HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազաշենից ապօրինի հանքաքար է արդյունահանվել. կանադական ներդրումները յուրացնելու գործով հարցաքննվել է նաև Ահարոն Ադիբեկյանը

Վազաշենի ոսկու հանքավայրից ապօրինի արդյունահանում է իրականացվել

2015թ. փետրվար-մարտ ամիսներին Վազաշենի ոսկու հանքավայրից շուրջ 75 տոննա հանքաքար է արդյունահանվել և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց արդյունահանման թույլտվություն ունենալու: 

Զավեն Մարտիրոսյանը Վազաշենի հանքավայրի պետն է եղել 2014-2015թթ.: «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, որ «Զիլ-130» 2 ավտոմեքենաներով և 3 տարբեր «ԿամԱԶ»-ներով հանքաքարը բարձվել և տեղափոխվել է Վազաշենից: Թե ո՞ւր, Զավեն Մարտիրոսյանը տեղյակ չէ: Ասում է, որ ինքը միայն հանքի պետն էր և կատարում էր իր պարտականությունները: Մնացած հարցերը կարգավորել է ընկերության ղեկավարությունը:

2012-2017թթ.-ին Վազաշենի ոսկու հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու արտոնագիր ունեցել է «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ն: Հանքաքարի տեղափոխման ժամանակ և մինչև 2016թ. փետրվարի 22-ը «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ն տնօրենը Իշխան Հովհաննիսյանն է եղել:  

Տեսանկարահանումը՝ Սարո Բաղդասարյանի

Ովքեր են ներգրավված եղել Վազաշենի հանքավայրի նախագծում

Ծնունդով գյումրեցի Վահագն Ժայռենց Գայայանը պատմում է, որ 1982թ. ընտանիքով տեղափոխվել է Կանադա և մշտական բնակություն հաստատել Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում: «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից 2 օր անց Գյումրի է ժամանել՝ իր հետ հասցնելով նաև կանադական Կարմիր խաչի օգնությունը: Արցախյան ազատամարտի ժամանակ օգնություն է հասցրել նաև Արցախին, հետագայում հիմնադրել է «Երեք քույրեր» բարեգործական հիմնադրամը և բարեգործական ծրագրեր իրականացրել: «Երեք քույրեր»-ը հիմնադրվել 2011թ.-ին, այն այժմ լուծարված է: Իսկ ֆինանսական հաշվետվություններում 2011-2016թթ. ներառյալ որևէ մուտք, ելք կամ գործունեություն արտացոլված չէ: Զրոյական հաշվետվություններ են ներկայացվել, իսկ 2017-ին հիմնադրամը լուծարվել է: 

Վ. Ժայռենց Գայայանի գործունեության մասին որևէ տեղեկատվություն նույնպես հասանելի չէ, միակ բանը, որ համացանցում հնարավոր է գտնել, Էդմոնտոն քաղաքի հայ համայնքի կայքում, նրա՝ տնօրենների խորհրդում լինելն է: Այդ խորհուրդը, սակայն, վերջին 3 տարիներին գործունեություն գրեթե չի ծավալում:

Վահագն Ժայռենց Գայայանը կանադական «Ասեսմենթ սիսթեմս կորպորացիա» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Ընկերությունը ո՛չ պաշտոնական էջ ունի, ո՛չ էլ նրա մասին համացանցում տեղեկատվություն կա: Գայայանի ասելով՝ ընկերությունը զբաղվում է մարքեթինգի զարգացմամբ և ներդրումային ծրագրերով: Որոշակի շահույթ է ունեցել, և այդ շահույթը որևէ տեղ ներդնելու հնարավորություն է եղել: 2010թ. Հայաստան հերթական այցերից մեկի ժամանակ Գայայանը ցանկացել է Հայաստանի տնտեսության որևէ ոլորտում ներդրում անել: Տարբեր առաջարկություններ ուսումնասիրելով՝ տպավորվել է սահմանային Վազաշեն գյուղի ծանր և վտանգավոր առօրյայով և որոշել է ներդրումը հենց այստեղ անել՝ նպաստելու նաև սահմանային գյուղի զարգացմանը:

«Վազաշեն որ գնացի, իմ աչքովս տեսա և մեկ բան հասկացա, որ սա Հայաստանի աքիլլեսյան գարշապարն է: Փողոցը կերթա, ճանապարհը գուքա՝ թուրքն է: Կարմիր քար որ գնացինք, ես ասացի՝ մենք այստեղ ենք կանգ առնելու, ինձ պետք չէ Կոտայքը, Լեննականը, Երևանը, այս սահմանը պետք է ամրացնենք»,- ասում է Վ. Ժ. Գայայանը:

Արցախյան պատերազմի ժամանակ օգնություններ հասցնելու գործընթացից ծանոթ է եղել ՀՀՇ-ական Խաչիկ Ստամբոլցյանին և նրա միջոցով ծանոթացել է Իշխան Հովհաննիսյանի հետ: «Ինձի ըսին՝ կռված տղա է, դա ինձի համար հերոս էր, բայց բանից դուրս ի՞նչ գուքա»,- պատմում է Վ. Ժ. Գայայանը:

Շուտով իրեն են փոխանցել Վազաշենի հանքավայրի վերաբերյալ փաթեթը, և որոշել են սկսել հանքավայրի ուսումնասիրության գործընթացը: Այդ ժամանակ նաև ծանոթացել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ, ում ներկայացրել են որպես գործող ՀՀԿ-ական իշխանությունների հետ կապեր ունեցող մտերիմ անձ, ով պետք է լիներ նաև սկսվող հանքարդյունաբերական նախագծի երաշխավորը:

Վազաշենի հանքավայրի ուսումնասիրությունների համար 2012թ. սեպտեմբերի 10-ին Հայաստանում հիմնադրում են «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ն: Որպես բաժնետեր և հիմնական ներդրող ներգրավվում է Վ. Ժ. Գայայանի ներկայացրած կանադական «Ասեսմենթ սիսթեմս կորպորացիա» ՍՊԸ-ն՝ 80 % բաժնեմասով և հայաստանյան «Ստիմուլ» ՍՊԸ-ն՝ 20 % մասնակցությամբ: 

Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ հայաստանյան «Ստիմուլ» ՍՊԸ-ի բաժնեմասը հավասարապես կիսում են Իշխան Հովհաննիսյանի որդին՝ Արթուր Հովհաննիսյանը և Ահարոն Ադիբեկյանի դուստրը՝ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

Կանադական «Ասեսմենթ սիսթեմս կորպորացիա»-յի ներկայացուցիչ է նշանակվում Ահարոն Ադիբեկյանը: Ընկերության տնօրեն են նշանակում Իշխան Հովհաննիսյանին: «Ես վստահեցի էդ ազատամարտիկ կոչեցյալին: Ադիբեկյանն էլ իր բերանով ըսավ, որ այդ ժամանակ Տիգրան Սարգսյանը, ով ԿԲ-ի նախագահն էր, իր աշակերտն է, եթե պետք լինի, բոլոր հարցերը կլուծենք: Իշխանի ասելով՝ ամեն տեղ կմտներ Ահարոնը: Այսինքն՝ ես ուզեցի, որ ներդրումներս պաշտպանություն ունենան: Իմ հիմարությունն էր, որ ես Իշխանին վստահեցի»,- պատմում է Ժայռենց Գայայանը:

Երկրաբանական ուսումնասիրության նոր հայտ ներկայացնող, Գայայանի հիմնադրած «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն Նազիկ Հայրապետյանը պատմում է, որ փաստացի Վազաշենի հանքավայրի ուսումնասիրությունների համար փոխանցված գումարները նպատակին չեն ծառայել: Օրինակ՝ տարբեր բանվորների անուններով աշխատավարձեր են դուրս գրվել, սակայն այդ մարդիկ իրականում աշխատավարձ չեն ստացել: Կեղծ հաշվետվություններ են ուղարկվել Կանադա, մինչդեռ տեղում այլ հաշվապահություն է իրականացվել:

«120 հազար դրամ աշխատավարձից բարձր գրանցում չկա այստեղ, բայց Կանադայից նվազագույնը 250 հազար դրամ աշխատավարձ է դուրս գրվել: Որոշ ժամանակ բանվորներին աշխատավարձ չեն տվել՝ ասելով, որ Կանադայից փող չի գալիս: Բանվորներին ձրի աշխատեցրել են, իսկ Կանադայից ասել են նույնիսկ բանվորների կյանքի ապահովագրություն արեք: Կանադական կողմից սննդի համար օրական 5000 դրամ են հատկացրել յուրաքանչյուր բանվորին, բայց եկել, աշխատողներին ասել են, որ իրենց աշխատավարձից ուտելու փողը հանելու են: Այսինքն՝ համ կերել են այն փողը, որ ուտելիքի համար է հատկացվել, համ էլ աշխատողից են ուտելու գումար պահել»,- պատմում է Նազիկ Հայրապետյանը:

«Կհարցնեմ՝ ինչ ունի ընկերությունը, ինձի կղրգեն օթոներ (ավտոներ, հեղ.), որոնց պետքը չունիմ ես: Ինքը էստեղ՝ Արբատում, հող առավ որպես գառաժ: Տղայի անունով է գրանցված: Պատկերացրեք՝ Վազաշենում էքսկավատորը պիտի փչանա, ես պիտի դրամ ծախսեմ, 200 կմ բերեմ, էստեղ շինեմ, հետ տանեմ էդքան էլ նորից Վազաշեն: Մեքենա է առել՝ «Օպել», 200 հազար ամիսը վարձ կուտա, ո՞ւմ կպատկանի մեքենան՝ կնոջը: Ես էդ մեքենայի գույնը չեմ տեսել»,- ասում է Վ. Ժ. Գայայանը:

«Ահարոնի տարածքը` Երվանդ Քոչարի 5 հասցեում, ձևակերպել են վարձակալություն, ապշեցուցիչ գին է գրել»,- շարունակում է Նազիկ Հայրապետյանը:

«2 էքսկավատոր է իբրև վարձակալել հանքի համար, բայց հանքը թունելներով են մտնում և էքսկավատորի կարիք չունի»,- միջամտում է Վահագն Գայայանը:

Գայայանի ասելով, փոխանցումները դադարեցրել են այն ժամանակ, երբ ստացել են հաշվետվությունները: Հաշվետվություններում էքսկավատորի գնում է ձևակերպված, բայց մի քանի էջ հետո մեկ այլ էքսկավատոր է վարձակալության վերցված: «Եթե էքսկավատոր ունի ընկերությունը, ինչո՞ւ է վարձակալում մեկ ուրիշից»,- հարցնում է Ժայռենցը:

«Վազաշենում բարեգործական ծրագրեր անելու գումար է իջեցվել, դա էլ են գողացել, չեն արել, խաբել, ասել են, որ արել են: Կեղծ հաշվետվություններ են ուղարկել: Վազաշենում պետք է բուժկետ բացվեր, որ գյուղացիներին անվճար սպասարկվեն»,- ասում է Նազիկ Հայրապետյանը:

Վերջինս վստահ է, որ բոլոր կեղծիքների համար թիմ է աշխատել, իսկ այդ ամենի հետևում Ահարոն Ադիբեկյանն է:

Տեղյա՞կ, թե՞ անտեղյակ է Ահարոն Ադիբեկյանը

2017թ. դեկտեմբերի 30-ին «Ստիմուլ» ՍՊԸ-ն լուծարվել է: Ընկերությունում Ադիբեկյանի դուստրը բաժնեմաս է ունեցել դեռևս 2006թ.-ից, իսկ Իշխան Հովհաննիսյանն այստեղ մասնաբաժին է ձեռք բերել 2010թ.-ին: 

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը մեր հարցադրումը լսելուց հետո ասաց, որ ինքը տեղեկացված չէ մանրամասների վերաբերյալ, և պետք է խոսենք Իշխան Հովհաննիսյանի հետ: Նա նշեց, որ իր ներգրավվածությունը Վազաշենի նախագծում պայմանավորված էր տեղեկատվական գործոնով և սահմանամերձ շրջանների վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտություններ կատարելու գործով: Այսինքն՝ Վազաշենում և հետագայում նաև Սյունիքում՝ այլ ծրագրերի համար բնակչության և զինվորականների շրջանում հետազոտություններ պետք է կատարվեին:

Մեր հետագա հարցադրումներից պարզվեց, որ նա մանրամասն տեղյակ է գործից, ինչպես նաև վարձակալության տրված տեխնիկայի, ներդրումների և այլ մանրամասների մասին: Տեղեկացվածությունը բացատրում է նրանով, որ Իշխան Հովհաննիսյանն իր գրասենյակում է տարածք զբաղեցրել, որոշ վարձավճարներ է տվել դրա համար իր հիմնարկին, և քանի որ հարևան սենյակում էր նստում, երբեմն իր հետ քննարկել է այս հարցերը:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ մեծ նախագծերի մասին էր այն ժամանակ խոսել Գայայանը, որը պետք է կանխեր արտագաղթը սահմանամերձ տարածքներում, այդ թվում՝ Վազաշենում: Այդ նախագծի համար 10 մլն դոլարի աջակցություն էին խոստացել կանադացիները, որը, սակայն, չեն իրականացրել: «Դրանք ուզում են լիցենզիան վերցնեն, բորսայում վաճառեն, փողերն առնեն և կորչեն»,- կանադական կողմի մասին ասում է Ահարոն Ադիբեկյանը և Վ. Ժ. Գայայանին անվանում ստախոս:

Ահարոն Ադիբեկյանից խնդրեցինք իր կատարած հետազոտությունը տրամադրել, որպեսզի կարողանանք ծանոթանալ դրան: Ասաց՝ արխիվացրել է, պետք է փնտրի: Խնդրեցինք հանել արխիվից և էլեկտրոնային մեյլով ուղարկել: Երեկ ի վերջո ստացանք 3 էջանոց այդ հետազոտությունը:

 

Իշխան Հովհաննիսյանն էլ իր հերթին տրցակներով փաստաթղթերով է մեզ դիմավորում: Նա ևս իր փաստարկներն ու հակափաստարկներն ունի: Ցույց է տալիս Վ. Ժ. Գայայանի, նրա գործընկեր Սեմ Շերստոբիթովի հետ և այլ նամակագրություններ, որտեղ մի քանի միլիոնավոր դոլարների ներդրումների խոստումներ կան կանադական կողմից, տարբեր ընկերությունների հետ համագործակցության մասին հայտարարություններ, Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի առաջարկներ:

Իշխան Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից է: Դպրոցն ավարտել և տեղափոխվել է Երևան: Ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի գեոմորֆոլոգիայի բաժինը: 1978-1989 թթ. աշխատել է ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում:

Իշխան Հովհաննիսյանը ներկայանում է որպես ազատամարտիկ՝ Արցախյան պատերազմի մասնակից, ով 1992թ. եղել է Խոջալուում, Հովսեփավան գյուղի ստեղծման ակունքներում, որից հետո տեղափոխվել է Հադրութի շրջան: 1994-2001 թթ. ԶՈւ համակարգում է եղել, և ինչպես ինքն է ասում, մասնակցել է բանակաշինության գործին: Այդ տարիներին եղել է ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, Ռազմական ինստիտուտի վարչության պետի տեղակալ, Թիկունքի վարչության պետի տեղակալ, 2001թ. կադրերի տրամադրության տակ է անցել, այնուհետև՝ պահեստազոր: 2001-2003 թթ. Երկրապահ կամավորականների միության վարչության աշխատակազմում է եղել, սկզբում՝ ԵԿՄ նախագահի խորհրդականի, այնուհետև՝ ԵԿՄ Վերստուգիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Սակայն շուտով խնդիրներ են ծագել Մանվել Գրիգորյանի հետ, նա թողել է զբաղեցրած պաշտոնը և հեռացել ԵԿՄ-ից, իր ասելով՝ կամավոր: Իսկ խնդիրը կապված է եղել Զովունի գյուղում Ի. Հովհաննիսյանի կառուցած գազալցակայանի հետ: Մանվել Գրիգորյանը, իմանալով, որ, առանց իր գիտության, Իշխան Հովհաննիսյանը նման բան է նախաձեռնել, իրենից խլել է այն: Այդ մասին Հովհաննիսյանը ցուցմունք է տվել Մանվել Գրիգորյանի քրեական գործի շրջանակներում: Մանվել Գրիգորյանի սպառնալիքների ներքո հրաժարվել է գազալցակայանից, իրենից խլել են նաև իր մեքենան:

Այնուհետև, հիմնադրել է «Դիցավան» ՍՊԸ-ն, որը սնունդ է մատակարարել ՊՆ-ին: Ընկերությունը գնումներով 2008-2009 թթ. ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազությանը ընդեղեն է մատակարարել՝ բրինձ, ոլոռ, ոսպ, սպիտակաձավար և այլն: Սակայն datalex.am համակարգից տեղեկանում ենք, որ պատշաճ չի իրականացրել իր պարտավորությունները և թերի մատակարարված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 5,7 մլն դրամ: ՊՆ-ն դատի է տվել և 10,8 մլն դրամի չափով բռնագանձման պահանջ առաջադրել, ինչը դատարանը բավարարել է: Սակայն «Դիցավան» ՍՊԸ-ն չի կարողացել կատարել դատարանի վճիռը, ինչից հետո ՊՆ-ն սնանկության հայց է ներկայացրել դատարան: «Դիցավան» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել:

Բացի դրանից, «Դիցավան» ՍՊԸ-ն չի կատարել վարկային պարտավորությունները «Արդշինբանկ»-ի նկատմամբ, որի համար ևս դատական ակտ է կայացվել՝ նրանից բռնագանձում իրականացնելու որոշմամբ:

Ընկերությունը նաև պետական պարտավորություններ է կուտակել 2010 թվականին, որն արձանագրվել է ստուգումների արդյունքում:

Իշխան Հովհաննիսյանը վրդովվեց, երբ այս ընկերության պարտավորությունների վերաբերյալ հարցեր ուղղեցինք: «Ես ոչ մի պարտավորություն չունեմ պետության նկատմամբ»,- բորբոքված ասաց նա:

Իսկ այդ պատմության մեղավորը, ըստ նրա, մի հայ է եղել,ում հետ ծանոթացել է Դուբայում և նրան 84 հազար դոլար է փոխանցել բրնձի գնման համար, սակայն ապրանքը չի ստացել. պարզվել է, որ անձը խաբեբա է և ՀՀ-ում հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ է:

«Դիցավանի» անհաջողությունից հետո, Իշխան Հովհաննիսյանի պատմելով, որոշել է վերադառնալ իր մասնագիտությանը և սկսել է ֆոնդերում ուսումնասիրել Վազաշենի հանքավայրի հնարավորությունները: Ծանոթացել է Ահարոն Ադիբեկյանի հետ, սկսել են «Ստիմուլ» ՍՊԸ-ով որոշակի աշխատանքներ իրականացնել: Իշխան Հովհաննիսյանի ասելով՝ իրենք են նախաձեռնել Վազաշենի հանքավայրի հետ կապված աշխատանքները և միայն որպես ներդրողներ՝ ներգրավել են կանադական կողմից: Ամեն դեպքում, ընկերության բաժնեմասում Ադիբեկյանների մասնակցության վերաբերյալ հարցադրումները Իշխան Հովհաննիսյանը վարպետորեն շրջանցում է: Ասում է՝ նա միայն ուսումնասիրություններ կատարելու համար էր ընդգրկվել Վազաշենի նախագծում: Թե ինչու է ուսումնասիրությունների համար բաժնեմաս տրամադրվել Ադիբեկյանի դստերը, պատասխանը ևս շրջանցում է: Ակնհայտ է, որ Ահարոն Ադիբեկյանի անունն այս գործարքներում շոշափելուց խուսափում են:

Իշխան Հովհաննիսյանն իրեն է վերագրում Վազաշենի հանքավայրի վերաբերյալ ողջ աշխատանքների կատարումը, այդ գործն իր կյանքի գործն է համարում: Նա նշում է, որ Ժայռենցի կողմից խաբվել է, որովհետև վերջինս միջազգային մակարդակի խաբեբա է: «Մենք գործ ենք ունեցել մեծագույն խարդախների հետ»,- ասում է Իշխան Հովհաննիսյանը: Նա միլիոնների ներդրման խոստումներ է տվել, բայց իրականում Էդմոնտոն քաղաքում մի արաբի հյուրանոցի դռնապան է եղել: Իսկ գումարները, որոնք ուղարկվել է Հայաստան, լվացված են ԱՄՆ-ում դատապարտված ոմն Արման Գասպարյանի կողմից: Ավելին, Հովհաննիսյանը տասնյակ նամակներ է պահպանել, որտեղ կանադական կողմը մշտապես ներողություն է խնդրում գումարներ չուղարկելու, ներդրողների հետ խնդիրներ ունենալու և ուշացումների համար:

«Պաշտպանական մարտավարություն է: Որևէ պարագայում չընդունելով այդ մեղադրանքները՝ մի պահ ենթադրենք, որ դրսում ծագած գումարներ են, որոնց աղբյուրը պարզ չէ, դա իրավունք է տալիս յուրացում կատարելո՞ւ»,- հարցնում է Գայայանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Ես եմ մեղավոր և իմ դյուրահավատությունը»,- շարունակում է Իշխան Հովհաննիսյանը: Նա եզրակացնում է, որ այս խաբեությունները կարող էին ծառայել մի նպատակի, որ Վազաշենի հանքավայրի նախագիծն ու բաժնեմասը գուցե դրվել է Տորոնտոյի բորսայում, և տոկոսներ են ստացել:  

Քրեական գործ՝ յուրացման հատկանիշներով

Վահագն Ժայռենց Գայայանը հայտնաբերել է, որ իրենց ուղարկած գումարներով Իշխան Հովհաննիսյանը որդու և բարեկամների անվամբ անշարժ և շարժական գույք է գնել, այնուհետև վարձակալել՝ ընկերության հաշվին:

Կանադական կողմը որոշել է ընկերության տնօրենի պաշտոնից ազատել Իշխան Հովհաննիսյանին, ինչը դատական գործընթացների միջոցով ի վերջո 2016թ.-ի փետրվարին կարողացել են գլուխ բերել:

Իշխան Հովհաննիսյանն էլ դատարան է դիմել կանադական կողմին 80 տոկոս բաժնեմասից զրկելու և դրան տիրանալու հայցով: Դատական ակտ այս գործով դեռ չի կայացել: Ասում է՝ կանադական կողմից ներկայացուցիչ չի մասնակցում նիստերին։

Վահագն Ժայռենց Գայայանը Երևանում ինսուլտ է ստացել և այդպիսով շարունակում է մնալ Հայաստանում. սպասում է գործի հանգուցալուծմանը: «Սրանք Վազաշենի երեխայեն, որ մի կոշիկով, տակը թաց, աղտոտ, չգիտեմ՝ ինչ կկրծե, հացն են գողցե, պիտի պատասխան տան»,- ասում է նա:

Վ. Ժ. Գայայանը իրավապահներին 660 հազար դոլար գումարները յուրացնելու մասին հաղորդում էր տվել դեռևս 2015թ. նոյեմբերին: Դրա հիման վրա նյութեր էին նախապատրաստվել, բայց քրեական գործի հարուցումը մերժվել էր: Այն բողոքարկել են Երևան քաղաքի դատախազին, որից հետո քննիչի որոշումը վերացվել է, և 2016թ. հունվարի 18-ին քրեական գործ է հարուցվել 214-րդ հոդվածի առաջին մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը

«Պոլիմետ»-ի հաշվից դուրս գրված մի շարք ծախսեր հանքարդյունաբերության գործունեության և հատկապես երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու փուլում կասկածելի են եղել կանադական կողմի համար: Մասնավորապես, «Ա.Դ. Հ. Գ.» ԲԲ-ից 2013թ. նոյեմբերի 11-ին ձեռք է բերվել խառատային հաստոց և տրանսֆորմատոր՝ շուրջ 6,5 մլն դրամ արժեքով: Նույն տարվա դեկտեմբերի 23-ին 2 մլն դրամ կանխավճարով ձեռք է բերվել մեկ այլ խառատային հաստոց, լաբորատոր աղաց՝ 1,2 մլն դրամով, լաբորատոր կոնցենտրացիոն սեղան՝  4,1 մլն դրամով: Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին 5 մլն դրամ է փոխանցվել գիտաարտադրական ծրագրի համար: Նույն տարվա նոյեմբերին գնվել է «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենա՝ 1 մլն դրամ արժեքով: 2014թ. փետրվարի 13-ին 3,3 մլն դրամով Էքսկավատոր է ձեռք բերվել, այնուհետև՝ թրթուրավոր բուլդոզեր, «Զիլ-130» և այլն:

Ահարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» կենտրոնին 2014թ. սեպտեմբերի 3-ին 1 մլն 240 հազար դրամ է փոխանցվել՝ «Ամրան մետաղյա 4 տ, փոխառության վերադարձ» նպատակով: 2015թ. հունվարի 27-ին՝ ևս 800 000 դրամ՝ «Տավուշի մարզի ռեգիոնալ տեղեկատվություն» նպատակով:

Քրեական գործը 3 տարի է՝ քննվում է, և դեռ նոր է Իշխան Հովհաննիսյանը մեղադրյալ ներգրավվել:

«Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ քրեական գործի ձգձգումը որոշակիորեն կախված է եղել քննիչի՝ մեծածավալ երկու փորձաքննությունների նշանակման հետ:

Հանքի գործունեությունը, փաստաթղթաշրջանառությունն ու գույքագրումը հետազոտվել են: Սակայն Իշխան Հովհաննիսյանը հաշվապահական հաշվառման մի շարք փաստաթղթեր չի պահպանել և չի տրամադրել նախաքաննական մարմնին, ինչի հետևանքով դժվարացրել է նաև քննչական մարմինների գործը, բայց փորձագիտական եզրակացություններով արդեն իսկ արձանագրվել են, որ գնված որևէ գույք, օրինակ՝ ավտոմեքենան շուկայականից մի քանի անգամ ավել գնով է ձեռք բերվել: Ավելին, ելնելով տվյալ հանքի առանձնահատկություններից՝ տվյալ մեքենայի շահագործման որևէ հնարավորություն չի եղել: Նմանատիպ մի քանի դրվագներ կան գործով: 

«Ոչ մեծածախ շինանյութ գնելու համար մեծ գումարներ են դուրս գրվել, 10 անգամ ավելի թանկ, քան ես ձեռք կբերեի այդ շինանյութը շուկայից,- ասում է Միհրան Պողոսյանը:- Իշխան Հովհաննիսյանը, եթե օժանդակություն ցուցաբերեր նախաքննական մարմնին և փաստարկներ ներկայացներ իր ծախսերի համար, մենք հնարավորություն կունենայինք գնահատել՝ արդյոք դրանք իրական ծախսեր են եղել, թե ոչ: Դեպքեր ունենք, որ ինչ-որ աշխատանքների կատարման համար ծառայությունների վճար են կատարել, բայց ծառայություններն իրականում չեն մատուցվել»:

Միհրան Պողոսյանն օրինակ է բերում Ահարոն Ադիբեկյանի հետ փոխկապակցված ընկերության հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը: Սակայն նշում է, որ քննությունը պետք է պարզի՝ արդյոք հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությանը նման պայմանագիր էր պետք կնքել, թե ոչ:

«660 հազար դոլար է ուղարկվել Կանադայից, բայց փաստացի կատարված աշխատանքներն անառարկելիորեն նվազ են»,- ասում է փաստաբանը:

Քրեական գործն այժմ Քննչական կոմիտեի վարույթում է, հոդվածը վերաորակվել է, և քրեական գործն այժմ քննվում է ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ խոշոր չափով յուրացում կատարելը:

2019թ. մարտի 20-ին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իշխան Հովհաննիսյանին նույն հոդվածով այն բանի համար, որ վերջինս, 2012թ. սեպտեմբերի 10-ից մինչև 2016թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում, լինելով ընկերության տնօրեն, յուրացման նպատակով դիտավորությամբ ընկերությունից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումար:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Ա. Աբրահամյանը Իշխան Հովհաննիսյանի մեղադրանքը հիմնավորել է հետևյալ փաստերով.

1. Իշխան Հովհաննիսյանը գումար յուրացնելու նպատակով ձևական պայմանագրով «ՈՒԱԶ 3303» մակնիշի ավտոմեքենան 2010թ. հոկտեմբերի 5-ին գրանցել է Կառլեն Հուսիկի Հակոբյանի անվամբ, որից հետո 2013թ. ապրիլի 2-ից մինչև 2015թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որպես այդ նույն մեքենայի վարձակալության վճար՝ Կառլեն Հակոբյանի անվամբ ընկերության հաշվից ելքագրել է 1 մլն 470 հազար դրամ գումար, հափշտակել է այն:

  1. 2013թ. հունիսի 2-ից մինչև 2015թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս 2010թ.-ից իրեն փաստացի պատկանող «ԷՕ2621» մակնիշի էքսկավատորի վարձակալության համար, որպես վարձավճար, Սաշիկ Ասատրյանի անվամբ ընկերության հաշվից ելքագրել է 9 մլն 560 հազար դրամ գումար, հափշտակել է այն:
  2. 2014թ. մարտի 10-ին կնքված առքուվաճառքի պայմանագրով որդու՝ Արթուր Հովհաննիսյանի անվամբ 20 մլն դրամ գումարով Արարատի մարզի Արբաթ համայնքի 7-րդ փողոցի 3-րդ հասցեում ձեռք է բերել հողատարածք իր պահեստարաններով, որի ձեռքբերման գումարի մի մասը՝ 10 մլն 560 հազար դրամ, 2013թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2015թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ընկերության հաշվից ելքագրել է Պետրոս Պետրոսյանի անվամբ, որպես այդ բազայի կանխավճար, իսկ 1 մլն 385 հազար 100 դրամ վճարել է Արբաթ համայնքի գյուղապետարանին, որպես հողատարածքի կադաստրային արժեք, ընկերությունից յուրացրել է շուրջ 12 մլն դրամ: 
  3. 2015թ. հունվարի 29-ին որդու անվամբ ձեռք է բերել «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենա, որի ձեռքբերման համար ընկերության հաշվից ելքագրել է 1 մլն 175 հազար դրամ:
  4. Իրեն պատկանող «KRAZ 250» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որը ձեռք էր բերել 2 մլն դրամով, 2013թ. օգոստոսի 9-ին ձևական առքուվաճառքի պայմանագրով գրանցել է եղբոր՝ Ամատունի Հովհաննիսյանի փեսա Արկադի Վազգենի Թամազյանի անվամբ, որից հետո 2013թ. օգոստոսի 21-ին կնքված պայմանագրով Արկադի Թամազյանը նշված ավտոմեքենան 9 մլն դրամով վաճառել է ընկերությանը, իսկ ստացված գումարները բանկում փոխանցել է Իշխան Հովհաննիսյանին, ինչի արդյունքում վերջինս յուրացրել է 7 մլն դրամ:

Այսպիսով, 2012թ. սեպտեմբերի 10-ից մինչև 2016թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, ընկերության բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա ստացել և յուրացմամբ հափշտակել է «Պոլիմետ»-ին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի՝ 31 մլն դրամի գումար:

Իշխան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Արբատի բազան ավելի շուտ էին որոշել գնել այնտեղ փայտանյութի վերամշակման տարածք դարձնելու նպատակով, սակայն հետագայում, երբ Վազաշենի նախագիծը սկսել են, որոշել են, որ այն կծառայի որպես բազա: Թե ինչու պետք է այդքան հեռու լիներ հանքի բազան, Ի. Հովհաննիսյանը պատասխան ունի. «Արփա-Սևան թունելի բազան էլ է Երևանում»,- ասում է նա: Իսկ գնված տեխնիկան, ըստ Հովհաննիսյանի, ծառայում էր և հետագայում էլ օգտագործվելու էր հանքի գործունեության համար: 

Այս քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ահարոն Ադիբեկյանը: 

«Մենք կարծում ենք, որ քրեական գործով Իշխան Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելու որոշմամբ ամբողջությամբ չի փաստարկվել և չի ներառվել Իշխան Հովհաննիսյանի և նրա հետ փոխկապակցված անձանց հափշտակությունները «Պոլիմետ»-ից: Մեծ ծավալի գումարային վատնումներ և յուրացումներ կան, որոնք էս պահին չեն արձանագրվել քննչական մարմնի կողմից, բայց հուսով ենք, որ նախաքննության ընթացքում այդ գործողությունները ևս գնահատականի կարժանանան»,- ասում է փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Իշխան Հովհաննիսյանն իր բացատրությունում գրել է, որ 2010թ.-ին իր միջոցներով գնացել և հետազոտել է Վազաշենի հանքավայրը, սուտ է խոսում: 2012թ.-ին Իշխանին էդ հանքի տեղը ցույց են տվել վազաշենցի Վոլոդյան և Արկադին: Նրանց է խնդրել, որ հանքի տեղը ցույց տան: 2010թ.-ից առանց թույլտվության իրեն ո՞վ էր թույլ տվել, որ աշխատանք անի»,- հակադարձում է հանքի պետ Զավեն Մարտիրոսյանը:

Այդ ամենին զուգահեռ՝ «Պոլիմետ»-ը դեռևս չվճարված աշխատավարձեր և պայմանագրային պարտավորություններ ունի: Հանքի պետն ասում է, որ իրեն 1,6 մլն դրամ աշխատավարձ չի վճարվել: Երկրաբանին՝ շուրջ 2 մլն դրամ, բանվորներին ևս աշխատավարձեր են պարտք:

«Չկատարած հանցանքի համար որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու խնդիր չունենք, մեր խնդիրն այն է, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է օտարերկրյա ներդրում կատարողին հեռավորության պատճառով գցեն էն իրավիճակի մեջ, որ անհիմն ծախսումներ, վատնումներ իրականացնեն, և դա բավական չէ, նաև իրացումներ իրականացնեն: Իրենք պետք է ներկայացնեն, թե որ գումարի հետ ինչ գործողություն է իրականացվել»,- ասում է փաստաբան Մ. Պողոսյանը:

Հանքաքարի արդյունահանման դեպքը քրեական գործում չի արտացոլվել

«2014թ.-ին Իշխանն ինձ կանչել է, ասել է՝ Զավեն ջան, արի հանքի պետ: 2014թ. օգոստոսին գնացել ենք Վազաշեն, տուն ենք վերցրել, ռեմոնտ ենք արել, որ կարողանանք մնալ: 2014թ.-ի դեկտեմբերից սկսել ենք հետախուզական աշխատանքները: Գտնելը՝ ահագին բան գտանք, բայց քանակությունը ես չեմ կարող ասել, լաբորատորիան է ստուգել, դա ինձ չի էլ հետաքրքրել: Ինձ ասել են հանեք՝ ես հանել եմ, հլը ահագին էլ էնտեղ մնացել է՝ մեշոկների մեջ լցրած»,- պատմում է հանքի պետը:

Ուսումնասիրություններ իրականացնող խումբը Վազաշենում աշխատել է շուրջ 10 ամիս: 2015թ. գարնանը Վազաշենում դադարեցվել են աշխատանքները: Սակայն հանքի լեռնային մատյանում Զավենը նշումներ է կատարել հանքանյութի տեղափոխման մասին: 

«Ինքը գիտեր՝ մեջն ինչ կա, կանալները որ բացում էինք, երկրաբանները պրոբներ էին վերցնում, բերում էին Երևան՝ լաբորատորիա: Կարմիր քարի 3-րդ երակից մենք հանել ենք 70-75 տ հանքաքար: Ինքը պիտի տաներ պլանային մշակման»,- հաստատում է Զավեն Մարտիրոսյանը:

Այդ ընթացքում կանադական կողմի ներկայացուցիչներն են եկել, և սկսվել են Իշխան Հովհաննիսյանի և կանադական կողմի տարաձայնությունները:

Իշխան Հովհաննիսյանն էլ իր հերթին հանքից հանքանյութի հանման և գողության մասին առանձին հաղորդագրություն է տվել և հայտնել, որ Գայայանի ղեկավարությամբ է այդ հանքանյութը հանվել, սակայն հանցակազմի բացակայության հիմքով այդ գործի վարույթը կարճվել է: Գործով հաստատվել է, որ նման դեպք տեղի չի ունեցել: Այսինքն՝ այն ժամանակ, երբ Վ. Ժ. Գայայանը զբաղեցրել է տնօրենի հաստիքը, հանքանյութի հանույթ հանքից տեղի չի ունեցել: Համաձայն պետռեգիստրի՝ Ժայռենց Գայայանը «Պոլիմետ»-ի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2016թ. փետրվարի 22-ին:

Պայքար՝ Վազաշենի ուսումնասիրության լիցենզիայի համար

Վազաշենի հանքավայրում ուսումնասիրություններն ավարտելու համար Վ. Ժայռենց Գայայանը նոր ընկերություն է գրանցել, քանի որ «Պոլիմետ»-ը հայտնվել է այս պատմության մեջ, իսկ ընկերության փաստաթղթերը Իշխան Հովհաննիսյանը չի փոխանցել կանադական կողմին, և դրանով գործը շարունակելու հնարավորություն չի եղել: Գրանցել են «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն:

Միաժամանակ՝ Իշխան Հովհաննիսյանն է նոր ընկերությամբ՝ «Գոլդ պլյուս» ՍՊԸ-ով, փորձում ստանալ նույն լիցենզիան: Վերջինս ասում է, որ Ղազախստանից գործարար կա, ով ներգրավվելու է և ներդրումներ է ապահովելու: Ոչ շատ հարուստ, բայց բավարար պաշարներ կան արդյունահանման համար: Լաբորատոր ուսումնասիրություններով պարզվել է, որ հանքաքարում ոսկու պարունակությունը 3,4 գրամ է, արծաթինը՝ 10-12 գրամ, պղնձինը՝ 0,6-08 գրամ:

Վ. Գայայանն ասում է, որ Վազաշենի մշակույթի տանն է գրանցել ընկերությունը, քանի որ գրասենյակ դեռևս չունի Հայաստանում: Ինքը Երևանում բնակարան է վարձում: Գերատեսչությունների հետ նամակագրությունները պետք է որևէ հասցեով գնան, և որոշել են Վազաշենի գյուղապետից իրավաբանական հասցե խնդրել,գյուղապետը չի մերժել:

Փետրվարի 27-ին հանրային լսումները Վազաշենում չկայացան: Այնտեղ էր նաև Իշխան Հովհաննիսյանը: Վերջինս փորձ էր անում հակաքարոզչություն իրականացնել՝ վտանգավոր որակելով հանքի շահագործումը: Մինչդեռ ինքը խոստանում է անվտանգ՝ ստորերկրյա մեթոդով արդյունահանել, որը ոչ միայն անվտանգ է, այլ նաև պոչանք չի առաջացնում: Նույնն էլ Գայայանն է պնդում:

Նշենք, որ Վազաշենի հանքավայրում խորհրդային տարիներին ուսումնասիրություններ են արվել և 6 թունելներ փորվել: Մինչ այժմ այդ թունելներից են օգտվել ուսումնասիրողները: Փոքր-ինչ բարեկարգել են, հանքանյութ հանել: 

Հանքի պետ Զավեն Մարտիրոսյանն էլ է պնդում, որ իրենք բնությանը որևէ վնաս չեն տվել և չեն կարող պատճառել, քանի որ, եթե նույնիսկ արդյունահանում լինի, պիտի միմիայն արդեն փորված թունելներից լինի: Հանքավայրը բաց եղանակով չի աշխատելու: Այսինքն՝ ոչ ծառ է կտրվելու, ոչ փոշի է լինելու: Հանքաքարը հանվելու և միանգամից տեղափոխվելու է հարստացուցիչ գործարան:

Զավենը նաև ասում է, որ բնապահպանների փաստերը, թե իբրև տարածքն անտառապատ է, իրականությանը չի համապատասխանում: Ժանգոտ ձորի հատված իրենք դեռ չեն մտել, իսկ Կարմիր քարի տեղամասում անտառներ չկան: «Անտառածածկ հատված կա, բայց դա հակառակորդի ուղիղ նշանառության տակ է, և այնտեղ աշխատել հնարավոր չէ»,- նշում է հանքի պետը և մեր այցելության ժամանակ ցույց տալիս այդ տարածքները:

Վազաշենում որևէ աշխատատեղ չկա, և բնակիչները հույս ունեն, որ հանքի աշխատանքների դեպքում կներգրավվեն և կաշխատեն: Զավենի ասելով՝ 210 հոգի առնվազն պիտի ներգրավվի թունելներում մի քանի հերթափոխով աշխատելու համար, եթե որոշեն արդյունահանում իրականացնել: 

Հանքավայրին դեմ գյուղի մի քանի երիտասարդներ ևս իրենց կարծիքը հայտնեցին, սակայն նկարահանվել չցանկացան: Նրանց հետ զրույցներից պարզվեց, որ դեմ լինելը հանքավայրի «վտանգավոր» լինելով է պայմանավորված, ինչի մասին, սակայն, այնքան էլ տեղեկացված չէին:

Քանի դեռ ընթանում է քրեական գործով նախաքննությունը, զուգահեռաբար երկու կողմն էլ շարունակում է պայքարը Վազաշենի հանքավայրի ուսումնասիրության նոր լիցենզիայի համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter