
Կառավարությունը «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ին 360 միլիոն դրամ հատկացրեց
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացնել 360 միլիոն դրամ՝ քրեակատարողական ծառայության պահպանման ծախսերից։ Այս գումարն ապահովելու է ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը, աշխատանքային պայմանները։
Հիշեցնենք, որ քրեակատարողական առողջապահության գործող համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում համակարգային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը 2018թ. մարտի 1-ի որոշեց ստեղծել այս ՊՈԱԿ-ը՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման և վերականգնման, նրանց բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ը գործունեությունը պետք է սկսի հունիսի 15-ից։
«Կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման բժշկական անձնակազմի մասնագիտական անկախության նպատակով քրեակատարողական բուժօգնության ծառայությունը քրեակատարողական վարչության ենթակայությունից այսուհետև դուրս է լինելու: Այս նպատակով ստեղծվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը»,- գրված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։
Նշենք, որ բժշկության կենտրոնը նաև առողջապահության ոլորտում գիտաբժշկական, փորձարարական հետազոտություններ, ուսումնասիրություններ կիրականացնի, մասնագետների համար շարունակական մասնագիտացված զարգացման ծրագրեր կմշակի, կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչություն կանի, քրեակատարողական բժշկության ոլորտում կառավարման, ֆինանսավորման, տնտեսավարման ժամանակակից մոդելներ, նորմատիվներ կմշակի։
Մեկնաբանել