
«Ինչ երազում էինք, հինգ տարում ունեցանք». Երևանից Դիլիջան տարած երազանքները
Նկարիչ ամուսիններ Հասմիկ Սողոմոնյանն ու Միքայել Թորոսյանն արդեն հինգ տարի բնակվում են Դիլիջանում: Դիլիջանյան իրենց կյանքը սկսել են զրոյից՝ ոչինչ չունենալով: Այժմ ամուսիններն արդեն ունեն իրենց ձեռքով կառուցած սեփական տուն, հուշանվերների խանութ, որտեղ վաճառում են իրենց ստեղծած աշխատանքները, իսկ Հասմիկը Դիլիջանի կանանց սովորեցնում է ձեռքի աշխատանքների հմտություններ, բացի այդ, որպես տեխնոլոգիայի ուսուցիչ՝ աշխատում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում:
«Արվեստի հանդեպ սերս արթնացել է Դիլիջանից ու ես կարծես ուզենայի հետ գայի ու իր տվածը հետ տայի իրեն: Դիլիջանում կա աննկարագրելի բնություն։ Այդ միջավայրում անհնար է, որ մարդն արվեստի հանդեպ անտարբեր լինի»,-ասում է Հասմիկը:
Հասմիկի մանկության տարիներն անցել են Դիլիջանում, այնտեղ է բնակվել մինչ Երևանի Գեղարվեստի ակադեմիա ընդունվելը:
Դիլիջան տեղափոխվելու մտքին թերահավատորեն էր մոտենում և երկմտում՝ հաշվի առնելով քաղաքի ենթակառուցվածների ցածր զարգացվածությունը:
«Երևանում իմ զարդերի վաճառքով բավական կայացել էի, ունեի իմ պատվիրատուները, իմ գործը, իմ բրենդը՝ «Armenia On Silk»-ը: Իսկ ամուսինս մի քանի տեղ աշխատում էր որպես դիզայներ, սակայն իր սեփական բիզնեսը չուներ: Առաջարկեց տեղափոխվել Դիլիջան: Ասաց՝ ես հոգնել եմ ուրիշի ձեռքի տակ աշխատելուց, ուզում եմ սեփական բիզնես ստեղծենք: Այդ ժամանակ արդեն հուշանվերների խանութ ունենալու գաղափար կար»:
Հասմիկն ու ամուսինը Դիլիջան տեղափոխվելուց հետո քաղաքի կենտրոնում հիմնեցին «Նռանի» անվանումով հուշանվերների խանութը: Այնտեղ վաճառում են ինչպես իրենց, այնպես էլ տեղի արվեստագետների աշխատանքները: Հասմիկը պատրաստում է թաղիքից, կավից և փայտից զարդեր, իսկ ամուսինը՝ գեղանկարներ է անում, պատրաստում կաշվե պայուսակներ, թևնոցներ։
Չնայած Դիլիջան տեղափոխվելու առաջին տարիներին ֆինանսական դժվարություններ ունեին, սակայն որոշեցին ռիսկի դիմել, վարկ վերցնել և Միքայելի համար լազերային հաստոց գնել: Դրանով Միքայելը սկսեց կաշվե իրերի վրա փորագրել: Ասում է՝ ռիսկն արդարացվեց, քանի որ դրանք այս պահին առավել պահանջված պատվերներն են:
Հասմիկը հուշանվերների խանութի երկրորդ հարկում նաև թաղիքագործության, պոլիմերային կավի, դեկուպաժի (դեկորատիվ իրերի զարդարում՝ անձեռոցիկով) դաս էր տալիս դիլիջանցի կանանց:
Հետագայում սկսեց աշխատել «Մեյդ»-ում՝ արվեստի և արհեստի կենտրոնում, որտեղ Դիլիջանի կանանց ձեռագործության, թաղիքագործության և այլ նյութերով պատրաստվող զարդերի դասեր է տալիս, օգնում մշակել թղթե թափոնները։
Ասում է՝ «Մեյդ»-ը իր երազանքների հարթակն է: Այնտեղ կարողանում է հմտություններով և գիտելիքներով կիսվել այն կանանց հետո, ովքեր դրա կարիքը ունեն: Նպատակ ունի Դիլիջանում բնակվող, աշխատանք չունեցող կանանց սովորեցնել ձեռքի աշխատանքների հմտություններ, որպեսզի հետագայում դրանք օգտագործելով՝ բիզնես ստեղծեն, դառնան ֆինանսապես ինքնաբավ։
«Այսինքն՝ տանք գիտելիք, որը կդառնա որակ, և ցույց տանք գործարար դառնալու ճանապարհները: Ես միշտ ասում եմ՝ եթե դուք կարողանաք ձեր հասարակ ծախսերը հոգաք, ես կգտնեմ, որ իմ միսիան կատարել եմ: Որովհետև ես ինքս այդ ճանապարհն անցել եմ»:
Հասմիկին չի վախեցնում այն կարծրատիպը, որ մայրաքաղաքից դուրս աշխատանք չկա։ Վստահ է՝ եթե մարդն իր վրա աշխատի, կկարողանա ցանկալի աշխատանքն ունենալ և նորմալ վարձատրվել: Ասում է՝ չպետք է մտածել փոքր համայնքների դժվարությունների և պայմանների սղության մասին, այլ համայնքներին օգնել համաչափ զարգանալ, իսկ տեղի բնակչությանը՝ կրթել։
«Ինչ երազում էինք, հինգ տարում ունեցանք, և կասեմ՝ նույնիսկ ավելին: Բայց ամենակարևորը ես ինձ համար կարևոր գործ եմ անում, որից ինձ երջանիկ եմ զգում․ օգնում եմ դիլիջանցի կանանց»,- ասում է Հասմիկը։
Հիմա Հասմիկը արծաթագործություն է սովորում, շուտով արծաթից էլ զարդեր կպատրաստի։ Ասում է՝ իր վաղեմի երազանքն իրագործվեց Դիլիջանում։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել