HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ոսկերիչը Գարգառում հյուրատուն է հիմնել, որի համար լավ ապագա է տեսնում

Երեւանցի Արմեն Ավետիսյանը մասնագիտությամբ էլեկտրոնիկայի ինժեներ է, ժամանակին աշխատել է «Մարս» գործարանում, սակայն Խորհրդային Միության անկումից հետո սկսել է զբաղվել արհեստով, դարձել ոսկերիչ-դիզայներ: Ստեփանավանի տարածաշրջանում, սակայն, Արմենն ավելի շատ հայտնի է այլ կարգավիճակով: Նա Գարգառ գյուղում գործող «Երկրաբանի տուն» կոչվող հյուրատան սեփականատերն է: Բայց «գեոլոգի տուն» արտահայտությունը տեղացիներն սկսել են օգտագործել շատ ավելի վաղ, քան Արմենն այստեղ հյուրատուն կհիմներ:

Արմենի հայրը՝ Արտաշես Ավետիսյանը, երկրաբան է եղել, ավելի քան 30 տարի աշխատել է Լոռիում: Որդին պատմում է, որ վերջին 10 տարին հայրն ապրել է այս տանը, ու վերջինս գյուղացիներն այդպես էլ սկսել են կոչել՝ գեոլոգի տուն: Արմենն ասում է, որ տուրիստական կենտրոն ստեղծելու միտքը ծագել է տան պատշգամբից բացվող տեսարանի շնորհիվ. այստեղից երեւում է Բազումի լեռնաշղթան՝ անտառներով ու Բազումթառ գագաթով (2796 մ), մի քանի կիլոմետրի վրա էլ Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկն է: Հոր մահից հետո Արմենը որոշել է տունն անտեր չթողնել, նշում է, որ չնայած այն ժամանակ որպես հյուրատուն ֆունկցիոնալ չէր, որոշակի աշխատանքներ են կատարել, հարմարություններ ստեղծել ու անունը դրել «Երկրաբանի տուն»:  

Հյուրատունն այսօր նախատեսված է 17-20 հոգու համար, բայց այգում՝ ծառերի տակ, նաեւ քեմփինգի (վրաններ տեղադրելու) համար տարածք կա: Հյուրեր սկսել են ընդունել 2017 թվականից: Գալիս են հիմնականում արտասահմանցիներ Եվրոպայից՝ Բելգիայից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Սլովենիայից, հյուրեր են ունեցել նաեւ Հնդկաստանից, Ավստրալիայից ու, բնականաբար, Հայաստանից:

Տեղացիների փոքր թիվն Արմենը բացատրում է ներքին շուկայի հետ տարվող աշխատանքներով, ասում է, որ ժամանակի սղության պատճառով առայժմ չի կարողանում շատ զբաղվել գովազդով, բայց ավելացնում է, որ այս տարի հայաստանցիները շատ են զանգահարում ու տեղ պատվիրում: Գարգառում, հարեւան Պուշկինոյում, Գյուլագարակում էլի հյուրատներ կան, կարելի է ասել, որ մրցակցություն կա, սակայն, ըստ Արմենի, նույն Գարգառի հյուրատների հիմնական շուկան տեղացիներն են:

«Երկրաբանի տունը» օտարերկրացիները գտնում են համացանցով, հիմնադիրն ասում է, թե մտադիր է տանը քարտեզ տեղադրել ու դրոշակներով ցույց տալ իրենց հյուրերի աշխարհագրությունը: Արմենն, իր փորձից ելնելով, այստեղ ժամանող զբոսաշրջիկներին բաժանում է երեք խմբի: Առաջինը հեծանվորդներն են, որոնք տեղանքով անցնելիս համացանցային քարտեզում տեսնում են հյուրատունն ու մնում գիշերակացի: Երկրորդը արշավականներն են՝ քայլարշավորդները, թռչնասերները, որոնք սովորաբար մի քանի օր են մնում այստեղ, այցելում տարածաշրջանի հայտնի զբոսաշրջային կետեր, իսկ երրորդ խումբը Երեւանից կամ Թբիլիսիից վարձակալած մեքենայով ճամփորդողներն են, որոնք, որպես կանոն, նախապես ունեն իրենց գրաֆիկն ու հյուրատանը մեկ գիշեր են անցկացնում:  

Ըստ Արմենի՝ այժմ Ստեփանավանի տարածաշրջանում տուրիստական լավ սեզոն է, ինչը պայմանավորված է «Սոճուտ» դենդրոպարկի փշատերեւ ծառերի փոշոտմամբ: Հայտնի է, որ փոշին ու այգու օդն առողջարար հատկություն ունեն հատկապես շնչառական խնդիրներ ունեցողների համար: Դրանով պայմանավորված՝ այս օրերին հոսքը դենդրոպարկ եւ դրա հարեւան գյուղեր նկատելի է: Բայց «Երկրաբանի տան» սեփականատերն ասում է, որ այստեղի գյուղերը չեն կարող համեմատվել, օրինակ, Օձունի կամ Հաղպատի հետ, որտեղ զբոսաշրջիկը կարող է ցանկացած պահի դուռդ թակել ու հարցնել, թե կարող է գիշերակացի տեղ ունենաս: Գյուլագարակի գյուղերում (սա խոշորացված համայնք է, ներառում է Ամրակից, Պուշկինո, Գարգառ, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր եւ Կուրթան բնակավայրերը) զբոսաշրջիկները սովորաբար նախապես են տեղ պատվիրում:   

Հյուրատունն ունի 3 համար՝ ընդհանուր 4 ննջասենյակով, ինչպես նաեւ հյուրասենյակ-ճաշարան: Արմենը մտադիր է հյուրասենյակը եւս վերածել համարի, փոխարենը խոհանոց-ճաշարան կառուցել բակում:

Արմենի թիմը տեղացիներից է կազմված: Դավիթը, որը նրա որդու տարիքին է, հարեւանի տղան է, այստեղ է ծնվել ու մեծացել, տարածքը շատ լավ գիտի, տեխնիկական հարցերով գլխավորապես հենց Դավիթն է զբաղվում, երկուսով պարբերաբար մասնակցում են դասընթացների ու վերապատրաստվում այս ոլորտում, ըստ Արմենի՝ մտադիր են ձիարշավային ու հեծանվային երթուղիներ մշակել զբոսաշրջիկների համար:

Խոհանոցում աշխատում է Արմենի մայրը, որի բացակայությամբ (մայրը, ինչպես եւ Արմենը, բնակվում է Երեւանում, սակայն տարվա մի մասն անցկացնում են Գարգառում) այժմ այդ պարտականությունները կատարում է Գրիգորը, ով բնակվում է հարեւան Պուշկինո գյուղում: Ըստ Արմենի՝ գյուղում հեշտ չէ հյուրատանն աշխատելու համար հարմար մարդ գտնել, քանի որ մի մասը չի ուզում աշխատել, մի մասը չի կարող, մյուսներն էլ կարող են, բայց չեն համապատասխանում, քանի որ առաջնայինն այս ոլորտում հյուրի հետ շփվելն է, այդ թվում՝ լեզու իմանալը: Աշխատողներից Ստելլան այժմ գործի է անցել կարի ֆաբրիկայում, նրա տեղը լրացնելու խնդիր կա, եւ, ընդհանրապես, մեր զրուցակիցն ասում է, որ ամենամեծ անելիքներից մեկը լավ թիմ հավաքելն է:

Հյուրատունը գտնվում է Գարգառից Պուշկինո տանող ճանապարհի հարեւանությամբ, բայց գյուղի այս թաղամասում գազ չկա, հետեւաբար ձմռանն աշխատելը բարդ է: Ջեռուցման հարցը լուծում են հոսանքով ու փայտով, բայց ունեն նաեւ արեւային էներգիայից տաք ջուր եւ էլեկտրաէներգիա ստանալու հնարավորություն: Ոսկերիչ-դիզայներն ասում է, որ հյուրատունն իր համար ապրուստի միջոց չէ, սակայն այս գործի համար շատ լավ ապագա է կանխատեսում, հատկապես եթե լուծվեն լավ թիմի ձեւավորելու եւ սերվիսի՝ ծառայության հարցերը:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter