
Նոյեմբերյանի ավագանին կդիմի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն` պարզաբանումներ ստանալու համար
Նոյեմբերյան համայնքում ավագանու նիստ է հրավիրվել` քննարկելու Տավուշի մարզպետարանից համայնքապետարան ուղարկված գրությունը, որով մարզպետարանը պահանջում է վերանայել ավագանու` համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվելու արգելքի մասին որոշումը և չեղարկել այն մեկամսյա ժամկետում:
Նշված որոշումը, որը մազրպետարանն անօրինական է համարել, համայնքի ավագանին ընդունել էր 2018 թվականին:
Ավագանին որոշել է դիմել տարածքային կառավարման նախարարություն եւ ճշտել, թե օրենսդրության ինչ դրույթ է խախտվել ավագանու որոշմամբ: «Մենք ցանկանում ենք ստույգ իմանալ, թե օրենսդրության ո՞ր կետն է խախտվել, որի մասին նամակի մեջ անդրադարձել է տարածքային կառավարման նախարարությունը»,- նշեց Նոյեմբերյանի ավագանու անդամ Վարազդատ Ամիրաղյանը:
Մարզպետարանը Նոյեմբերյանի ավագանուն առաջարկել է վերանայել 2018-ի մայիսին Նոյեմբերյան համայնքի 3074 բնակիչների ներկայացրած հանրագրի որոշումը` համայնքի տարածքում երկրաբանական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքների իրականացումն արգելելու վերաբերյալ:
Մարզպետ Հայկ Չոբանյանը 1in.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրենց նպատակն է աջակցել համայնքապետարաններին, որպեսզի իրենք իրականացնեն իրենց լիազորությունները գրագետ կերպով, այդ թվում` տեղական ինքնակառավարման օրենսդրության իրենց լիազորությունների շրջանակում։
«Նույն հանքարդյունաբերության առումով այսօր համայնքներին տրված են ամենամեծ լիազորությունները և իրենք են, ըստ էության, առաջին և հիմնական որոշումը կայացնում ոչ միայն հանքի արդյունահանման, այլ ընդհանրապես հանքի հետազոտության և հետագա ճակատագրի հետ կապված»,- 1in.am-ին տված հարցազրույցում նշել է մարզպետը` հավելելով, որ չեն արգելել ավագանուն որոշում կայացնել, պարզապես նպատակ ունեն այնպես անել, որ որոշումները ճշգրիտ լինեն, ՀՀ օրենսդրության շրջանակներում: «Մենք առավելագույնս կարող ենք իրենց ուղղորդել կամ ճշգրտել կամ օգնել, որպեսզի իրենք այդ ամենը իրականացնեն օրենքի շրջանակներում, որպեսզի վաղը-մյուս օրը իրենք չկանգնեն խնդիրների առաջ»:
Հիշեցնենք, որ 2018-ի մայիսի 30-ին Նոյեմբերյան համայնքի ավագանին համայնքի տարածքում երկրաբանական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքների իրականացումն արգելելու մասինորոշում է կայացրել։ Ավագանու որոշման նախագծում մեջբերված է այն, որ հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի 3074 բնակիչների ներկայացրած հանրագիրը՝ ավագանին նիստին քննարկելու է այդ հարցը։ Այս որոշումից հետո Եղեգնաձորի, Արենիի, Գլաձորի ավագանիները ևս նմանատիպ որոշումներ են կայացրել։
«Հետք»-ի հետ զրույցում համայնքի ավագանու անդամ Արթուր Ամիրաղյանը նշել էր, որ որոշմամբ դադարեցվելու է համայնքում հանքարդյունաբերության հետ կապված որևէ գործունեություն։
Լուսանկարը՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել