HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

HSBC բանկի վրա հարձակման, երկու անձի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության գնդապետի գործի քննությունը սկսվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր մեկնարկեց HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղի վրա հարձակման գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ավազակային հարձակման հետևանքով սպանվել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը, տարածքում ծառայություն իրականացնող ՊՊԾ ոստիկան Արա Շախբուլյանը, իսկ անվտանգության մեկ այլ աշխատակից՝ Արամ Մկրտչյանը, հրազենային վիրավորում էր ստացել: Գործով մեղադրվում է ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը:

Երբ մինչ նիստի սկսվելը գնդապետ Դանիելյանը բերվեց դահլիճ, սպանվածների հարազատները նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրին:

«Արա, դու հլը սա՞ղ ես»,- ասաց ներկաներից մեկն, իսկ մյուսը հայհոյեց նրան: Իրավիճակը չթեժացնելու համար ուղեկցող գումարտակի ոստիկաններն ամբաստանյալին դուրս տարան դահլիճից՝ մինչև նիստի մեկնարկը:

Նիստի մեկնարկին նախագահող դատավորը ճշտեց Դանիելյանի ինքնությունը հաստատող տվյալները: Վերջինս ամուսնացած է, երեք չափահաս երեխա ունի, բարձրագույն կրթություն: Դատարանին հայտնեց, որ ֆիզիկապես առողջ է, սակայն վերջերս վիրահատություն է տարել:

Դատավորի հարցին, թե որ հասեցում է հաշվառված, Դանիելյանն ասաց, թե չի հիշում: Նրա պատասխանից տպավորություն ստեղծվեց, որ հաշվառման հասցեն հայտնել չի ցանկանում: Ճշտող հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված չհիշելը, ամբաստանյալը պատասխանեց, որ նարկոզ է տարել, գտնվում է հետվիրահատական շրջանում, որոշ տվյալներ չի հիշում:

Նշենք, որ Դանիելյանը աչքի վիրահատության է ենթարկվել: Վերջինիս վնասազերծելիս քաղաքացիները նրա աչքը վնասել էին:

Ամբողջ դատական նիստի ընթացքում Դանիելյանը ձեռքերով փակում էր դեմքը, դատավորի հարցերին պատասխանում ցածրաձայն: Ապա խնդրեց իրեն թույլատրել խոսել, և դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ի պատասխան նշեց, որ նրան խոսելու հնարավորություն կտրվի:

Սակայն այսօր Դանիելյանը խոսելու հնարավորություն չունեցավ: Պատճառն այն է, որ հրաժարվեց իր երկու պաշտպաններից ու խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել. նման պայմաններում նիստն այլևս շարունակվել չէր կարող:

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 355 000 դրամին համարժեք 500 000 ԱՄՆ դոլար գումար:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, ըստ մեղադրանքի, Դանիել Դանիելյանը պլանավորել է հանցագործության կատարումը, որից հետո 2018 թվականի մայիսի 03-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված գործարանային արտադրության 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված և իրեն պատկանող իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի «6030726» և «3034235» գործարանային համարներով 12 տրամաչափի ողորկափող մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող «УЗРГМ-2» տեսակի գործարանային արտադրության պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել մասնաճյուղ, որտեղ կարաբինից մեկ անգամ կրակոց արձակելով օդում՝ առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 242 355 000 դրամին համարժեք 500 000 ԱՄՆ դոլար գումար:

Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը, իր հանցավոր մտադրության իրագործման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, դիմադրությունը հաղթահարելով հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված, իր մոտ գտնվող կարաբինից մեկ անգամ կրակել է իր ծառայողական գործունեությունն իրականացնող Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային հատվածին և դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նրան:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները: Արամ Մկրտչյանը զենքի սպառնալիքի ներքո Դանիել Դանիելյանին ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին, որտեղ Արամ Մկրտչյանից կրկին պահանջել է իրեն հանձնել գումարները, սակայն, մետաղյա պահարանի գաղտնաբառը չստանալով, նույն շարժառիթներով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Վերջինիս ակտիվ դիմադրության՝ կրակելու պահին զենքի փողը դեպի ներքև հրելու արդյունքում կրակոցը կատարվել է հատակին, կարաբինը նույնպես ընկել է հատակին, որից անմիջապես հետո, Դանիել Դանիելյանը, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին և նրան պատճառել մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Արամ Մկրտչյանի առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս: Դանիել Դանիելյանին չի հաջողվել հանցագործությունը՝ Արամ Մկրտչյանի սպանությունն ավարտին հասցնել, միայն այն բանի շնորհիվ, որ վերջինիս հաջողվել է թաքնվել հարևանությամբ գտնվող պատի հետևում, բացի այդ, այդ պահին դրամարկղային բաժին եկած մասնաճյուղի գործառությունների համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով՝ զենքով և նռնակով սպառնալով, պահանջել է իրեն տրամադրել 500 000 ԱՄՆ դոլար գումար: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել և Դանիել Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ առանձնապես խոշոր չափերով 79 200 000 դրամը, 53 318 100 դրամին համարժեք 110 000 ԱՄՆ դոլարը, 23 066 637 դրամ 3 լումային համարժեք 39 690 եվրոն, 1 853 136 դրամին համարժեք 242 240 ռուբլին, 5 224 952 դրամին համարժեք 7925 անգլիական ֆունտ ստեռլինգը, 1 126 400 դրամին համարժեք 2980 կանադական դոլարը, 73066 դրամին համարժեք 200 ավստրալիական դոլարը և 92379 դրամին համարժեք 700 ՄԱԷ դիրհամը և դրանք նախ լցրել է Դանիել Դանիելյանի կողմից տրամադրված ուսապարակի, ապա պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պոլիէթիլենային տոպրակը, դուրս է եկել մասնաճյուղից և դիմել փախուստի՝ Գյուլբենկյան փողոցով գնացել է Արամ Խաչատրյան փողոցի ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter