
Նախկին անտառապետ Հենրիկ Մոսինյանը Ջիլիզայի անտառում զբաղվում է փայտածուխի արտադրությամբ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի մեջ մտնող Ջիլիզայի անտառներում հատումները չեն դադարում: Դրանք կատարում են հենց անտառը վերահսկողները:
«Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ախքյորփու անտառապետության անտառապետը վերջին 10 տարիներին Հենրիկ Մոսինյանն էր: Անցած շաբաթ նա ազատվել է աշխատանքից:
«Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արամ Բարոյանի թողտվությամբ Ջիլիզայի «Ռսի թալա» հանդամասում՝ անտառի սրտում, 2018թ.-ի ձմռանը Կարեն Վարոսյանը փայտածուխի արտադրամաս է հիմնել: Կարեն Վարոսյանը Հենրիկ Մոսինյանի կնոջ որդին է, ինչպես ինքն է ասում` իր տղացուն: Կարեն Վարոսյանն արտադրամաս հիմնելու համար չի ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և մասնաճյուղի տնօրինության թույլտվությունը: Հավանաբար, հենց այս պատճառով էլ «Ռսի թալա» հանդամասի փայտածուխի արտադրամասին վերաբերող հարցին անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանը մեզ տվեց այսպիսի բացատրություն. «Ռսի թալա»-ն մեր անտառտնտեսության տերիտորիայում չի գտնվում, դա Ալավերդի խոշորացված համայնքի վարչական տարածքն է: Ես մի օր հեռվից նայել եմ փայտածուխի այդ արտադրությանը, ես չգիտեմ»,- ասաց Ա. Բարոյանը և անջատեց հեռախոսը:
Ջիլիզա համայնքի վարչական ղեկավար Մհեր Վարդանյանի խոսքով՝ Ջիլիզայի «Ռսի թալա» հանդամասը համարվում է անտառային ֆոնդի տարածք: Մհեր Վարդանյանի ասելով՝ «Ռսի թալա»-ն նախկինում Ջիլիզայի հողային հաշվեկշռում չի եղել և այսօր էլ խոշորացված Ալավերդի համայնքի հողային հաշվեկշռում չէ:
«Մեր վարչական տարածքի անտառները պատկանում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Վերջինիս է պատկանում նաև Ջիլիզայի «Ռսի թալա» անտառային ֆոնդի տարածքը: Մենք իրավասու չենք նաև փայտածուխի արտադրության թույլտվություն տալու»,- պարզաբանեց Ալավերդու համայնքի ղեկավար Սասուն Խեչումյան:
«Ջիլիզայի անտառտնտեսության» ավագ անտառապետ Լյովա Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ «Ռսի թալա»-ն առ այսօր գտնվում է «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում:
Անտառապետ Հենրիկ Մոսինյանը երեկ մեզ հեռախոսով հայտնեց, թե «Ռսի թալա»-ն պատկանում է Ալավերդի խոշորացված համայնքին, և ինքը իրավունք ունի այնտեղ զբաղվել փայտածուխի արտադրությամբ և անասնապահությամբ:
Հենրիկ Մոսինյանը չգիտի երեւի, որ անգամ այդ դեպքում փայտածուխի արտադրամաս հիմնելու համար պետք է ստանար Ալավերդի համայնքի ավագանու որոշումը, որը նա նույնպես չուներ: Անտառապետը սկզբում մեզ հայտնեց, թե «Ռսի թալա» հանդամասի անտառում գործող ածուխի արտադրամասի գործունեության իրավունքը պատկանում է մի երիտասարդի՝ Կարեն Վարոսյանին:
«Այ ցավդ տանեմ, ձայնագրիչն անջատի, անտառտնտեսությունում էլ չեմ աշխատում: Ես հաստատ կապ չունեմ փայտածուխի այս արտադրամասի հետ: Ես այստեղ անասուն եմ պահում»,- ասաց նա: Քիչ անց Հ. Մոսինյանը խոստովանեց, որ Կարեն Վարոսյանն իր կնոջ որդին է, իր տղացուն է:
Նա պնդեց, որ փայտածուխի արտադրության գործում ամեն ինչ օրինական է . «Ես անտառից հանած իմ փայտի բոլոր փաստաթղթերն ունեմ: Երեկոյան Ձեզ կներկայացնեմ: Ոնց կարող եմ էսօր ապօրինի փայտ տանել: Իմ փայտի վճարները հին ամսաթվով են, մեկ ամսվա առած փայտ է»,- ասաց նա: Երեկոյան Հ. Մոսինյանը մեզ ներկայացրեց Կարեն Վարոսյանի անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը հաստատող իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանից հանված 2018թ.-ի հունիսի 27-ի քաղվածքը և ապրանքների մատակարարման հարկային երկու հաշիվ, ըստ որոնց՝ Հ. Մոսինյանը «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի իր ղեկավարած «Ախքյորփու» անտառապետության 00910 անտառահատման նույն համարի երկու տոմսով մայիսի 2-ին և մայիսի 7-ին 10-ական խմ փայտ է տվել իր կնոջ որդու՝ Կարեն Վարոսյանի անունով գրանցված փայտածուխի արտադրամասին: Լոռու անտառտնտեսություններից մեկում մեզ բացատրեցին, որ 00910 անտառահատման տոմսով անհատ ձեռներեց Կարեն Վարոսյանը կարող էր մեկ անգամ վառելափայտ ստանալ «Ախքյորփու» անտառապետությունից: Հ. Մոսինյանը 2018թ.-ի ձմռանից գործող փայտածուխի արտադրամասի վառելափայտի մատակարարման հարկային այլ հաշիվ մեզ չներկայացրեց: Նրա ներկայացրած ֆինանսական երկու փաստաթղթի տակ, որպես վառելափայտ դուրս գրող, առանց կնիքի և ստորագրման գրված էր «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արամ Բարոյանի ազգանունը: Փաստաթղթում բացակայում է նաև անհատ ձեռներեց Կարեն Վարոսյանի ազգանունը, ստորագրությունը և կնիքը: Մեզ այդպես էլ չհաջողվեց հանդիպել անհատ ձեռներեց Կարեն Վարոսյանին:
«Ռսի թալա» հանդամասում հանդիպեցինք նաև մի քանի մեծ փայտակույտերի: Առանց պետհամարանիշի բեռնատարներից մեկը դեռեւս բեռնաթափված չէր: Թափված փայտի մեջ թափուկ փայտի մի քանի կոճղեր կային: Մնացածը հազիվ 20-30 օր առաջ հատված ծառերի կոճղեր էին:
«Դրանք «Ռսի թալա» հանդամասում կուտակվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ից Ջիլիզայի անտառներում անտառահատում իրականացնելու թույլտվություն ունեցող անհատ ձեռներեցի կողմից՝ վաճառելու համար»,- հայտնեց ավագ անտառապետ Լյովա Կիրակոսյանը:
Մեկնաբանել