HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ֆուտբոլային սկանդալի մեջ հայտնված «Ուլիսի» նախկին մարզիչը սպասում է արտոնագրի վերականգնմանը

«Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանն, ըստ էության, կրկին կարող է զբաղվել մարզչական գործունեությամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կարգապահական կոմիտեն օրերս տեղի ունեցած նիստի ժամանակ քննարկել է ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանի գրությունը Գ. Սիմոնյանին պատասխանատվության ենթարկելու մասին եւ որոշել, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12 հոդվածով նախատեսված բավարար հիմքեր չկան, որպեսզի Սիմոնյանը պատասխանատվության ենթարկվի:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 21-ին ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել ՔՕ 201 հոդվածով («Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը»): Նույն ամսում իբրեւ մեղադրյալ ներգրավվել ու դատարանի որոշմամբ կալանավորվել էին «Ուլիս-2» թիմի ադմինիստրատոր Արա Ազարյանը, «Ուլիս» թիմի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, իսկ օրեր անց՝ արդեն 2016-ի հունվարին, մեղադրանք էր առաջադրվել «Ուլիս-2»-ի ֆուտբոլիստ Հայկ Հունանյանին ու նույն թիմի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին, որոնք նույնպես կալանավորվել էին: Ազարյանն ու Սիմոնյանը կալանքի տակ էին մնացել 6 ամիս, Հունանյանը 2 ամիս անց գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել, իսկ Առուշանյանը 5 ամիս կալանքի տակ մնալուց հետո ճանաչվել էր անմեղսունակ, եւ հետագայում դատարանը նրա նկատմամբ նշանակել էր հարկադիր բուժում ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Ռուբեն Առուշանյանը մեղավոր է ճանաչվել նրանում, որ օժանդակել է «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերի մի քանի մարզիկների ցանկալի արդյունք ապահովելու համար կաշառք ստանալ: Նույնի մեջ մեղադրվել է նաեւ ադմինիստրատոր Արա Ազարյանը: Ըստ մեղադրանքի՝ նա օժանդակել է, որ Գ. Սիմոնյանը, Հ. Հունանյանն ու մարզամրցումների այլ մասնակիցներ որպես կաշառք բուքմեյքեր Էդգար Պետրոսյանից առավելություններ եւ գումար պահանջեն ու ստանան: Գ. Սիմոնյանն ու ֆուտբոլիստ Հ. Հունանյանը մեղադրվել են կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ: Իր հերթին բուքմեյքեր Պետրոսյանը մեղադրվել է նրանում, որ արհեստավարժ մարզամրցումների արդյունքների վրա ազդելու նպատակով որպես կաշառք դրանց մասնակիցներին տրամադրել է առավելություններ եւ տվել է գումար: 

«Հետքը» մանրամասն գրել է այս քրեական գործում ծագած մի շարք հարցերի մասին, որոնց այդպես էլ պատասխան չի տրվել: Նշել էինք, որ ԱԱԾ-ում հարուցված քրգործն ընդամենը այսբերգի գագաթն է, այն էլ՝ շատ փոքր գագաթը: Դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ փաստերի հիման վրա են մեղադրյալ դարձել գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանն ու բուքմեյքեր Էդգար Պետրոսյանը, փոխարենը «Ուլիսի» որոշ ֆուտբոլիստներ, որոնց վերաբերյալ ոչ միայն իրենց իսկ թիմի հանդիպման վրա խաղադրույք կատարելու ցուցմունքներ կան, այլեւ գաղտնալսումներ, մնացել են իբրեւ վկա: ԱԱԾ-ն այդպես էլ չէր կարողացել հարցաքննել «Ուլիսի» հովանավոր Վալերի Օգանեսյանին, որը, ըստ գաղտնալսումների, նույնպես խաղադրույք է կատարել:

Բայց ամենամեծ հարցն այն է, որ քրեական գործի առանցքում ընդամենը մի քանի հազար դոլար է (քննության թիրախում Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության «Արարատ»-«Ուլիս» (3-1) հանդիպումն էր, որը կայացել էր 2015-ի նոյեմբերի 28-ին), այնինչ թե՛ ՀՖՖ-ն, թե՛ ԱԱԾ-ն «Հետքի» հարցումներին ի պատասխան չեն ցանկացել մեկնաբանել ընդհանուր մի քանի միլիոն դոլարի չափով խաղադրույքների մասին տեղեկությունները՝ հերքել կամ հաստատել դրանք: Գ. Սիմոնյանը շեշտում է, որ իրական սկանդալը 2,5 միլիոն դոլար ընդհանուր գումարն է, որն ինչ-որ անձանց կողմից դրվել է Հայաստանի առաջնության տարբեր տուրերի 5 հանդիպումների վրա, սակայն այս հանգամանքը քննության առարկա չի դարձել, փոխարենը շեշտը դրվել է «Ուլիսի» աշխատողների կատարած խաղադրույքների վրա: Հավելենք, որ Սիմոնյանի կողմից խաղադրույք կատարելու որեւէ ապացույց գործում չկա, նա հերքում է իր մեղքը եւ պնդում, որ դարձել է ուրիշների «կեղտոտ խաղերի» զոհը:

Իսկ ամենամտահոգիչն այն է, որ ՈւԵՖԱ-ի հաշվետվություններում իբրեւ կեղծված կամ կասկածելի խաղերի մասնակիցներ նշված է եղել ոչ միայն Երեւանի «Ուլիսի» անունը, այլ նաեւ ուրիշ ակումբների, որոնք, փաստորեն, ջրից չոր են դուրս եկել:

Դատարանում Գ. Սիմոնյանը, Ա. Ազարյանը, Հ. Հունանյանը եւ Է. Պետրոսյանն ընդունել են իրենց մեղքն ու միջնորդել, որ իրենց հանդեպ կիրառվի համաներում, ինչն էլ տեղի է ունեցել: Գագիկ Սիմոնյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ համաներման համաձայնել է միայն մեկ բանի համար՝ որպեսզի վերադառնա մարզչի աշխատանքին: Չնայած նա ցանկացել է անպայման արդարացվել, ՀՖՖ-ից տեղեկանալով, որ համաներման դեպքում եւս կարող է վերականգնել մարզչական արտոնագիրը, հրաժարվել է առաջին մտքից: Դատարանի կողմից համաներում կիրառելու եւ գործի վարույթը կարճելու որոշումից մեկ օր շուտ, սակայն, Սիմոնյանին ֆեդերացիայից հայտնել են, թե պիտի արդարանա, ինչը գործնականում հնարավոր չէր, քանի որ բողոքարկման համար ժամանակ գրեթե չէր մնացել: Մարզիչը գնացել է ֆեդերացիա, հանդիպել փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հետ, տեղեկացրել, որ եթե արտոնագրի հարցը չլուծվի, ՀՖՖ շենքի առաջին հարկում հացադուլ է անելու: Նրան ընդունել է ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սիմոնյանի պատմելով՝ իր ներկայությամբ Վանեցյանը զանգահարել է ԱԱԾ, հետաքրքրվել՝ արդյոք իր մեղքը հիմնավոր է եղել: Դրանից հետո ասել է, որ իրենք կզանգեն Սիմոնյանին: «Ես ասացի՝ եթե կգտնեք մի բան, որում ես մեղավոր եմ, գնամ նստեմ»,- պատմել է մարզիչը:

Երկար ժամանակ Գագիկ Սիմոնյանը սպասել է խնդրի հանգուցալուծմանը: Նրան ֆեդերացիայից ասել են, թե պիտի ստանան ՈւԵՖԱ-ի դրական պատասխանը: Եվ ահա վերջերս ՀՖՖ առաջին փոխնախագահ Ա. Մելիքբեկյանը մարզչին տեղեկացրել է այդ մասին, ինչից հետո Սիմոնյանը մամուլում կարդացել է, որ կարգապահական կոմիտեն իրեն պատասխանատվության ենթարկելու բավարար հիմքեր չի գտել: Չնայած նախկինում «Ա» կարգի մարզչական արտոնագիր ունեցող Սիմոնյանը դեռ չի ստացել նորը, կարելի է ասել, որ ՈւԵՖԱ-ի եւ ՀՖՖ կարգապահական կոմիտեի վերջին գործողությունները նրա առաջ կանաչ լույս են վառում մարզչական գործի վերադառնալու համար:

Այդուհանդերձ, ակնհայտ է հակասությունը. մի կողմից՝ Գ. Սիմոնյանը քրգործով մեղադրվել ու դատարանում համաներվել է, մյուս կողմից՝ ՀՖՖ-ն ֆուտբոլային կանոնների խախտման առումով բավարար հիմք չի տեսել նրա գործողություններում: Իսկ եթե տեսներ, ապա մարզչին կարող էին սպառնալ հետեւյալ պատժատեսակները՝ 2-5 մլն դրամի տուգանք եւ/կամ 3 տարուց մինչեւ ցմահ ժամկետով որեւէ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու արգելք:

Գագիկ Սիմոնյանը «Հետքին» ասում է, թե արտոնագիրն ստանալուց հետո շարունակելու է պայքարել, որ ֆեդերացիան եւ իրավապահ մարմինները գտնեն ոչ միայն այս գործով իրական մեղավորներին, այլեւ հիմնովին քանդեն հայկական ֆուտբոլում խաղ տալ-առնելու արատավոր մեխանիզմները:           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter