HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևանի քաղաքապետը խոստացել է Լուկաշին փողոցն ապահովել ենթակառուցվածքներով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամներին խոստացել է Լուկաշին փողոցն ապահովել ենթակառուցվածքներով։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը։

Նրա փոխանցմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին փողոցում հողամաս ունեցողներն արդեն կարող են շինարարական թույլտվություն ստանալ. նրանց հողամասերի վրայով անցնող էլեկտրական լարերը հոսանքազրկվել են, որոշ հատվածներում` հեռացվել։

«Պայմանավորվածությունը էլեկտրական լարերի սեփականատիրոջ հետ եղել է, որ էլեկտրացանցը նրան հոսանք է մատակարարում այլ վայրից, ինքն իր լարերը հավաքում է։ Ամեն դեպքում, լարերի ներսի հոսանքն անջատված է, և այդ մարդիկ արդեն կարող են գնան, շինթույլտվություն ստանան։ Այդ մարդը ժամանակի ընթացքում լարերը կհավաքի»,- նշեց Լևոն Զաքարյանը։

Քաղաքապետը խոստացել է նաև թաղամասում ճանապարհներ կառուցել, կոյուղագծեր անցկացնել։

Լուկաշին թաղամասի խնդիրներին «Հետք»-ն անդրադարձել էր փետրվարին։ Հիշեցնենք, որ այս փողոցի բնակիչներն ու այնտեղ հողամաս ունեցողներն ութ տարի շարունակ քաղաքապետարանից պահանջում էին կատարել իրենց հետ կնքած պայմանագրի պահանջները՝ կառուցել ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, արտաքին լուսավորություն անցկացնել։

Լևոն Զաքարյանի փոխանցմամբ՝ թաղամասը բոլոր ենթակառուցվածքներով ապահովված չէ, բացի այդ՝ տարածքում մոտ քսան հողատարածքի վրայով բարձր լարման մալուխներ են անցնում, որի պատճառով այդ հողամասերի սեփականատերերը չեն կարողանում շինարարական թույլտվություն ստանալ։

Այդ լարերի հեռացման աշխատանքների իրագործմանը միջամտել է Երևանի քաղաքապետը։ Ավագանու անդամի հաղորդմամբ՝ վերջինս զրուցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Կենտրոն տարածքային համակարգման տնօրինության տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ

Ղազինյանն ու Լևոն Զաքարյանը գնացել են նաև Լուկաշին, տեղում ծանոթացել իրավիճակին։ «Պարոն Ղազինյանը խոստացավ, որ քսան օրում այդ կաբելը դուրս կգա, և այդ մարդիկ հնարավորություն կունենան շինթույլտվություն ստանալ։ Եվ այդ խոստումն արդեն կատարվել է։ Այդ հարցը շատ կարևոր էր, լուծվեց։ Իսկ կոյուղաջրերը, որ գետնի վրայով ուղղակի հոսում էին տարիներով, դրանց համար էլ անցկացվել են խողովակներ, ու հիմա այդ հարցը նորմալ լուծվել է»,- ասաց Լևոն Զաքարյանը։

Ավագանու անդամի փոխանցմամբ՝ քաղաքապետարանը նախատեսում է այս կամ մյուս տարվա ծրագրում ներառել նաև փողոցում կոյուղագծեր անցկացնելու, ճանապարհներ կառուցելու ծրագիրը։

Զաքարյանն ասում է՝ Լուկաշինը մեծ թաղամաս է՝ մեծ խնդիրներով, տարիներ շարունակ դրանք չեն կարգավորվել, այժմ դրանք մաս-մաս կարգավորելու քայլեր են ձեռնարկվում։

Լուկաշին փողոցի բնակիչ Սևադա Սարգսյանը «Հետք»-ին հայտնեց, որ էլեկտրական լարերի խնդիրը վերջնականապես չի կարգավորվել։ Ըստ նրա, միայն սեփականատիրոջ տարածք գնացող էլեկտրական լարերն են կտրվել, դրանք օդի մեջ կախված թողել և հեռացել են։

«Բարձրավոլտ մալուխները պետք է հանեին, որ 20-25 ընտանիք կառուցապատման իրավունք ունենար։ Այդ մալուխների հետ աշխատանքը կատարվել է մասամբ։ Իմ ենթադրություններով, քաղաքապետարանն իր պարտականությունները կատարել է, բայց այն, ում մոտ գնում էր այդ հոսանքը և հաջորդ մասի լարերը, պետք է ինքը հեռացներ, որը չի կատարել։ Այժմ անձրևի ժամանակ այս լարերը դարձել են շանթարգելիչ, սիրուն կայծակներ ենք տեսնում»,- ասում է Սևադա Սարգսյանը։

Սևադա Սարգսյանը տեղեկացրեց, որ կոյուղաջրերի համար խողովակներ են անցկացվել, այլևս թաղամասում գարշահոտություն չի տարածվում, կոյուղաջրերը ինքնակամ չեն հոսում։ Սակայն, թե թաղամասը երբ ամբողջապես կապահովվի խմելու ջրով, Երևանի քաղաքաքապետարանից չեն հայտնել։

«Ամենագլոբալ խնդիրներից մեկը լուծվել է՝ կոյուղաջուրն այլևս չկա։ Սանիտարահիգիենիկ պայմանները, կարելի է ասել, որ արդեն լուծված են, որովհետև կեղտաջուրն այլևս չի բուրում»,- նշեց Սևադա Սարգսյանը։

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ի պատասխան Սևադա Սարգսյանի վերը նշված դիտարկման, նշեց, որ էլեկտրական մալուխները հոսանքազրկված են, այդ հատվածներում անձրևի ժամանակ չի կարող կայծակ առաջանալ։ Այս մասին նրան հավաստել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Կենտրոն տարածքային համակարգման տնօրինության տնօրեն Դավիթ Ղազինյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter