Կառավարությունը «Նյուտեք Շին»-ի սնանկության գործով 16 միլիոն տրամադրեց
«Նյուտեք Շին» ՍՊԸ-ի սնանկության գործի կառավարչի վարձատրության համար կառավարությունը 16 միլիոն տրամադրեց Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաղորդմամբ՝ Պետգույքի կառավարման վարչության և ընկերության միջև 2014 թվականի ապրիլին կնքվել է ծառայությունների մատուցման հիմքով սեփականության իրավունքի փոխանցման և գրավի պայմանագիր։ Ըստ դրա՝ գրավի առարկա են հանդիսացել ընկերության՝ Երևան քաղաքի Ա. Միկոյան 2/21, Ա. Միկոյան 2/22 և Հալաբյան 48 շենք, 43 հասցեներում գտնվող գույքերը։
Սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ և կոմիտեի պահանջը` 331 միլիոն դրամ գումարի չափով, գրանցվել է ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակում՝ որպես ապահովված պահանջ։
Պետգույքի կոմիտեն 2016 թվականի սեպտեմբերին գրությամբ պահանջ է ներկայացրել դատարան` իր և ընկերության միջև կնքված պայմանագրի հիմքով գրավի առարկա հանդիսացող գույքերը՝ որպես սեփականություն, պետության օգտին վերադարձնելու պահանջով:
Հիշեցնենք, որ «Նյուտեք Շին» ՍՊԸ-ի հետ նաև պայմանագիր էր կնքել արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել