HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գնդապետ Դանիելյանը խնդիրներ է ունեցել Վովա Գասպարյանի և Արշակ Հակոբյանի հետ. հրապարակվեցին HSBC բանկի վրա հարձակման գործի նյութերը

HSBC բանկի վրա ավազակային հարձակման, սպանության և սպանության փորձի մեջ մեղադրվող գնդապետ Դանիել Դանիելյանն, ըստ գործի նյութերի, խնդիրներ է ունեցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և վերջինիս թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի հետ, ով հայտնի է «Վովայի Արշակ» անունով:

Բանկի վրա հարձակման գործի շրջանակներում այսօր հետազոտվեցին գործում առկա փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները:

Փաստաթղթերից մեկը ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության գրությունն էր՝ հասցեագրված Հատուկ քննչական ծառայությանը:

Ըստ նյութերի՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ Դանիել Դանիելյանից արյան և մեզի փորձանմուշ է վերցվել, և փորձաքնության արդյունքում պարզվել է, որ Դանիելյանի օրգանիզմում թմրամիջոց է եղել:

Ըստ գործի նյութերի՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղեկություն է ստացվել, որ Դանիել Դանիելյանից վերցված մազի և մեզի փորձանմուշը դատաբժշկական փորձաքննության կենտրոնում փոխել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, քանի որ Դանիելյանը «վերջիններիս հետ անձնական խնդիրներ է ունեցել»:

Մեզ հետ զրույցում Դանիելյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանն ասաց, որ Դանիել Դանիելյանը փորձաքննության արդյունքների մասին իմանալուց հետո հայտնել է, որ թմրամիջոց չի օգտագործում ու պահանջել է նորից փորձանմուշ վերցնել իրենից: Այս անգամ գնդապետի օրգանիզմում թմրամիջոց չի հայտնաբերվել:

Սիրեկանյանը նշեց նաև, որ մեզի և մազի փորձանմուշները փոխելու հանգամանքի շուրջ քննություն է տարվել, սակայն թե ինչ ընթացք է այն ստացել, հայտնի չէ: Պաշտպանը տեղյակ չէ նաև, թե ինչ անձնական խնդիրներ է ունեցել Դանիելյանը Վովա Գասպարյանի կամ վերջինիս թիկնազորի պետի հետ:

Նշենք, որ Դանիել Դանիելյանը մինչև HSBC բանկի վրա հարձակման միջադեպը զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանություն ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը:

Ըստ մեղադրանքի՝ ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ Դանիելյանը մտադրվել է ավազակային հարձակմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 355 000 դրամին համարժեք 500 000 ԱՄՆ դոլար գումար:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, ըստ մեղադրանքի, Դանիել Դանիելյանը պլանավորել է հանցագործության կատարումը, որից հետո՝ 2018 թվականի մայիսի 03-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված գործարանային արտադրության 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված և իրեն պատկանող իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի 6030726 և 3034235 գործարանային համարներով 12 տրամաչափի ողորկափող մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող «УЗРГМ-2» տեսակի գործարանային արտադրության պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել մասնաճյուղ, որտեղ կարաբինից մեկ անգամ կրակոց արձակելով օդում՝ առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 242 355 000 դրամին համարժեք 500 000 ԱՄՆ դոլար գումար:

Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը՝ իր հանցավոր մտադրության իրագործման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, դիմադրությունը հաղթահարելով հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված, իր մոտ գտնվող կարաբինից մեկ անգամ կրակել է իր ծառայողական գործունեությունն իրականացնող Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային հատվածին և դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նրան:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները: Արամ Մկրտչյանը զենքի սպառնալիքի ներքո Դանիել Դանիելյանին ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին, որտեղ Արամ Մկրտչյանից կրկին պահանջել է իրեն հանձնել գումարները, սակայն, մետաղյա պահարանի գաղտնաբառը չստանալով, նույն շարժառիթներով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Վերջինիս ակտիվ դիմադրության՝ կրակելու պահին զենքի փողը դեպի ներքև հրելու արդյունքում կրակոցը կատարվել է հատակին, կարաբինը նույնպես ընկել է հատակին, որից անմիջապես հետո, Դանիել Դանիելյանը, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին և նրան պատճառել մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Արամ Մկրտչյանի առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս: Դանիել Դանիելյանին չի հաջողվել հանցագործությունը՝ Արամ Մկրտչյանի սպանությունը, ավարտին հասցնել, միայն այն բանի շնորհիվ, որ վերջինիս հաջողվել է թաքնվել հարևանությամբ գտնվող պատի հետևում, բացի այդ, այդ պահին դրամարկղային բաժին եկած մասնաճյուղի գործառությունների համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով՝ զենքով և նռնակով սպառնալով, պահանջել է իրեն տրամադրել 500 000 ԱՄՆ դոլար գումար: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել և Դանիել Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ առանձնապես խոշոր չափերով 79 200 000 դրամը, 53 318 100 դրամին համարժեք 110 000 ԱՄՆ դոլարը, 23 066 637 դրամ 3 լումային համարժեք 39 690 եվրոն, 1 853 136 դրամին համարժեք 242 240 ռուբլին, 5 224 952 դրամին համարժեք 7925 անգլիական ֆունտ ստեռլինգը, 1 126 400 դրամին համարժեք 2980 կանադական դոլարը, 73066 դրամին համարժեք 200 ավստրալիական դոլարը և 92379 դրամին համարժեք 700 ՄԱԷ դիրհամը և դրանք նախ լցրել է Դանիել Դանիելյանի կողմից տրամադրված ուսապարակի, ապա պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պոլիէթիլենային տոպրակը, դուրս է եկել մասնաճյուղից և դիմել փախուստի՝ Գյուլբենկյան փողոցով գնացել է Արամ Խաչատրյան փողոցի ուղղությամբ:

Դատարանում այսօր հետազոտվեցին դեպքի վայրի ժամանակ բանկի անվտանգության տեսախցիկի ֆիքսած տեսանյութերը, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված գումարը:

Դատարանի բակի ավտոկայանատեղի էր բերվել նաև Դանիել Դանիելյանի ծառայողական մեքենան, որը նույնպես հետազոտվեց:

Այսօրվա նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից մեկը՝ Արմեն Գալստյանը, դատարանին խնդրեց իրեն թույլատրել տեսակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող ամբաստանյալին՝ նշելով, թե ինքը չի ցանկանում թշնամական հարաբերություններ ունենալ նրա հետ: Դանիելյանը չառարկեց, որպեսզի դատարանը տեսակցության թույլտվության տա, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ ամբաստանյալին տեսակցելու թույլտվության համար Գասպարյանը կարող է դիմել քրեակատարողական հիմնարկին:

Այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդ՝ հունիսի 18-ի նիստին ցուցմունք կտա Դանիել Դանիելյանը:

Լուսանկարում ձախից աջ՝ Արշակ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը, Դանիել Դանիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter