HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ըստ պաշտպանների՝ «Նորատուսցի Ալիկից» անբարեխիղճ կերպով ՔԿՀ-ում ձայնի նմուշ են վերցրել ու դրել մեղադրանքի հիմքում

«Լիա» գեղեցության սրահում տեղի ունեցած սպանության գործով անցնող Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը պահանջում է ճանաչել և հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը: Պետրոս Իսրայելյանը հայտնի է «Չարբախցի Գեղամ» մականունով: Վերջինս մեղադրվում էր 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում երկու անձանց կյանք խլած միջադեպի ժամանակ Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ, սակայն առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, Իսրայելյանին վերագրվող սպանության հոդվածը վերաորակել է դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնել, նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, ապա համաներմամբ ազատ արձակել դատարանի դահլիճից:

Դահլիճից ազատվել է նաև նույն քրեական գործի շրջանակներում ծանր մարմնական վնասվածք հասցնելուն դրդելու մեջ մեղադրվող Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը: Նրան, ինչպես նաև հանցագործության նախապատրաստման մասին իմանալու և իրավապահներին այդ մասին չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանին` Բդոյին, դատարանն արդարացրել է:

Ամբաստանյալների վերաբերյալ այս դատավճիռը բողոքարկվել է և՛ Պետրոս Իսրայելյանի պաշտպանի, և՛  Դատախազության կողմից: Նախորդ երկու դատական նիստերի ընթացքում մեղադրանքը պաշտպանող Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրել է իր բողոքը, այսօր բողոքն ավարտին հասցրեց նաև Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Եթե վերջինս պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին, ապա Դատախազության պահանջը երեք ամբաստանյալներին մեղավոր ճանաչելն ու նրանց 1-ից մինչև 14 տարի ազատազրկման դատապարտելն է:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել:

Մեղադրանքում առկա է ձևակերպում, համաձայն որի՝ «Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով առողջությանը ծանր վնաս հասցնելու հորդորներ են եղել», և այս ամենը Պետրոս Իսրայելյանի մոտ հանցագործությունը կատարելու վճռականություն է հարուցել:

Ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի՝ Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանը պաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել:

Իր բողոքում Միհրան Պողոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը գործի դատաքննության ընթացքում ձեռք բերված և հետազոտված թույլատրելի ապացույցների վերլուծության արդյունքում հիմնավորված է համարել, որ դեպքի օրը գեղեկցության սրահի նկուղային հարկում  եղել են Գևորգ Ավետիսյանը, Պետրոս Իսրայելյանը, Արամ Պետրոսյանը, Արտակ Նազարյանը, Գոռ Իսրայելյանը, Արսեն Սիմոնյանը, Արման Հարությունյանը ( վերջիններս Իսրայելյանի մտերիներն են, հեղ.)  և Մուշեղ Մուշեղյանը. մյուս անձանց ինքնությունները հնարավոր չի եղել պարզել:

Ըստ դատարանի` հաստատվել է նաև, որ Մուշեղ Մուշեղյանը ատրճանակ է կիրառել, իսկ Գևորգ Ավետիսյանը՝ դանակ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառվել է դանակի մեկ հարվածի հետևանքով առաջացած ծակած-կտրած որովայնի խոռոչի աջ հատվածը թափանցող վիրավորման և «մակարով» տեսակի ատրճանակից արձակված մեկ կրակոցի հետևանքով առաջացած որովայնի խոռոչի հրազենային գնդակային կույր վիրավորման տեսքով, որոնք հանգեցրել են տրավմատիկ հեմոռագիկ շոկի և գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ նրա մահվան անմիջական պատճառի հետ:

Ըստ դատարանի՝ դատաբժշկական փորձաքննությամբ հնարավոր չի եղել տարանջատել և կատեգորիկ հետևություն անել, թե նշված երկու վնասվածքներից կոնկրետ ո՞րն է բերել տրավմատիկ հեմոռագիկ շոկի և հանգեցրել Մուշեղ Մուշեղյանի մահվանը: Հաստատված է նաև, որ Մուշեղ Մուշեղյանին դանակով վիրավորումը հասցրել է Գևորգ Ավետիսյանը, իսկ  հրազենային գնդակային կույր վիրավորումը ինքն իրեն է պատճառել:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատվել է նաև, որ առաջինը հրազեն գործադրվել է Մուշեղ Մուշեղյանի կողմից. վերջինս ատրճանակից արձակված կրակոցներով Գևորգ Ավետիսյանին պատճառել է թվով 4  հրազենային գնդակային վնասվածք: Ըստ առաջին ատյանի դատարանի դատավճռի՝ հանգուցյալ Գևորգ Ավետիսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա գործողություններն եղել են իրավաչափ:

Անդրադառնալով այս հանգամանքին և հիշեցնելով վերը թվարկված մյուս հանգամանքները՝ պաշտպան Միհրան Պողոսյանը հարց բարձրացրեց, որ եթե դատարանն անհրաժեշտ պաշտպանություն է որակել Գևորգ Ավետիսյանի գործողություններն, ապա ինչո՞ւ Պետրոս Իսրայելյանը չէր կարող անհրաժեշտ պաշտպանության դիմած լինել:

Ստացվում է, որ դատարանը կարողացել է անհատականացնել Գևորգ Ավետիսյանի գործողություններն ու դրանք գնահատել անհրաժեշտ պաշտպանություն: Մինչդեռ թե կոնկրետ ինչ գործողություններ է կատարել Պետրոս Իսրայելյանը, դատարանը չի անհատականացրել:

Պողոսյանը մեջբերեց դատավճռի պատճառաբանական մասը, համաձայն որի՝ «Պետրոս Իսրայելյանը այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանին պատճառել է այն բոլոր մարմնական վնասվածքները, որոնք վերջինիս մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում»:

Սակայն ըստ պաշտպանի՝ դատավճռում առկա չէ որևէ պատճառաբանություն, թե ի՞նչն է դատարանին հիմք տվել եզրակացնել, որ Մուշեղ Մուշեղյանի մոտ առկա վերը նշված վնասվածքները պատճառել է հենց Պետրոս Իսրայելյանը՝ այլ անձանց հետ: Պաշտպանը դիրքորոշում հայտնեց, որ Պետրոս Իսրայելյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու միակ պատճառը քրեական գործի հասարակական հնչեղությունն էր. հասարակության համար անընդունելի կլիներ, որ որևէ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվեր միջադեպից հետո, որի ընթացքում երկու անձ է մահացել:

Դատավոր Սերգեյ Մարաբյանի ճշտող հարցին, այսինքն՝  ըստ պաշտպանի՝ դատավճիռը կաշկանդվածության պայմաններո՞ւմ է կայացվել, Պողոսյանը պատասխանեց, թե դա միակ ողջամիտ ենթադրություն է՝  հաշվի առնելով, թե ինչ ապացույցների պայմաններում է կայացվել մեղադրական դատավճիռը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձավ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի բողոքում տեղ գտած հիմնավորումներին:

Սարգսյանը նշեց, որ մեղադրողն իր վերաքննիչ բողոքում հետևյալ արտահայտություններն է արել. «դատարանը կեղծ տպավորություն է ստեղծել», «դատարանն այս կերպ կեղծել է իրականությունը»: Ըստ Երեմ Սարգսյանի՝ եթե դատախազությունն իսկապես ունի փաստական տվյալներ կամ տպավորություն, որ դատարանը կեղծել է այս կամ այն տվյալն, ապա չէր կարող օրենքով սահմանված կարգով համապատախան գործողություններ չկատարել:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ գործով որևէ կերպ չի հիմնավորվել, որ Ալիկ Բանդուրյանը  կատարել է ավարտված հանցագործոթյուն՝ մասնավորապես՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու դրդչություն կամ կազմակերպում:

Սարգսյանը հիշեցրեց, որ ըստ գործի նյութերի՝ Ալիկ Բանդուրյանի դիտավորության մեջ մտել են բոլոր այն վնասվածքները, որոնք  Մուշեղ Մուշեղյանի մահը չեն առաջացրել:

«Փորձագետի  եզրակացության համաձայն՝ Մուշեղ Մուշեղյանի մարմնի վրա եղել են երկու ծանր մարմնական վնասվածքներ՝ մեկը դանակի հարվածքով, որը Գևորգ Ավետիսյանն է պատճառել, մյուսը՝ հրազենով: Այս երկուսը նաև մահ են պատճառել: Եթե այս երկու վնասվածքը Ալիկ Բանդուրյանի դիտավորության մեջ չեն մտել, ուրիշ ծանր մարմնական վնասվածք որտե՞ղ եք տեսնում»,- հարցրեց Երեմ Սարգսյանն, ապա նշեց, որ այլ ծանր մարմնական վնասվածք Մուշեղյանը չի ստացել, հետևաբար չի կարող խոսք լինել ծանր մարմնական վնասվածք պատճառելուն դրդելու ավարտված հանցագործության մասին:

«Բայց սա չի նշանակում, որ ես ասում եմ, թե Ալիկ Բանդուրյանի պարագայում առկա է հանցափորձ»,- ասաց Սարգսյան ու նշեց, որ գործում առկա չէ Ալիկ Բանդուրյանի կոնկրետացված դիտավորությունն ապացուցող հանգամանք:

«Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից բխում է, որ չկոնկրետացված դիտավորության պարագայում խոսք լինել չի կարող հանցափորձի կամ հանցագործության  դրդելու մասին»,- նշեց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը հիշեցրեց, որ գործում որպես ապացույց դրված են ամբաստանյալ Արմեն Գասպարյանի «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և Ալիկ Բանդուրյանի նկատմամբ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջացառումների արդյունքում ձեռք բերված նյութեր, որոնք, մեղադրող կողմի դիրքորոշմամբ,  գործով կարևորորագույն ապացույցներ են: Նշենք, որ այս միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներ կան ինչպես հանցագործության նախապատրաստման, այնպես էլ «Լիա»  գեղեկցության սրահում տեղի ունեցած իրադարձություներից հետո կատարվող որոշակի գործողությունների վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանը դատավճռով գտել է, որ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք վերված տվյալները ճանաչել է անթույլատրելի, և գտել, որ գործում առկա մյուս ապացույցները բավարար չեն՝ ամբաստանյալներին մեղսագրվող արարքները հիմնավոր որակելու համար:

Երեմ Սարգսյանը նշեց, որ Ալիկ Բանդուրյանի ձայնը նույնացրել են՝ համեմատելով նրա նկատմամբ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման և Արմեն Գասպարյանի նկատմամբ իրականացված հեռախոսային գաղտնալսման արդյունքում ձեռք բերված ձայները:

Երեմ Սարգսյանը հարց բարձրացրեց, թե արդյոք միայն օպերատիվ աշխատակցի հավաստիացումը, թե դրանում լսվողը Ալիկ Բանդուրյանի ձայնն է, բավարար ապացույց է՝  հաստատված համարելու այդ հանգամանքը:

«Ստացվում է, որ եթե օպերատիվ աշխատակիցն ասում է, որ սա Ալիկ Բանդուրյանի ձայնն է, ուրեմն բոլորը պիտի այդ հանգամանքն ընդունե՞ն»,- նշեց Երեմ Սարգսյանը:

Գործի քննության ընթացքում մեղադրող կողմը բազմիցս ասել է, որ Ալիկ Բանդուրյանի նկատմամբ իրականացված «ներքին դիտում» ՕՀՄ-ի նպատակը եղել է տեղի ունեցած հանցագործության, դրա այլ հանցակիցների բացահայտումը: Երեմ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ միջոցառման նպատակն այլ է եղել՝ Ալիկ Բանդուրյանից ձայնի նշում վերցնելը: Ըստ պաշտպանի՝ ակնհայտ է, որ քննություն իրականացնող մարմինը բարեխղճորեն չի գործել:

Դատավոր Սերգեյ Մարաբյանի հարցին՝ Ալիկ Բանդուրյանին առաջարկվե՞լ է, որպեսզի նրանից ձայնի նմուշ վերցվի, արձագանքեց Արմեն Գասպարյանի պաշտպան Լուսինե Ավագյանը՝ նշելով, թե նման առաջարկ չի եղել, և Երեմ Սարգսյանը հաստատեց այդ հանգամանքը:

Նշենք, որ Ալիկ Բանդուրյանի նկատմամբ ներքին դիտումն իրականացվել է քրեակատարողական հիմնարկում՝ ՔԿՀ աշխատակցի աշխատասենյակում: Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ ներքին դիտումն իրականացվում է անձի բնակարանում և նկատեց, որ ՔԿՀ աշխատակցի աշխատասենյակը Բանդուրյանի բնակարանը չէր:

Անդրադառնալով օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներին՝ Երեմ Սարգսյանն, ինչպես նաև մյուս պաշտպանները կասկածի տակ դրեցին դրանց ձեռքբերման օրինականությունը: Նշենք, որ անօրիանական  ճանապարհով ձեռք բերված ապացույցը չի կարող դրվել մեդադրանքի հիմքում:

Միհրան Պողոսյանը նշեց, որ ամբաստանյալ Արմեն Գասպարյանի նկատմամբ  «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել մեկ այլ հանցագործության համար, որը ծանր կամ առանձնապես ծանր չէր:  Ըստ պաշտպանի՝ այս պահին Գասպարյանը դրանով որևէ կարգավիճակ չունի և չի էլ ունեցել: Այդ գաղտնալսումների արդյունքում է, որ բացահայտվել է «Լիա» գեղեցկության սրահի սպանությունը:

Գործի դատաքննության ընթացքում պաշտպանները դատարանին միջնորդել են դիմել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ու պահանջել Արմեն Գասպարյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և Ալիկ Բանդուրյանի նկատմամբ «ներքին դիտում» իրականացնելու միջնորդությունները դատարանի կողմից բավարարելու գործի նյութերը՝ որոշումների օրինականությունը ստուգելու համար:

Այս նյութերը, սակայն, չեն տրամադրել՝ պատճառաբանելով, թե դրանք օրենքով սահմանված կարգով գաղտնազերծված չեն:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ով արդեն ծավալուն կերպով ներկայացրել է իր բողոքը, կարճ խոսեց: Անդրադառնալով  օրենքով պաշտպանված գաղտնի նյութերը գաղնտազերծելու պահանջին՝  Բաղդասարյանը նշեց, որ օրենքով պահպանված գաղտնիքը չի կարող նսեմացվել արդար դատաքննության նկատմամբ:

«Ես չլսեցի, թե դուք ի՞նչ օբյեկտիվ պատճառներով եք կասկածի տակ դնում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու որոշման օրինականությունը»,- դիմելով պաշտպանության կողմին՝ ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Անդրադառնալով պաշտպանության կողմի այն դիտարկմանը, որ միայն օպերատիվ մարմնի աշխատակցի հավաստիացումն այն մասին, որ ՕՀՄ-ի արդյունքում ձեռք բերված տվյալում Ալիկ Բանդուրյանի ձայնն է, բավարար չէ՝ դա հաստատված համարելու համար, մեղադրողը հարցրեց, թե արդյոք պաշտպանական կողմի համար արատավոր պրակտիկա է ՕՀՄ իրականացնելու լիազորություն ունեցող մարմնին հավատալը:

«Ուրեմն այս դատական նիստի կրիչն էլ պետք է փորձաքննության ենթարկենք՝ պարզելու համար՝ մենք ենք խոսում, թե ոչ»,- ասաց  Գևորգ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Միհրան Պողոսյանի այն պնդմանը, թե միջադեպի մասնակիցների, մասնավորապես՝ իր պաշտպանյալ Պետրոս Իսրայելյանի գործողությունները չեն անհատականացվել՝ Գևորգ Բաղդասարյանը հիշեցրեց, որ ըստ մեղադրանքի՝ Պետրոս Իսրայելյանը և գործով չպարզված անձինք, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հարվածներ են հասցրել:

«Ես չգիտեմ՝ դրանից ավելի ի՞նչ որոշակիություն է ակնկալվում: Եթե ակնկալվում է, որ մեղադրանքի ձևակերպման մեջ պետք է նշվի՝ ով ում մարմնի որ հատվածին ինչով և ինչ ուժգնությամբ հարվածեց, և դրանից հետո ինչ գործողություն եղավ, դա աբսուրդ է, այդպիսի որոշակի մեղադրանք գոյություն չունի»,- ասաց դատախազը:

Այսօրվա նիստը ավարտվեց, հաջորդը հունիսի 25-ին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter