HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաները «Հետքում»․ այցելություն կենդանիների կլինիկա

«Հետքը» և Մուղդուսյան արվեստի կենտրոնը երեխաների խմբագրություն են ստեղծել՝ հունիսի 1-ի հատուկ թողարկումը պատրաստելու նպատակով։ Երեխաներն ընտրել են թեմաները, կազմել հարցերը, վարել հարցազրույցները և կատարել նկարահանումները։ «Հետքի» թիմը նրանց օգնել է՝ աշխատանքը կազմակերպելու  հարցում։

photo1.jpg (172 KB)

Աննան և Արեգն այցելել են «Վետ լայն» կենդանիների կլինիկա, որտեղ ծանոթացել են անասնաբուժության մանրամասներին, ինչպես նաև տնային կենդանիների վարքի հետաքրքիր կողմերին։ Անասնաբույժ Գոհար Ազատյանը երեխաներին պատմեց, որ կլինիկայում հիմնականում բուժում են ստանում շներն ու կատուները, իրականացվում են հետազոտական, բուժման և վիրահատական ծառայություններ։ Կլինիկայում բուժում են ստանում ոչ միայն հատուկ ցեղատեսակի կենդանիները, այլ նաև փողոցային շները, որոնք տուժել են այլ շների հետ կռիվների կամ մարդկանց գործողությունների արդյունքում։

losht.jpg (191 KB)

Լոշտն, օրինակ, փողոցային շուն է։ Ինչ-որ թունավոր սնունդ է ընդունել և աղիքային հիվանդության պատճառով թուլացել է։ Նրան կլինիկա են բերել բակի երեխաները։ Այս պահին ստանում է դեղորայքային բուժում, որից հետո կրկին կվերադառնա բակ։

kucho.jpg (147 KB)

Կուչոն մի օր տնից փախել է, սկսել վազվզել խոտերի մեջ և նկատել սողացող օձի։ Երբ դունչը մոտեցրել է, որ հոտոտի, օձը միանգամից դեմքը խայթել է։ Իր չարաճճիությունից փոշմանած՝ շունը վերադարձել է տուն։ Տերերը նկատել են, որ նա գնալով թուլանում է, իսկ դեմքի վրա օձի խայթոցի հետքեր կան։ Կուչոյին անմիջապես հասցրել են կլինիկա, այժմ նրա վիճակը դրական է գնահատվում։

Ըստ անասնաբույժի՝ շների երկարակեցությունը կախված է ցեղատեսակից։ Որքան փոքր է շունը, այնքան երկարակյաց է։ Գոհար Ազատյանը պատմեց, որ շների վարքագիծն ամբողջովին կախված է նրանց տերերից։ Նույնիսկ ամենաագրեսիվ շունն, ըստ անասնաբույժի, կարող է շատ հանգիստ վարքագիծ դրսևորել՝ ճիշտ դաստիարակություն ստանալու դեպքում։

Կլինիկայում երեխաների գտնվելու պահին ստացիոնար բուժում էին ստանում 6 կատու և 5 շուն։ Երեխաներին հետաքրքրում էր, թե ինչպես են շներն ու կատուները համատեղ գտնվում մի սենյակում՝ առանց միմյանց վրա հարձակվելու։ Գոհար Ազատյանի պնդմամբ՝ շներն ու կատուները կարող են նույնիսկ միասին բնակվել, ամեն ինչ կրկին կախված է կենդանիների տերերից։ Անասնաբույժն ասաց, որ շան և կատվի կռվում, սակայն, միշտ նախահարձակ է լինում կատուն։

Արեգն ու Աննան հետաքրքրվեցին, թե որ ցեղատեսակի շներն են ամենաշատը սիրում երեխաներին։ Անասնաբույժը նշեց, որ բոլոր ցեղատեսակի շներն էլ համատեղելի են երեխաների հետ։ Նրանց անհրաժեշտ է միայն ժամանակին պատվաստել, ճիճվաթափ անել և մշակել լվերի ու տզերի դեմ։

Աննան ու Արեգը շեղվեցին հարցազրույցի կեսից և սկսեցին խաղալ կենդանիների հետ։

 

Դիտեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter