HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Լեո Լեո Վարդանյանի ննջասենյակի լուսամուտը՝ վերաձեւակերպման օբյեկտ

«Արձանագրությունը ստատիկ, ամորֆ չէ, ընթացքի անընդհատ գրանցումն  է եւ անընդհատ նույնացումը պահի հետ» նշում է աբստրակցիոնիստ Լեո Լեո Վարդանյանը՝ ձեւակերպելով «Իմ լուսամուտից» ցուցադրության հիմնական օբյեկտի՝ ննջասենյակի լուսամուտի անընդհատ ֆիքսման ընթացքը։

Վարդանյանի «Իմ լուսամուտից» ցուցադրությունը բացվել է մայիսի 17-ին, ՀԲԸՄ ցուցասրահում, որտեղ ներկայացված է արվեստագետի լուսանկարչական առաջին ընդգրկուն նախագիծը։

Հանրությանը հայտնի լինելով որպես գեղանկարիչ՝ Լեոն այս անգամ ներկայանում է նոր մեդիայի միջոցով, սակայն զրույցի ընթացքում պարզ է դառնում, որ «լուսամուտն» անվերջ վերաձեւակերպման փորձարկման մեջ դրած արվեստագետն ինչ-որ առումով վերադառնում է ակունքին՝ շեշտադրելով, որ այս փորձառությունը եւս տանում է համոզմանը, որ ինքդ քեզ եւ շրջապատին առերեսվելու ամենախիտ եւ բացարձակ ձեւը արվեստի տարածքում է մնում։

Ցուցադրության հիմնական օբյեկտը Լեոյի ննջասենյակի լուսամուտն է, արտահայտման մեդիան՝ լուսանկարը։ Ստատիկ թվացող պատի խորշի ֆիքսման յուրաքանչյուր անգամը փոխում է առնչության ձեւը, լույսը, ինֆորմացիան, տրամադրությունը, եղանակը եւ ի վերջո ժամանակը, սակայն ներկայանում է հաստատուն կերպով՝ պահպանելով իր կայուն վիճակը։

Բացի լուսանկարներից ցուցադրությունում ընդրգկված է նաեւ 4 աշխատանք (օբյեկտը՝ լուսամուտը դառնում է խառը մեդիայի մաս), որտեղ Լեոն կատարում է իր նկարչական միջամտությունը՝ ապակու վրա տեղակայելով նախ լուսանկարը, ապա շերտավորելով այն։

Առանձին պատին տեսնում ենք նաեւ գեղանկարչական 4 աշխատանք, որոնք պահպանում են լուսամուտը՝ որպես սկզբնական ինֆորմացիոն միջոց, սակայն մեդիայի փոփոխությունը ձեւակերպումների փոփոխության է բերում։ Եվ ի վերջո ցուցադրության մեկ այլ կոմպոնենտի՝ վիդեոարտի միջոցով առնչվում ենք հիմնական օբյեկտի՝ լուսամուտի «ստատիկ» շարժմանը, որի ամբողջականության մեջ վարագույրի տատանումն անգամ փոխում է դիտման մեր անկյունը․․․ Ճիշտ այնպես ինչպես պատուհանը սովորական խորշ դիտարկելու փորձից անցում կկատարեինք այն որպես լույսի, ինֆորմացիայի եւ անընդհատ առնչության հնարավորություն դիտարկելու փորձին։

Մեդիաների բազմազանության կիրառումը Լեոն որպես հնարավորություն է ընդգծում, որի միջոցով կարող է ինքն իրեն տեսնել մեկ այլ հարթության վրա՝ մեծացնելով դիապազոնը, ամբողջացնելով ընթացքը՝ չկորցնելով հիմնական ելակետը/դիտակետը։

Ցուցադրության համադրողը Աննա Գարգարյանն է, ով հաջողել է տարբեր մեդիաներով ստեղծված գործերի հիմնական աղբյուրի «դասավորությունը» կազմակերպել այնպես, որ ունեցած ստատիկ մտայնությունը ձեւափոխվի շարժման եւ այդկերպ փոխակերպվի։

Աննան ցուցադրության մասին համադրողի իր տեքստում գրում է․ «Լեո Լեո Վարդանյանը աբստրակցիոնիստ է, որի աշխատանքները խորապես հոգեւոր են եւ խոհական: Լեոն բազմաշերտ արվեստագետ է, ով տիրապետելով տարբեր մեդիաների, ազատորեն դիմում է ռելիեֆային արվեստին, վիդեոարտին, պերֆորմանսին եւ լուսանկարչությանը: Շարքերի միջոցով նկարիչը ներկայացնում է անվերջ թվացող տարբերակներ՝ սեւեռուն, սակայն կառավարելի դիտանկյուններից: Իր ստեղծագործություններում նկարիչը խաղարկում է գծերն ու տարածությունը՝ ստանալով լույսի, գույնի եւ ռիթմի նրբերանգներ, որոնք նա կոչում է «վիբրացիաներ»։

Նմանապես, լուսանկարչական անդրանիկ նախաձեռնությունում՝ «Իմ լուսամուտից» ցուցադրությունում, Լեոն ստեղծում է կառավարելի միջավայր՝ արձանագրելով ֆորմալ էլեմենտները եւ դրանց խորհրդանշական նշանակությունները:

Այդ շարքի բուն առարկան ոչ թե Լեոյի ննջարանի պատուհանից բացվող տեսարանն է, այլ լույսի թրթիռները, նրա հարափոփոխ երանգները, որ տարբեր են օրվա յուրաքանչյուր պահին: Լեոյի «լուսամուտ» շարքը վիզուալ մարմնավորում է այն, ինչ իր վերջին գործում՝ Camera Lucida-ում այնքան դիպուկ նկատել է Ռոլան Բարտը. «Լուսանկարը միշտ անտեսանելի է. լուսանկարը այն չէ, ինչ մենք ենք տեսնում․․․ Լուսանկարը երբեք չի առանձնանում իր բնորդից»:

Կրկնության միջոցով Լեոն բացահայտում է հենց այս երևույթը՝ դիտողի ուշադրությունը տեսանելի բնորդից (լուսամուտից) շեղելով դեպի անտեսանելին (ժամանակը): Լեոյի «լուսամուտ» նախաձեռնությունը բնույթով վիզուալ օրագրություն է, որը դյուրազգաց է, խոցելի, բաղձալի, եւ որը արտացոլում է ժամանակի եւ, վերջին հաշվով, կյանքի ունայնությունը»:

«Պատուհան» եւ «լուսամուտ» տարբերակումը փոխում է վերաբերմունքի ձեւը։ Կարծեմ  թե շատ կարեւոր է, որ օբյեկտը ֆիքսվել է որպես լուսամուտ՝ լույսի աղբյուր, լույսի հոսքի տեղ եւ միջոց․․․

Որպես նկարիչ ինքս տերմինալոգիայի մեջ շատ չեմ խորացել, պատկերն ընկալել եմ որպես իմ ննջասենյակի պատուհան եւ այդ իմաստով նախագիծն էլ պատկերացնում էի «Իմ ննջասենյակի պատուհանից» անվամբ, բայց դրա մեջ, ըստ երեւույթին, պատմողական բան կա․․․

Երբ արդեն աշխատում ես համադրողի հետ (տվյալ դեպքում՝ Աննա Գարգարյանի), քեզ բացատրում է բառային տարբերությունը հենց մասնագիտական տեսանկյունից, հասկանում ես, որ զուտ բառային իմաստով պատուհանը նույնացվում է պատից հանելու, պատի մեջ առանձնացում անելու հետ, իսկ այս դեպքում լուսամուտն ավելի դիպուկ է, որովհետեւ որպես լույսի աղբյուր է արձանագրում օբյեկտըայն առաջին ինֆորմացիան է, թափանցումը դեպի իմ կյանք։ Այդ լուսամուտի մեջ է եւ ժամանակը, եւ եղանակը, եւ փոփոխությունը, եւ տրամադրությունը։

Ստացվում է՝ լույսի մշտական աղբյուրի, առաջին ինֆորմացիան հաղորդող օբյեկտը կոնկրետացնում ես քո արձանագրության միջոցով, մինչդեռ ինքը վաղը, մյուս օրը, այն մյուս օրը շարունակելու է նորովի ներկայանալ քեզ։

Բացարձակ տեսանկյունից, այո, ինքը միշտ կա, բայց դու միշտ չէ, որ կոնտակտ ունես իր հետ, միշտ չէ, որ կարող ես «տեսնել» կամ «ընկալել» իրեն։ Ի վերջո լուսանկարչական ապարատը վերցնում եւ արձանագրում ես պատկերն այն ժամանակ, երբ կոնտակտն զգացիր։ Ավելին՝ կադրն անելուց առաջ արդեն գիտես, որ ինքը լինելու է նաեւ արձանագրման պահից հետո, դրա համար ձեւակերպումն այլեւս վախ չի կարող առաջացնել։

Այսինքն օբյեկտին՝ տվյալ դեպքում լուսամուտին, միտումնավոր ես վերաբերում։

Միտումնավոր չես կարող վերաբերել մի բանի, որը հայտնաբերել ես։ Ես տարիներ հետո եմ հասկացել, որ իմ որոշ վիբրացիոն, էսթետիկական խորություններ, զգացողություններ եկել են հենց այդ պատուհանից։

Այսինքն այդ պատուհանը միշտ է իռացիոնալ ձեւով ազդեցություն ունեցել ինձ վրա, բայց չեմ կենտրոնացել, ռացիոնալ իմաստով վերլուծություն չեմ արել, հայտնաբերելուց հետո նոր միայն կարեւորել եմ։

Երբ կարեւորման պահը ֆիքսվեց լուսանկարչության միջոցով, հասկացա, որ զգացողությունը շատ է նրբացել։ Անկախ այն բանից ապարատը լիցքավորված էր, թե չէ, հոսանք ուներ, թե չէ, ես պիտի ֆիքսեի պահը։ Այդպես եղան լուսանկարներ, որոնք արեցի հեռախոսի միջոցով։ Շատ հաճախ որակյալ կադր դեռ չի նշանակում ամենաիսկական կոնտակտ, երբեմն գործիքդ կարող է լինել ամենասովորական հեռախոսը, որը հնարավորություն է տալու կոնտակտը ֆիքսել ճիշտ պահին։

Լուսամուտի ֆիքսման պահից սկսած՝ հարաբերության ձեւ փոխվե՞լ է, ներսից դուրս նայելու դիտանկյունն ազդեցություն կրե՞լ է։

Հետաքրքիր բան ես ասում․․․ Երբ արդեն լուսանկարը՝ որպես արձանագրություն, ավելի ուշ եմ դիտում, հասկանում եմ, որ ընթացքի ժամանակ շատ հաճախ չեմ ընկալել այն, ինչ ֆիքսել եմայսինքն դադարի պահին կադրն արդեն ուրիշ է երեւում։ Ի վերջո պահի արձանագրումն իր մեջ կրում է նաեւ տարածության անսահմանի գիտակցությունը, ժամանակի հարափոփոխությունը, իսկ լուսանկարն արդեն հնարավորություն է տալիս վերապրել պահը, որը ֆիքսեցիր։

Սուբյեկտիվ իմ դիտարկմամբ գեղանկարչությունդ կրկնության մի համաչափություն ունի, որը որ ներսում խախտումներ է դրսեւորում, բայց ընդհանուր համաչափությունը դրանից չի խախտվում։ Այս լուսանկարների դեպքում էլ նույն բնորոշումը կտայի։ Տպավորություն է, որ խախտման պահին սպասում ես։

Տես՝ լուսանկարների ընտրության մեծ բազա ունեմ (թիվը հազարից անցնում է), եւ, եթե զուտ միջամտելու, ամեն բան ռացիոնալ ձեւով ընտրելու տեսանկյունից նայենք, կարող էի այնպես անել, որ որեւէ կրկնություն չլիներ, եւ օրիգինալության կոնտեքսում ներկայանայի, բայց այս գործերի ընտրությունը պայմանավորված է եղել այն տրամաբանությամբ, թե որի մեջ եմ ես ինքս ինձ ավելի շատ տեսնում․․․

Այսինքն ցուցադրված ամեն մի լուսանկարի միջոցով նախ ֆիքսում ես, որ «հետեւում կանգնածը», կրողը ինքդ ես։

Անշուշտ, որովհետեւ ունեմ անթերի լուսանկարներ, որոնք չեն ցուցադրվել, բայց հակառակն արել եմ, ընդգրկել եմ գործեր, որոնք ունեն թերություններ, որովհետեւ այդ թերությունների մեջ անգամ իմ ես-ի շարունակությունն եմ տեսնում։

Երբ լուսանկարն արդեն խառը մեդիայի մաս է դառնում, փաստորեն ինչ-որ առումով այդ կերպ վերաձեւակերպում ես նաեւ քեզ։ Ստացվում է՝ քեզ եւս մեկ անգամ հաստատող միջամտություն, որը միաժամանակ ինտիմ սկզբնաղբյուր ունի։

Ի սկզբանե արվեստի ձեւաչափը ոչ թե ինքնահաստատման հնարավորություն է ստեղծում (եւ ոչ էլ ինքնահաստատումն այս իմաստով առաջնային է), այլ քո ես-ի իրական շարունակությունն է ապահովում։ Այդ իմաստով հաղորդակցության պես է, եւ մի անկյունից հնարավոր չէ նայել ու հստակ բնորոշում տալ, բայց կյանքը՝ մտային, զգացական, էսթետիկական առումով լիարժեք ապրելու հնարավորություն է ստեղծում, որն արձանագրում ես։

Ամեն դեպքում առիթ է ստեղծվել այդ վերաձեւակերպմանխառը մեդիայով ստեղծված 4 գործերի դրսեւորումը դրա արդյունքում չէ՞, որ ամրագրվել են։

Այստեղ ամեն ինչ փոխվում է՝ չափը, նյութը, գույնը։ Այս փոփոխության հիմնական ենթատեքստն արդեն կա լուսամուտների տրամադրության մեջ։ Այսինքն լուսանկարներն արդեն ենթադրում են վերաձեւակերպում, որովհետեւ ամեն լուսանկար ընդգծում է դրսեւորման տարբերությունը եւ միաժամանակ թեմատիկ նույնությունը։

Ի վերջո փոխվում է եղանակը, տարին, ժամանակը, այդպես փոխվում է նաեւ նյութը, ձեւը, չափը, եւ միայն լուսամուտն է մնում իր տեղում՝ ստատիկ, հաստատուն։

Գնացի մեդիայի փոփոխության, ստեղծվեցին այդ 4 գործերը, որովհետեւ հասկացա՝ ապակին, որը օտարի մարմին չէ, կապված է լուսամուտի հետ, կարող է իր վրա կրել մի քանի մեդիա միանգամից, հասկացա նաեւ, որ գործ ունեմ ոչ թե ուղղակի նյութի հետ, այլ առերեսման․․․ Ավելի պարզ ասած՝ լուսանկարը ապակու միջոցով հանդիպում է գեղանկարչությանը։

Երկու մեդիաների՝ լուսանկարչության եւ գեղանկարչության այստեսակ «հանդիպումը» կարեւոր էր ինձ համարհասկացա, որ նախապատվությունս գեղանկարչությունն է։ Կոնկրետ իմ դեպքում ստացվեց այնպես, որ գեղանկարչությունը «մաքրեց» լուսանկարչությունը՝ հաստատելով իմ նկարչական տեսակը, նկարչական ոգեւորությունը հենց այս 4 գործի միջոցով։

Արձանագրությունները՝ տարբեր մեդիաներով, տարբեր վարիացիաներով ինչո՞վ են կարեւոր դառնում քեզ համար։

Արձանագրությունը ստատիկ, ամորֆ չէ, ընթացքի անընդհատ գրանցումն է եւ անընդհատ նույնացումը պահի հետ։  Դու քեզ տեսնում ես այդ ձեւի մեջ, այդ ֆորմայի մեջ, առերեսվում ես ինքդ քեզ եւ շրջապատիդ հենց արվեստի միջոցով։ Սա ինձ համար բացարձակ է առնչության ամենախիտ ձեւը հենց արվեստի տարածքով եմ պայմանավորում։

Մեծ հաշվով մատնահետքի խնդիրն է առաջ գալիս նաեւ, որովհետեւ արվեստը էվոլյուցիոն կոնտեքստից դուրս է եկել, եւ միակ բանը, որ մնում է առաջարկել դիմացինին, իրական ես-դ է, մատնահետքդ, որը ժամանակակից է, անկեղծ ու արդիական։

Նմանատիպ առերեսումները երկխոսության տեղ բացու՞մ են․․․

Եթե երկխոսությունը դիտենք որպես ակտ եւ ոչ որպես իմիտացիա, այլ տրանսֆորմացիա, ապա, այո, արվեստային տարածքում երկխոսություն կարող է առաջանալ։

Ցավոք արվեստագետներից շատերը դուրս են արվեստային իրական սահմաններից, եւ իրենց արածն էլ իմիտացիոն բնույթ ունի, գործն ստեղծվում է անհասկանալի մի տեղից՝ առանց հիմքերի։ Իրականում միջավայրի ստեղծումն է, որից «դուրս է գալու» գործը, կադրը, կտավը։ Այդ միջավայրի եւ ինքդ քեզ հետ առերեսվելու արդյունքում է հնարավոր դառնում արվեստը։

Հ․Գ․ «Իմ լուսամուտից» ցուցադրությունը բաց կլինի մինչեւ հունիսի 3-ը (ՀԲԸՄ ցուցասրահ, Մելիք-Ադամյան 2/2)։

Շարքի լուսանկարների բնօրինակները տրամադրել է Լեո Լեո Վարդանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter