HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն անդրադարձան դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության հարցին

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով։ Թեև հանձնաժողովի անդամները հավատացնում են, որ արտահերթ նիստը դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության թեմայով չի հրավիրվել՝ նիստը սկսվեց հենց Ազարյանի թեմայով:

Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը 2018 թվականի օգոստոսին քննած և նրան անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն է: Քոչարյանի ազատ արձակումից հետո լուր տարածվեց այն մասին, որ դատավորի ատենախոսության 17 էջը կրկնությունն է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու գիտական աշխատանքից:

Ազարյանի ատենախոսության թեման նորից հանրային օրակարգում հայտնվեց օրեր առաջ՝ այն բանից հետո, երբ առաջին ատյանի դատարանը որոշեց Ազարյանի որոշումից ամիսներ անց նորից կալանավորված Քոչարյանին, այս անգամ անձնական երաշխավորությամբ, ազատել ու նրան վերագրվող արարքի՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար դիմել Սահմանադրական դատարան:

Այդ ժամանակ լուրեր տարածվեցին այն մասին, որ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին և Արշակ Վարդանյանը:

Այսօրվա նիստին հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հիշեց, որ օրեր առաջ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով գրագողության վերաբերյալ իր մտահոգությունների մասին, անդրադարձել է նաև Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությանը:

«Գրագողությունը համարելով մեծագույն չարիք և մեծագույն մարտահրավեր գիտության զարգացման համար՝ այսօր կքննարկենք օրենսդրական բարեփոխումների հարցը այդ արատը արմատախիլ անելու համար»,- ասաց Հայրապետյանը:

Շուտով նա անդրադարձավ Ազարյանի՝ վերջին օրերին արած հայտարարություններին, հիշեց, որ դատավորը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ոչ անաչառ դատավորների հրաժարականի դիմում գրելու կոչին, ասել է, թե հրաժարական կտա, եթե վարչապետը հրաժարական տա:

«Այդ հայտարարությունից չէր հասցրել անցնել մի քանի օր, երբ NEWS.am կայքին տված մեկ այլ հարցազրույցում դատավոր Ազարյանն ասաց, թե ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իր հարցը»,- Ազարյանի խոսքերը մեջբերեց պատգամավորն, ապա նշեց, որ կարծում է՝ դատավոր Ազարյանը նկատի է ունեցել նաև իրեն: Հայրապետյանը նշեց, որ ինքը կարող է նույն ոճով արձագանքել, բայց զերծ է մնում դա անելուց:

«Ես կարծում եմ, որ սա անհարգալից վերաբերմունք է նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Հայրապետյանն ու հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորներին ընտրել են քաղաքացիները:

Հայրապետյանը կարծիք հայտնեց, թե ԱԺ պատգամավորի գործը չէ այս կամ այն դատավորի գնահատելը: Բայց, այնուամենայնիվ, ըստ ԱԺ պատգամավորի, դատավորների արած արտահայտությունները կարող են ստվերել ամբողջ դատական համակարգի համբավը, ուստի նրանք պետք է առավել նրբանկատ լինեն իրենց արտահայտություններում:

Նիստին ներկա էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Վերջինս կարծիք հայտնեց, որ գիտությունն ու քաղաքականությունը պետք է տարանջատել:

Գոգյանը հիշեցրեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հոդվածը, որը տպագրվել է «Հետքում» ու նշեց, թե դրանում իրեն մեղադրում են դատավոր Ազարյանի դեմ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ: Գոգյանը նշեց, որ Ալեքսանդր Ազարյանի թեման քննարկման առարկա է դարձել, երբ մի քաղաքացի գնացել է ԲՈԿ ու նշել, թե  Ազարյանի ատենախոսության մեջ այլ գիտական աշխատանքից վերցված հատվածներ կան: Ըստ Գոգյանի՝ վերը նշված հանգամանքը ստուգվել է, տեքստում իսկապես համընկնումներ են եղել:

Դրանից որոշ ժամանակ անց, Գոգյանի խոսքով, լրատվական կայքերից մեկում հայտնվել է Ազարյանի ատենախոսության թեմայով հոդվածը:

Գոգյանը նշեց, որ իր նշանակումից հետո իրենց բազմիցս հարց են տվել՝ կապված Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության հետ:

«Եթե ես ցանկանայի քաղաքականացնել, սրանից ավելի լավ առիթ չկար»,- ասաց Գոգյանը:

Նշենք, որ Գոգյանի խոսքից առաջ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ Տարոն Մարգարյանի ատենախոսության մեջ այլ գիտական աշխատանքի հետ համընկնումներ չեն հայտնաբերվել:

«Գուցե մենք համոզված ենք, որ դա գրվել է այլ անձի կողմից, բայց չենք կարող մեղադրանք հնչեցնել»,- ասել էր Հովհաննիսյանը:

Սմբատ Գոգյանը նշեց նաև, որ գիտնականների մեջ բոլորը գիտեն, թե ով ով է, ով ում ատենախոսությունն է գրել, ինչի դիմաց և այլն, պարզապես այդ հանգամանքների մասին չեն բարձրաձայնվում:

ԲՈԿ նախագահը չնշեց, թե Ազարյանի հարցով իրենց կառույց գնացած քաղաքացին ով է՝ խոստանալով նրա հետ համաձայնեցնելուց հետո միայն տալ անունը:

Հարցին՝ Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության և Ռշտունու գիտական աշխատանքում համընկնումներն ի՞նչ բնույթի են, արդյոք դրանք իրավական հղումների թե՞ վերլուծական  մտքի կրկնություններ են, Գոգյանը հստակ չպատասխանեց՝ հիշեցնելով, որ ինքը մաթեմատիկոս է:

ԲՈԿ նախագահը նշեց, որ Ազարյանը գիտական կոչումից չի զրկվի. նման իրավական կարգավորում այս պահին չկա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter