HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նիդերլանդներից՝ Սարիգյուղ․ մշակութային տան նորոգման դրամահավաքը կազմակերպելու համար

Լուսինե Էլլարյանը միջոցառումների շարք է սկսում պապենական գյուղի՝ Սարիգյուղի, մշակույթի տունը նորոգելու համար։ Լուսինեն ծնվել է Հայաստանում, սակայն 9 տարեկանից տեղափոխվել է Նիդերլանդներ։ Հայաստան առաջին անգամ եկել է 2017-ին, այցելել Սարիգյուղ։

«Պապիկներս ծնվել են այդ գյուղում, բայց ես մեծացել եմ Հոլանդիայում։ Քսան տարուց ավելի Հայաստանում չէի եղել։ Առաջին անգամ եկա Հայաստան, գնացի Սարիգյուղ, որոշեցի գյուղի համար մշակութային ծրագիր կազմակերպել, որովհետև գյուղում ո’չ մշակութային, ո’չ սպորտային ծրագրեր չեն իրականացվում։ Գյուղը մի մշակութային տուն ունի, որը քանդված շենք է։ Հիմա նախաձեռնում ենք այդ շենքը վերանորոգել ու մշակութային ծրագրեր սկսենք իրականացնել»,- ասում է նա։

Սարիգյուղի մշակույթի տան նորոգման գումարը հավաքելու համար Լուսինեն մշակութային միջոցառումների շարք կսկսի։ Առաջին միջոցառումը կկայանա հունիսի 2-ին՝ Սարիգյուղում։ Այն անվանել է «SԱRI FEST 2019»։ Լուսինեն իր միջոցներով է կազմակերպելու այս փառատոնը։ Հույս ունի ներդրողների, նվիրատվությունների, դրսում բնակվող գյուղի նախկին բնակիչների միջոցով կկարողանան հավաքել շենքի նորոգման համար անհրաժեշտ գումարը։

Փառատոնին սարիգյուղցիներ, այլ բնակավայրի արտադրողներ վաճառքի կներկայացնեն իրենց ապրանքները: Արդեն երեկոյան կկայանա համերգ, որին կմասնակցեն մեծ ու փոքր սարիգյուղցիներ, փառատոնին մասնակցելու է նաև Իջևանի Ժողգործիքների համույթը, Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախումբը, «Էսքիզ» և «P5P» բենդերը։

Լուսինեն միջոցառման վայրը պատահական չի ընտրել։ Այն անցկացվելու է գյուղի մշակույթի տան դիմաց:

«Այս կերպ կերևա, թե շենքն ինչ վիճակում է։ Գյուղացիները նվագելու են, երգեն, պարեն, որ ցույց տան գյուղում իրոք տաղանդավոր երեխաներ և երիտասարդներ կան, բայց չեն կարող իրենց տաղանդը օգտագործել, ցուցադրել։ Պետք է գնան Իջևան, որը 30 րոպե հեռու է, իսկ գյուղացիներն այդ հնարավորությունը չունեն»,- նշեց նա։

Լուսինեն ասում է՝ գյուղացիները ոգևորված են այս միջոցառմամբ, քանի որ գյուղում վաղուց մշակութային միջոցառում չի անցկացվել, կարծում են նաև այս կերպ կկարողանան մշակույթի տան նորոգման գումարը հավաքել։

Լուսինեն Նիդերլանդներում մշակույթի ոլորտում է աշխատում․ համերգների պրոդյուսեր է, նախագծերի մենեջեր։ Ասում է՝ այդ պատճառով մտահոգվեց, երբ տեսավ, թե  պապենական գյուղի մշակութային կյանքն ինչ վիճակում է, մտածեց՝ իր ռեսուրսներով, կապերով, նվիրատվություններով կկարողանա վերանորոգել մշակույթի տունը, ակտիվացնել գյուղի մշակութային կյանքը։

Մեկնաբանություններ (1)

Նարինե
կարող ենք մասնակցել մեր ,,Նռենի,, կենտրոնի աշխատանքներով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter