HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտաքին առևտրի ոլորտում ապրիլին դրական տեղաշարժ է գրանցվել

Այս տարվա առաջին չորս ամիսներին՝ հունվար-ապրիլին, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7 %-ով։ Իսկ միայն ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.2 %: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած նախնական տվյալները։

Հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 573.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 4.5 %-ով։

Շինարարության ծավալը կազմել է 68.2 մլրդ դրամ՝ աճելով 8 %-ով։

Առևտրի շրջանառությունն այս ամիսներին 886.7 մլրդ դրամ է, աճը՝ 9.8 %:

Իսկ ծառայությունների ծավալը կազմել է 575.5 մլրդ դրամ՝ աճելով 17 %-ով։

Իսկ գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ։ Ինչպես Վիճակագրական կոմիտեից են պարզաբանում, դա պայմանավորված է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ։

Ապրիլին արտաքին առևտուրն աճել է

Եթե դիտարկում ենք հունվարից մինչև ապրիլ ամիսների տվյալները, ապա Հայաստանի արտաքին առևտրի վիճակը բացասական է։ Սակայն, նաև նկատելի է, որ միայն ապրիլին դրական տեղաշարժեր են գրանցվել։

Այսպիսով, այս տարվա հունվար-ապրիլին արտաքին աշխարհի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2.18 մլրդ ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.2 %-ով։

Արտահանումը Հայաստանից կազմել է 716.3 մլն դոլար՝ կրճատվելով 8.6 %-ով։

Ներմուծման անկումն ավելի փոքր է։ Հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 1.46 մլրդ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել է 1.9 %-ով։

Իսկ միայն ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 15.9 %-ով։ Արտահանումն աճել է 9.9 %-ով, իսկ ներմուծումը՝ 18.9 %-ով։

Նախորդ տարվա սեպտեմբերից Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալը նվազում էր։ Բացառություն էր միայն հոկտեմբերը, երբ դրական դինամիկա գրանցվեց, որը, սակայն, հաջորդ ամսվանից չպահպանվեց։ Անկումը շարունակվել է նաև առաջին երեք ամիսներին։

Հունվար-ապրիլի վիճակագրական տվյալները ավելի մասնրամասն Վիճկոմիտեն կհրապարակի եկող ամսվա սկզբին, սակայն դատելով առաջին եռամսյակի՝ հունվար-մարտի տվյալներից, կարելի է որոշ եզրահանգումներ անել արտաքին առևտրի վերաբերյալ։ Մասնավորապես, այդ տվյալները ցույց են տալիս, որ արտահանման ընդհանուր ծավալը նվազել է մեծ մասամբ արտահանվող հանքահումքի (հիմնականում՝ պղնձի), մանածագործական իրերի, ոչ թանկարժեք մետաղների ծավալների կրճատման հետևանքով։ Որոշակիորեն աճել է պատրաստի սննդի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղերի, սարքերի և ապարատների արտահանումը։

Միևնույն ժամանակ նկատելի է, որ կրճատվել է պատրաստի սննդի արտադրանքի, քիմիական արտադրանքի, մանածագործական իրերի, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմների, սարքերի ու ապարատների ներմուծումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ մեջբերել է Վիճակագրական կոմիտեի տվյալները՝ նշելով. «2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»։ Թեև վարչապետը միայն ապրիլ ամիսն է առանձնացրել և համեմատությամբ այս տարվա աճն ավելի մեծ է ստացվել, սակայն նույն պաշտոնական վիճակագրությունը նաև ցույց է տալիս, որ եթե տվյալները դիտարկում ենք հունվար-ապրիլի կտրվածքով, ապա՝ նախորդ տարվա աճն ավելի մեծ է։ Մասնավորապես, 2018 թվականի հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2017 թվականի նույն ամիսների համեմատ, աճել է 9.5 %-ով։

Հիշեցնենք, որ 2018 թվականի տարեկան տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 5.6 %: Իսկ համախառն ներքին արդյունքի աճը (ՀՆԱ), որը քիչ է շեղվում ՏԱՑ-ի աճից, կազմել է 5.2 %: 2018 թվականին տնտեսական աճն ապահովել են հիմնականում ներքին առևտուրն ու ծառայությունները։

Աճել են նաև գները

Կրկին ըստ Վիճկոմիտեի օպերատիվ տվյալների՝ ապառողական գների ինդեքսն այս տարվա առաջին չորս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 1.7 %-ով, իսկ միայն ապրիլին՝ 2.2 %-ով:

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 0.4 %, իսկ միայն ապրիլին՝ 0.6 %-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter