HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Վազգեն Ռշտունին՝ Քոչարյանի գործով որոշումը գրելու, Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության, իր ունեցվածքի մասին

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին պատրաստ է վեթինգի ենթարկվել, բայց չի ողջունում բոլոր դատավորներին վեթինգի ենթարկելու գաղափարը:

«Կարծում եմ, դուք՝ մամուլը, բոլորից լավ եք կարողանում վեթինգի ենթարկել»,- դատավորների արտահերթ ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ռշտունին:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելուց և նրա գործը Սահմանադրական դատարան ուղարկելուց հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ Ռշտունին և Վերաքննիչ դատարանի երկու այլ դատավորներ՝ Արշակ Վարդանյանն ու Ալեքսանդր Ազարյանն են գրել դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը:

Անդրադառանով այս խոսակցություններին՝ Ռշտունին նկատեց, որ եթե առաջին անգամ Քոչարյանին ազատելու որոշումը ինչ-ինչ տրամաբանությամբ կարող էին կապել իր հետ՝ նկատի ունենալով, որ գործը քննվում էր Վերաքննիչ դատարանում, ապա այժմ առհասարակ իր համար անհասկանալի է, թե ինչու է որոշումը կապվում իր անվան հետ:

«Առաջին անգամ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, որ մարդիկ կարող էին որոշակի հետևություն անել՝ հաշվի առնելով, որ ես հանդիսանում եմ Վերաքննիչ դատարանի նախագահ, բայց այս դեպքում, ճիշտն ասած, չեմ կարողանում հասկանալ: Ես գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին ճանաչում եմ որպես դատավոր, նրա հետ մտերիմ հարաբերություններ չունեմ: Թե՛ միջնորդավորված, թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի որևէ ձևով կապի մեջ չեմ գտնվել»,- ասաց Ռշտունին:

Հարցին՝ ինչպե՞ս է դատավորը բացատրում հանգամանքը, որ մշտապես իր անունը շոշափվում է Քոչարյանի գործի շրջանակներում, Ռշտունին ասաց. «Միգուցե համակարգում կամ համակարգից դուրս մարդիկ կան, ում ես խանգարում եմ»:

Անդրադառնալով Քոչարյանի հարցով շահագրգռվածություն ունենալու հանգամանքին՝ Ռշտունին ասաց, որ եթե ուժային կառույցները որոշակի ինֆորմացիա ունեն իր շահագրգռվածության վերաբերյալ, ապա կարող են ընթացք տալ դրան:

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում ես փորձում եմ լինել արդար: Թե իմ արդար լինելու փորձերն ինչքանով են ստացված, դրան առաջին գնահատականը պետք է տա մամուլը: Իսկ մամուլի գնահատականն, իմ կարծիքով, պետք է պայմանավորված լինի իրավաբանական համայնքի գնահատականով՝ թե արդյոք դատախազները, փաստաբանները կամ ընդհանրապես անձինք, ովքեր ինձ հետ եղել են որևէ գործով մասնակից, ի՞նչ գնահատական ունեն իմ անձի նկատմամբ նախ և առաջ որպես դատավորի»,- ասաց Ռշտունին ու վստահեցրեց, որ եթե իր բացասական վերաբերմունքը լինի, ինքը չի աշխատի:

Անդրադառնալով իր և ընտանիքի ունեցվածքին, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ասաց, որ թաքցնելու ոչինչ չունի:

«Ես կարող եմ ասել, որ իմ ընտանիքը նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, որի արդյունքում մեր ընտանիքն ունի կարողություն. բոլորը գիտեն դրա մասին...ո՛չ թաքցնում ենք, ո՛չ էլ մեկ այլ անձի անունով քողարկված գույք ունենք: Ասեմ ավելին՝ ես երբևէ իմ գործունեությունը չեմ օգտագործել իմ կամ ընտանիքիս համար որևէ նյութական արժեք, որևէ օգուտ ձեռք բերելու համար»,- հայտարարեց Ռշտունին:

Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից իր գիտական աշխատանքից արտատպում կատարելու շուրջ ստեղծված աղմուկին, Ռշտունին նշեց, որ ինքն Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատանքին ծանոթ չէ, բայց որքանով գիտի՝ իրենք նույն գիտական ղեկավարն են ունեցել, ուստի Ռշտունին չբացառեց, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ մտքերի համընկնումներ կարող են լինել:

Հարցին՝ Ազարյանի հետ այս թեմայով խոսե՞լ է, Ռշտունին նշեց. «Պարոն Ազարյանի հետ ես երկար չեմ քննարկել այդ հարցը, որովհետև Ալեքսանդր Ազարյանին չեմ համարում այն անձը, ով կօգտագործեր իմ միտքը հօգուտ իրեն»:

Դատավորն ասաց նաև, որ, որքանով հիշում է, երբ ինքն ու Ազարյանը դարձել են գիտությունների թեկնածու, միմյանց չեն ճանաչել:

«Ես նրան ճանաչել եմ, երբ մենք միասին աշխատել ենք Երևանի քրեական դատարանում: Ասածս այն է, որ Ալեքսանդր Ազարյանն, ինձ չճանաչելով, չէր կարող իմ միտքն օգտագործել»,- նշեց Վազգեն Ռշտունին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter