HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընդունեց Արամ Սիմոնյանի հրաժարականը

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհուրդը նիստ է գումարել, որի ընթացքում քիչ առաջ 30 կողմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունվեց 2006 թվականից համալսարանը ղեկավարած ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:

Այսօրվա նիստին ընտրվելու է նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև 2020 թվականին կայանալիք հերթական ընտրությունները: Առաջարկ եղավ ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունն անցկացնել փակ քվեարկությամբ, սակայն առաջարկը չընդունվեց: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի համար առաջադրել են ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի թեկնածությունները: Գեղամ Գևորգյանը 2008 թվականից զբաղեցնում էր պրոռեկտորի պաշտոնը, սակայն այս տարվա մարտի 15-ին Արամ Սիմոնյանի հրամանով՝ ազատվել էր աշխատանքից անվստահության հիմքով:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցը հոգաբարձուների խորհուրդը ցանկանում էր քննարկել նաև այս տարվա փետրվարի 28-ի նիստին, սակայն օրակարգի չհաստատման պատճառով նիստը չեղարկվեց:

Այնուամենայնիվ, մայիսի 23-ին Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ եթե ինքը հրաժարական չտար, միևնույն է՝ իրեն պաշտոնանկ էին անելու իր բնորոշմամբ՝ օրենքի խախտումներով:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու հարցերից բացի այլ հարցեր չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter