HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյանի տեղեկություններով՝ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանն ուզում է դառնալ ԵՊՀ ռեկտոր

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նպատակ ունի դառնալ ԵՊՀ ռեկտոր։

Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ Հովհաննիսյանի ելույթին, որտեղ վերջինս համոզմունք էր հայտնել, որ ԵՊՀ ռեկտորի ընտրության վերաբերյալ ինքը ստահոդ լուրեր է տարածել։

«Ասեմ, թե ես ինչ եմ արել՝ իմ ֆեյսբուքյան էջում կիսվել եմ հեղափոխության ժամանակ Փաշինյանի մուտքով ԵՊՀ այդ տեսանյութով, որտեղ մի մարդ, որը հիմա ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածու է, թույլ չի տալիս, որ ներս մտնեն ու բանավեճի է մտնում Փաշինյանի հետ։ Գրել եմ, որ իշխանություններն էս մարդուն փորձում են դարձնել պաշտոնակատար, ու ասում եմ՝ էդ մարդը, որ նախկինում վատն էր, հիմա հեղափոխակա՞ն է դարձել։ Թե դրա ինչն է ստահոդ, չգիտեմ, տեսանյութ է։ Էն որ իշխանությունները, նաև ԿԳՆ-ն շահագրգռված են նրանով, որ էդ մարդը ընտրվի ռեկտորի պաշտոնակատար, խոսում է նրա մասին, որ մեր գործընկերն արձագանքում է դրան էս ամբիոնից մեկ ուրիշ հարցի ժամանակ»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանն անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, որ ինքը Ագրարարային համալսարանի մասին էլ է ստահոդ լուրեր տարածել, ինչից հետո կոչով դիմել է ԿԳՆ-ին՝ իրեն դատի տալ, սակայն այդպես էլ ԿԳՆ-ն դատի չի տվել «զրպարտելու համար»։

«Ասել եմ, որ Ագրարային համալսարանի կառավարման խորհրդում ներառվել են մարդիկ «Իմ քայլը» դաշինքից ու հորդորել եմ իմ սիրելի գործընկերներին ձեռնպահ մնալ նախկին բարքերից. էն ժամանակ ՀՀԿ-ն էր անում, հիմա «Իմ քայլը»»,- ասաց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը նաև ներկայացրեց այն տեղեկությունները, որոնք ստացել է ԵՊՀ-ից՝ ապագա ռեկտորի թեկնածուի հետ կապված։

«Ավելին ասեմ՝ մեր տեղեկություններով, կարող է՝ ճիշտ չէ, բայց նման խոսակցություններ կա ԵՊՀ-ում, որ էդ սպիտակ մազերով մարդուն ուզում են դարձնեն ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ինչից հետո պարոն Հովհաննիսյանն ինքն է ուզում դառնա ռեկտոր։ Նախապես տեղեկացնում եմ՝ եթե ինչ-որ մեկը իշխանությունից ուզենա դառնա Մայր բուհի ռեկտոր, դա կլինի բոլորիս կողմից հռչակված սկզբունքի խախտում, որ մենք ասել ենք՝ կրթական համակարգը չենք քաղաքականացնելու. հիմա գնում, խառնվում ենք»,- ասաց նա։

Մարուքյանի խոսքով՝ ինքը չի կարող խառնվել ԵՊՀ ռեկտորի ընտրության գործընթացին, ինչպես պնդել է Հովհաննես Հովհաննիսյանը, քանի որ չունի որևէ լծակ ԵՊՀ-ի վրա ազդելու. նման լծակ միշտ իշխանություններն են ունենում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter