HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակադեմիական համակարգի գիտական ինստիտուտների խնդիրները՝ ամփոփ

«Հետքն» ավարտել է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կազմում ընդգրկված գիտական ինստիտուտների մասին հոդվածաշարը: Հոդվածները հրապարակել ենք 2017 թ. մարտից մինչեւ 2019 թ. մայիս ընկած ժամանակահատվածում՝ ներառելով ԳԱԱ 5 բաժանմունքի 28 ինստիտուտ: Մեր նպատակն էր մեկ հոդվածաշարում ցույց տալ դրանց անցած ճանապարհը, ունեցած հաջողությունները, ներկա դժվարություններն ու արձանագրած գիտական նվաճումները:

Եթե ձեռքբերումներն ու նվաճումներն անհատական են յուրաքանչյուր ինստիտուտի համար, ապա դժվարությունները կարելի է ընդհանուր համարել ամբողջ ակադեմիական համակարգում:

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

Ինստիտուտների թիվ մեկ խնդիրը պետական ցածր ֆինանսավորումն է, ինչն էլ մեկնակետ է դառնում մյուս պրոբլեմների համար: Ընդհանրապես, ոչ բավարար ֆինանսավորումը Հայաստանի գիտության ոլորտում (թե՛ ակադեմիական համակարգում, թե՛ դրանից դուրս) առանցքային բացասական դեր է խաղում:  

Պետբյուջեից նվազ ֆինանսավորումը ստիպում է կրճատել ծախսերը բոլոր սեկտորներում՝  աշխատավարձերի վճարում, նյութատեխնիկական բազայի թարմացում, գործուղումների ծախսեր եւ այլն: Առաջացած բացերը քիչ թե շատ հնարավոր է լինում ծածկել թեմատիկ հետազոտությունների համար ՀՀ գիտության կոմիտեի կողմից մրցութային կարգով հատկացվող միջոցներով եւ արտերկրյա ու միջազգային տարբեր կազմակերպություններից ստացվող դրամաշնորհներով: Բայց պետք է շեշտել, որ ոչ բոլոր ինստիտուտների ղեկավարներն են ճարպիկ ու նախաձեռնող, մասնավորապես, միջազգային համագործակցության առումով, ինչն անմիջական ազդեցություն է ունենում հաստատության վրա: Արտաբյուջետային գումարներ ստացվում են նաեւ տեղական կազմակերպությունների կամ պետական մարմինների հետ պայմանագրերից, բայց դրանք, որպես կանոն, մեծ ծավալ չեն կազմում: Ինստիտուտների գերակշիռ մասը պետական բազային ֆինանսավորման հույսին է: 2018-ին այս հատկացումները կրճատվել են, ինչը հիմնարկների ղեկավարներին ստիպել է գնալ օպտիմալացման թե՛ կադրային, թե՛ ֆինանսական դաշտում:     

Չնայած ինստիտուտներն իրենց անցած ճանապարհով, կուտակած ներուժով գրավիչ բազա են երիտասարդների համար, վերջիններս այստեղ որոշ ժամանակ անցկացնելուց, իբրեւ գիտնական կայանալուց հետո գլխավորապես ցածր աշխատավարձերի պատճառով դուրս են գալիս համակարգից՝ մտնելով մասնավոր ընկերություններ, պետական ապարատ կամ ուղղակի մեկնելով արտերկիր՝ այնտեղ շարունակելու գիտական ուղին: Այսինքն՝ գիտական ինստիտուտները լավ դարբնոց կամ, գուցե կոպիտ հնչի, ցատկահարթակ են, բայց այդքանով, կարծես, ամեն ինչ ավարտվում է: Շատ ինստիտուտների տնօրեններ խոստովանել են, որ ընտանիք կազմած ու շատ ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք գտած երիտասարդ գիտնականին բարոյապես չեն կարող հետ պահել ինստիտուտը լքելու մտքից: Շատ են նաեւ այն գիտնականները, ովքեր համատեղում են գիտությունն այլ աշխատանքի հետ, ինչից, սակայն, առաջինը տուժում է, քանի որ այն պահանջում է շարունակական ուսումնասիրություններ, մանրակրկիտ հետազոտություններ աշխատասենյակներում, լաբորատորիաներում, արխիվներում, դաշտում, նույնիսկ տանը:    

Մինչեւ 100 հազար դրամ կամ դրանից մի փոքր բարձր ստացող գիտնականը, որը նաեւ ընտանիք կազմելու շեմին է կամ արդեն ունի ընտանիք, հաստատ կգերադասի որեւէ այլ գործ գտնել կամ գոնե համատեղել այն գիտության հետ: Այդպիսիք հատկապես միջին սերնդի (35-65 տարեկան) գիտնականներն են, որոնց աչք ծակող պակասը ստացել է «տարիքային փոս» բնորոշումը: Այժմ ակադեմիական համակարգում ընդհանուր առմամբ հետեւյալ պատկերն է՝ բուհերից երիտասարդները գալիս են գիտություն, եւ նրանց զգալի պակաս գոնե առայժմ չի երեւում (շեշտենք, սակայն, որ բանակ զորակոչվելու, ասպիրանտուրա ընդունվելու պահանջների եւ բուհական կրթության որակի վերաբերյալ ինստիտուտներում որոշակի դժգոհություններ կան), մյուս կողմից՝ ինստիտուտներում քիչ չեն տարեց գիտնականները, որոնց մի մասն իսկապես գիտական արդյունք է տալիս ու, տնօրենների բնորոշմամբ, գուցե երիտասարդներից էլ արդյունավետ է, իսկ մյուս մասն էլ, չնայած տարիքի բերումով այլեւս չի կարող աշխատել նախկին եռանդով, այդուհանդերձ, մեծ վաստակ ունի տվյալ հիմնարկում ու գիտության մեջ, եւ տնօրենները թեկուզ միայն բարոյապես ճիշտ չեն համարում նրանց ազատելը (չնայած երբեմն այլ տարբերակ չի մնում), քանի որ այդպես, ըստ էության, սոցիալական խնդիր է լուծվում՝ արդեն թոշակառուի տարիքային շեմը հատած գիտնականները մեծապես կախված են ինստիտուտից ստացվող աշխատավարձից (գրել ենք ՀՀ գիտկոմիտեի նախաձեռնած փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են նաեւ տարեց գիտնականներին): Այսինքն՝ գիտություն մտնող երիտասարդների ու դեռեւս այնտեղ մնացող տարեցների միջակայքում գիտական արդյունք ապահովող, աշխատունակ, փորձառու, բայց նաեւ ընտանիքին կերակրելու խնդիր ունեցող միջին սերունդն է, որի ներկայացուցիչների պակասը խիստ զգացվում է:   

Հաջորդ խնդիրը նյութատեխնիկական բազայի թարմացումն է: Բազային ֆինանսավորումն առաջին հերթին ուղղվում է աշխատավարձերին ու եղած ենթակառուցվածքների պահպանմանը, իսկ նոր սարքավորումներ, տարատեսակ նյութեր ձեռք բերելու ծախսերը գիտնականները փորձում են հոգալ տեղական կամ արտասահմանյան դրամաշնորհների միջոցով: Պատահական չէ, որ թեկուզ մեկ թանկարժեք ժամանակակից սարքը տվյալ ինստիտուտում համարվում է ձեռքբերում, այնինչ արտերկրում դա սովորական երեւույթ է: Ինստիտուտների շենքային պայմանները հիմնականում կարելի է բավարար համարել, չնայած կան այնպիսիք, որ, օրինակ, ձմռանը ջեռուցման խնդիր ունեն, ու շատ հոսանք չծախսելու համար աշխատողներն այստեղ կանոնավոր չեն լինում: Կան եւ այնպիսիք, որ բավարար տարածք չունեն գտածոները պահելու համար, մի քանիսի պարագայում էլ պետությունն ու գործարարներն են աչք դրել տարածքների վրա (շինարարության համար) ու մաս-մաս պոկել այդ «գաթայից»:  

Որքան էլ նյութական խնդիրներ լինեն, գիտական ինստիտուտները նաեւ թարմ մոտեցումների կարիք ունեն: Շենքային պայմանները, տարբեր համագործակցությունների շնորհիվ ինստիտուտ մտնող ֆինանսական միջոցների ծավալները, տեղական ու արտասահմանյան գործուղումները շատ բան են հուշում հիմնարկի ղեկավարի ոչ գիտական, ադմինիստրատիվ հմտությունների մասին: Դրանից զատ՝ շատ կարեւոր է նաեւ վերջիններիս բաց աշխատաոճը, թեկուզ այն պատճառով, որ ինստիտուտի գիտական նվաճումներն ու ձեռքբերումները հանրայնացնելու, ոչ գիտական շրջանակներին հասու դարձնելու, առկա խնդիրները բարձրաձայնելու, դրանց լուծումներ առաջարկելու կարիք կա, այնինչ տպավորություն ենք ստացել, որ որոշ ինստիտուտների տնօրեններ առնվազն լավ չեն պատկերացնում մամուլի դերը գիտության եւ հասարակության կապի ամրապնդման մեջ: Որոշ տնօրենների հետ բավական դժվարությամբ ենք պայմանավորվել հանդիպման համար՝ կա՛մ տարբեր պատճառաբանություններ նշելով հրաժարվում էին, կա՛մ կասկածամտորեն վերաբերվում: Որոշները հրաժարվել են տեղեկություններ տրամադրել հիմնարկի ստացած գումարների, ամենացածր ու ամենաբարձր աշխատավարձերի մասին՝ մոռանալով, որ պետբյուջեից հատկացվող միջոցները ձեւավորվում են հարկատուների հարկերից, իսկ խնդիրները թաքցնելը կամ քողով պատելը՝ անկախ նրանից, թե դա ինչ նպատակ է հետապնդում, առաջին հերթին վնասում է տվյալ հիմնարկի զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter