
«Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի փորձ կատարած դատապարտյալ Դավիթ Գալստյանը 10 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից
«Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի փորձ կատարած դատապարտյալ Դավիթ Գալստյանն, ով անցնում էր հայտնի «Բանդայի» գործով, տասը ժամով հեռացվեց նիստերի դահլիճից: Վերջինս ագրեսիվ վարքագիծ դրսևորեց այն բանից հետո, երբ դատավորը մերժեց փախուստի գործով մյուս ամբաստանյալի՝ Վլադիմիր Մինասյանի խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով:
Գալստյանը 2014 թվականին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 15 տարի ազատազրկման մի խումբ հայտնի անձանց նկատմամբ ավազակային հարձակում կատարելու գործի շրջանակներում, որը հայտնի է «բանդայի գործ» անունով: Նրա վերաբերյալ կայացված դատավճռով հաստատված է համարվել հանգամանքը, որ Գալստյանը 2011թվականի մայիսի սկզբին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային, ապա բանդայի կազմում մասնակցել է 2011թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին:
«Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմելու փորձը կատարվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին: Ըստ գործի նյութերի՝ Դավիթ Գալստյանն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից հետազոտության նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ մեղադրանքի՝ Գալստյանն իր մտերիմ Վլադիմիր Մինասյանի օժանդակությամբ, զենքի գործադրմամբ փորձել է փախուստի դիմել, և գտնվելով հիվանդասենյակում՝ հափշտակել է իր պահպանությունն իրականացնող Հարություն Շախպազյանին ամրակցված ատրճանակը, զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց` Արթուր Մարուքյանին, Աշոտ Աշոտյանին, Հարություն Շախպազյանին սպանելու դիտավորությամբ, հափշտակած ատրճանակից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ամբաստանյալների փախուստը կանխվել է ՔՀԿ-ի և բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից: Փախուստի գործի շրջանակներում Գալստյանը մեղադրվում է սպանության փորձի, ապօրինի զենք կրելու, հափշտակելու, ազատազրկման վայրից զենքի սպառնալիքով և այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ փախուստի փորձ կատարելու մեջ: Վլադիմիր Մինասյանը մեղադրվում է վերը նշված արարքին օժանդակելու, սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեջ:
Երբ դատարանը հրապարակեց Մինասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու որոշումը, ամբաստանյալ Դավիթ Գալստյանը, դիմելով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ բղավեց. «Քոչարյանին էդ ձև երկու ձեռքով պահեիր», ապա վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Պետրոսյանի հասցեին: Նշենք, որ Պետրոս Պետրոսյանը դատավարական ղեկավարում է իրականացնում Մարտի 1-ի գործից անջատված մասով, որով անցնում է Ռոբերտ Քոչարյանը:
«Ես սրանից հրաժարվում եմ»,- շարունակելով ասաց Գալստյանը: Պետրոսյանը բարձր տոնով հորդորեց «հանգստանալ», դատարանը մի քանի անգամ փորձեց Գալստյանին զգուշացնել, որ կհեռացվի նիստերի դահլիճից, բայց ապարդուն, որից հետո դատավորը որոշեց հեռացնել նրան: Գալստյանը հեռացավ դահլիճից՝ շարունակելով վիրավորական արտահայտություններ հնչեցնել Պետրոսյանի հասեցին:
Ամբաստանյալը դեռ նոր էր դուրս տարվել դատարանի դահլիճից, երբ նրա «կիսատ թողած գործը» շարունակեց նրա հարազատներից մեկը՝ միջին տարիքի մի կին:
«Քոչարյանին ո՞նց կարելի ա»,- ասաց կինը:
«Տիկին, դուք նույնպես կարող եք հեռացվել նիստերի դահլիճից»,- զգուշացրեց դատավոր Մեսրոպ Մակյանը:
«Ով երեխաներին պահում ա, նա էլ կմտնի դահլիճ»,- հայտարարեց կինը:
Դատավորը նրան նկատողություն հայտարարեց դատական նիստի կարգը խանգարելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
«Մի տասնհինգ տարի էլ ինձ տուր»,- շարունակեց կինը, և դատավորը նրան մինչև այս գործի ավարտը հեռացրեց նիստերի դահլիճից:
Մինչ այս միջադեպը դատարանում ցուցմունք տվեց տուժող Աշոտ Աշոտյանն, ով դեպքի ժամանակ եղել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակից: Տուժողի խոսքով` երբ Գալստյանին ՔԿՀ-ից բերել են բժշկական կենտրոն, այնտեղ իրենց դիմավորել է ամբաստանյալ Վլադիմիր Մինասյանն ու ներկայացրել որպես Գալստյանի բարեկամ:
Վլադիմիր Մինասյանը վճարովի պալատ է վերցրել, մինչև Գալստյանի փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծվեն: Երբ իրենք պալատում են եղել, ներս է եկել Վլադիմիր Մինասյանը` ձեռքին սպորտային պայուսակ: Հարցրել են` ինչ է դրա մեջ, Մինասյան ասել է, թե սպորտայի հագուստ է, ապա պայուսակի միջից ինքնաձիգ է հանել, բայց ՔԿՀ աշխատակիցներից մեկն ու ինքը կարողացել են նրա ձեռքից վերցնել այն: Այս ընթացքում հնչել է կրակոց: Ըստ Աշոտ Աշոտյանի` Մինասյանի հետ քաշքշուկի ընթացքում ինքը կռփազենքից հարված է ստացել:
Նայելով դռան կողմը՝ Աշոտյան, ըստ իր խոսքի, տեսել է, որ Դավիթ Գալստյանը փորձում է իրենց մեկ այլ աշխատակցի` Հարություն բազյանի ձեռքը ոլորելու միջոցով վերցնել նրա զենքը, սակայն Հարություն Շախպազյանին հաջողվել է ատրճանակից դուրս բերել պահունակը: Դրանից հետո Գալստյանը փորձել փախչել սակայն ինքն ու Շախպազյանը հետապնդել են Գալստյանին, և հիվանդանոցի անվտանգության աշխատակցի օգնությամբ նրան բռնել առաջին հարկում:
Այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդը հունիսի 14-ին է:
Մեկնաբանել