HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կարեն Զադոյան. «Պետք է պատժել կոռուպցիոն համակարգի ճարտարապետներին՝ մի քանի հոգու»

«Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներին «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը հանդես եկավ միջազգային փորձի համեմատականներով։ Վերջինս ասաց, որ ուսումնասիրել է 35 երկրների փորձը։

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անցումային արդարադատությունը ձախողվում է այն երկրներում, եթե չի եղել անցումային արդարադատության համակարգ ձևավորելու ակնհայտ և անկեղծ պատրաստակամություն և առանց այդ գործընթացում բոլոր շահագրգիռ դերակատարների ներգրավում»,- ասաց նա։

Ըստ Զադոյանի՝ անցումային արդարադատության գործիքները հիմնականում չորսն են՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, փոխհատուցման ծրագրեր և համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

«Անցումային արդարադատությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է, որին հնարավոր չէ հասնել այլ կոնվենցիոնալ համակարգերի միջոցով, և կիրառման շրջանակները պետք է հստակ ուրվագծվեն Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունների և երկրի կոնվենցիոն պարտավորությունների շրջանակներում»,- նշեց Զադոյանը։

Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման ժամանակ բանախոսի համոզմամբ՝ անհրաժեշտ է ՄԻԵԴ խորհրդատվություններից ակտիվորեն օգտվելու պրակտիկա ձևավորել։

Խոսելով կիրառման ժամանակահատվածի մասին՝ վերջինս ասաց, որ կարծում են՝ անհրաժեշտ է սահմանել 91-2018 թվականների միջև ընկած ժամանակահատվածը։

«Կիրառման գործերի շրջանակում անհրաժեշտ է կիրառել հասարակությունից և պետությունից թալանված, գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում նաև գերակա շահերի պատճառաբանությամբ անձանց սեփականության օտարման վերաբերյալ գործերը։ Ինչպես նաև համապետական ընտրություններում տեղ գտած զանգվածային ընտրախախտումնրի գործերը, մասնավորապես 2008թ.-ի մարտի 1-ի գործը»,- նշեց նա։

Ըստ նրա պետք է հնարավորություն տալ այն անձանց, որոնք կուտակել են անօրինական կապիտալ, չանցնել այդ դատաքննչական մամլիչի միջով։

«Անհրաժեշտ ենք համարում քննարկել օրենքի միջոցով կապիտալի ամնիստիա՝ մեղքի ընդունման գործարք կիրառելու և ներպետական մակարդակում գործարք առաջարկելու հարցը կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ապօրինի հարստացներին` առաջնորդվելով և իրավական, և քաղաքական գործընթացներով»,- ասաց իրավաբանը։

Կարեն Զադոյանն ասաց, որ անհրաժեշտ է սահմանել ավարտված, կասեցված քրեական գործերի վերանայման և նոր քրեական գործերի հարուցման իրավական հիմքերը։

«Անհրաժեշտ է անցումային արդարադատության մեխանիզմները ներդնելուց հետո քննարկման առարկա դարձնել այդ շրջանակներում դատապարտվելիք անձանց նկատմամբ համաներում տարածելու հարցը, որովհետև անցումային արդարադատության քրեական բաղադրիչը ոչ միայն նպատակ է հետապնդում պատժել,այս դեպքում պետք է պատժել կոռուպցիոն համակարգի ճարտարապետներին՝ մի քանի հոգու, իսկ մնացածը զոհեր են հանդիսանում, մնացածին պետք է հնարավորություն տալ ամնիստիայի միջոցով, եթե կվերադարձվեն գողացված կապիտալը, հնարավորություն տալ այդ մարդասիրական միջանցքով դուրս գալ»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter