասկածներ լինեն որևէ պետական պաշտոնյայի անցյալի, կապերի ունեցվածքի և այլնի մասին։ Ամեն ինչ պետք է անել, դա կկոչվի վեթինգ, թե այլ բան։ Հասարակության շրջանում բոլոր կասկածները պետք է փարատվեն, թե որտեղից նրան նման ունեցվածք, նրա նշանակման պատմությունը, թե ոնց նշանակվեց, կապերը և այլն, հասարակությանը պետք է փորձենք իրազեկել»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
Վանեցյանի համոզմամբ՝ հասարակությանը հուզող հարցերին պատասխան տալու անհրաժեշտություն կա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ԱԱԾ-ն սկսել է դատավորների ունեցվածքի ուսումնասիրմամբ զբաղվել, Վանեցյանն արձագանքեց.
«ԱԱԾ-ում դոսյե չկա, ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ըստ անհրաժեշտության և օպերատիվ հետախուզական գործունեության օրենքի համաձայն։ Կլինի դատավոր, դատախազ, ԱԱԾ-ական, շարքային քաղաքացի, թե նախարար, որևէ կապ չունի»,- ասաց նա։
Վանեցյանի խոսքով՝ «թավշյա հեղափոխության» հաղթանակի հենց հաջորդ օրը երկրում կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է սկսվել, որի «առաջնագծում եղել է ԱԱԾ-ն»։
«Եւ մինչ այսօր մենք իրականացնում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»,- ասաց նա։
Վանեցյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ դավադիր ուժերի մասին էր խոսում, որոնք փորձում են պատերազմ հրահրել և տարածքներ զիջել՝ պատասխանատվությունը թողնելով գործող կառավարության վրա։
«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից»,- նշեց ԱԱԾ տնօրենը։
Մեկնաբանել