HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

CONIFA Sportsbet.io Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը բացեց դռները

Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիսավոր կերպով բացվեց CONIFA Sportsbet.io Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Միջոցառումների մեկնարկից առաջ CONIFA-ի եւ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարությունը հանդես եկան մամուլի ասուլիսով, որտեղ ներկայացրեցին նախապատրաստական աշխատանքները, Արցախում անցկացվող առաջնության առանձնահատկությունները, ինչպես նաեւ սպասելիքները։ «Մեզ անդամակցում են թիմեր բոլոր մայրցամաքներից։ Մենք ներկայացնում ենք 370 մլն մարդու։ Իսկապես զարմացած ենք արցախցիների ջերմ վերաբերմունքից։ CONIFA-ի այս առաջնության առաքելություններից մեկն էլ Արցախը աշխարհին ներկայացնելն է»,-իր խոսքում նշել է CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդը։

«Համոզված եմ, որ Ֆանտաստիկ առաջնություն ենք ունենալու։ Շատ բարձր եմ գնահատում վերջին ամիսների ընթացքում կատարած ահռելի աշխատանքը։ Նաեւ համոզմունք ունեմ, որ Արցախում անցկացված առաջնությունը հետագա բոլոր առաջնությունների համար օրինակ է ծառայելու»,- ասել է CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկիոն։

«Մենք արել ենք ամեն ինչ, որ բարձր մակարդակով անցկացնենք Արցախի համար այս բացառիկ միջոցառումը։ Հիմնանորոգվել են 4 մարզադաշտերը, եւ դրանք միասին կարող են հյուրընկալել մինչեւ 14000 մարզասերների։ Նաեւ ավելի քան 50 մշակութային միջոցառում ենք նախատեսում եւ լայնամասշտաբ բացման արարողություն»,- ներկայացրել է CONIFA Sportsbet.io Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Արցախում նման լայնամասշտաբ միջոցառում անցկացվում է առաջին անգամ է։ Անցյալ տարի CONIFA-ի հերթական առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնելիս Արցախը նպատակ էր դրել ներկայանալ՝ որպես երիտասարդ, սպորտային, ապագային պիտված եւ իր երազանքների հետեւից գնացող երկիր։

«Ցավոք սրտի, ոչ բոլոր նախապես հայտ ներկայացրած հավաքականները կարողացան մասնակցել առաջնությանը, սակայն դա մեզ համար խոչընդոտ չէր իսկական տոն պարգեւելու արցախցուն եւ մեր հյուրերին»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը։

Իսկական տոնը սկսվեց երեկոյան։ Մարզադաշտում հանդիսավոր երթով անցան բոլոր մասնակից թիմերը։ Պաշտոնական բացման խոսքով հանդես եկան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլիդտը։ Պաշտոնական հատվածից հետո մարզադաշտը վերածվեց համերգասրահի, որտեղ Հայաստանի, Արցախի աստղերը տպավորիչ շոու ներկայացրին։ Հատուկ հյուր էր հանրահայտ Մանոլո Ջիփսին, որն իսպանական ռիթմերով վարակեց հանդիսատեսին։ Երեկոն ավարտվեց շքեղ հրավառությամբ եւ Արթուր Գրիգորյանի «Արցախ» ստեղծագործությամբ։

Հունիսի 2-ին արդեն Արցախում կանցկացվեն առաջին ֆուտբոլային խաղերը։

***

ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի եւ լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմին է, որը հիմնադրվել է 2013թ.: Կազմակերպությունը ներառում է 54 ֆեդերացիաներ: ԿՈՆԻՖԱ-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆեդերացիաներին, խաղացողներին հնարավորություն տալ դրսեւորել իրենց կարողությունները, զարգանալ որպես մարզիկներ եւ անհատներ։ CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնությունը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter