
Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Վազաշենի ոսկու հանքավայրի նախագծին
Մայիսի 10-ին Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Վազաշենի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տարածքում ուսումնասիրություններ կատարելու նախագծին: Հիշեցնենք, որ այն ներկայացրել էր կանադահայ Վահագն Ժայռենց Գայայանի հիմնադրած «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն: Այս մասին տեղեկանում ենք երեկ ԲՆ հրապարակած փորձաքննության եզրակացությունից:
Ընկերությունը հայտ էր ներկայացրել Վազաշենի Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում 2019-2021թթ. ընթացքում արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի գնահատում իրականացնելու նպատակով:
ԲՆ փորձաքննական հիմնավորումներում նշվում է, որ հայցվող տարածքի մեծ մասը, համաձայն ներկայացված կոորդինատների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հողային հաշվեկշում է և իրենից ներկայացնում է տարբեր ծառատեսակներից կազմված ծառուտներ:
«Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում կանխատեսվում է օգտակար հանածոյի արդյունահանում, ինչն անտառային հողերում նպատակահարմար չէ: Նշվածի համար հիմք է հանդիսանում նաև 2015թ. սեպտեմբերի 10-ի մինչև 2050թ. երկրի անտառապատվածության ներկայիս 11,2 %-ը հասցնելու օպտիմալ 20,1 %-ի ՀՀ կառավարության N41 արձանագրային որոշմամբ ստանձնած պատրավորությունը»,- նշվում է եզրակացության մեջ:
Բացի դրանից, եզրակացությամբ ամրագրվել է, որ Տավուշի մարզպետի որոշմամբ հաստատված 2018թ. հուլիսի 9-ի Տավուշի մարզի«Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթրեը հաստատելու մասին» փաստաթղթի համաձայն, հայցվող տարածքը գտնվում է անտառային հողերում, որտեղ հեռանկարային զարգացման ուղղություններում չի ամրագրված հանքարդյունաբերությունը, և որպես հիմնական ուղղություններ նախատեսված են ագրոարդյունաբերական համալիրի ձևավորումը, գյուղատնտեսության և ռեկրեացիոն ոլորտի` հիմնականում տուրիզմի զարգացումը:
Հիշեցնենք, որ Վազաշենում նախորդ անգամ կատարված ուսումնասիրությունների շրջանակներում առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով հարուցվել է քրեական գործ: Բացի դրանից, Վազաշենի հանքի պետը մեզ պատմել էր, որ հանքարդյունահանում է իրականացվել տարածքից:
Մեկնաբանել